122 շարադրություն դուստրերի մասին ՝ մեկը մյուսից հուզիչ ու զգացմունքային:

Այսօր ամփոփվեցին  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և «Մեդիամաքս»  ընկերության համատեղ հայտարարված   «Իմ աղջիկը» հայրիկների շարադրությունների  մրցույթի արդյունքները:  Միփոցառումը տեղի ունեցավ ՄԱԿ- գրասենյակում  Գենդերահեն բռնության դեմ ակտիվիզմի  16-օրյա քարոզարշավի մեկնարկին նվիրված  պաշտոնական ասուլիսից հետո:  

 

Մրցանակակիրներն, ի դեպ,  ներկայացել էին իրենց փոքրիկ արքայադուստրերի հետ միասին: Գարիկ Հայրապետյանը իր խոսքում նշեց, որ երբ հայտարարում էին մրցույթի մասին, ապա չէին սպասում, որ այն այսպիսի լայն արձագանք կստանա, քանի որ հասկանում էին՝ շարադրությունները պետք է գրեն հայրերը, իսկ նրանք  միշտ չէ, որ հակված են  իրենց  զգացմունքները արտահայտել, առավել եւս գրել դրա մասին: Սակայն այդ մտավախությունը փարատվեց, երբ ստացան 122 շարադրություն՝ մեկը մյուսից հուզիչ ու զգացմունքային:

 

«Շարադրություններ կային, որ պետք է խոստովանեմ, կարդալուց, այդ սիրո, ջերմության հորձանքի մեջ հայտնվելով, հազիվ եմ զսպել արցունքներս: Ես հպարտ եմ մեր հայրերով, ովքեր ունեն այդ աղջիկները, ովքեր իրենց սերն ու ցանկությունները, զգացմունքներն արտահայտեցին այդքան մեծ սիրով: Ես համոզված եմ, որ այդ աղջիկները մեծանալու են եւ լինելու են մարդիկ, ովքեր մեծ օգուտ են բերելու մեր հասարակությանը: Նրանք մեծանալու են այդ սիրո եւ հարգանքի մեջ»,- նշել է Գարիկ Հայրապետյանը:

 

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ասաց«  որ մրցույթն, իսկապես, հայտնություն է դարձել: «Ինձ համար այս մրցույթի ամենակարեւոր բանն այն է, որ շատ մարդիկ այդ շարադրությունները գրելու միջոցով վերաիմաստավորեցին իրենց սերը երեխաների հանդեպ», – ասաց նա:

 

Երրորդ տեղը զբաղեցրած Հակոբ Կարապետյանը , ով իր կույրության պատճառով  երբեք չի տեսել դստերը,  և շարադրությունը հենց այդ մասին էր, ասաց, որ իր համար զարմանալի է, թե ինչու պետք է մարդկանց անընդհատ համոզեն, որ չսպանեն իրենց չծնված երեխաներին.

 

«Ի վերջո, եթե մենք այսօր այդ վիճակում ենք, որ մեզ պետք է օգնեն, գումարներ տան, խնդրեն, համոզեն, քարոզարշավներ անեն,  որպեսզի  մենք բռնության չենթարկենք կանանց ու աղջիկներին կամ չսպանենք չծնված աղջիկներին, ապա սա խոսում է այն մասին, որ մենք շատ հետ ենք քաղաքակրթությունից: Ինձ համար անընդունելի է, քանի որ հղիության ընդհատումը բոլոր այն դեպքերում, երբ դա չի սպառնում կնոջ կյանքին, սպանություն է»,- ասաց Հակոբ Կարապետյանը, ում կողքից մի վայրկյան անգամ չհեռացավ երկարավարս գեղեցկուհի դուստրը:

 

Երկրորդ տեղը գրաված Կարեն Կարապետյանը հույս  հայտնեց, որ 122 մասնակիցները, իրենց շարադրություններով, կարողացել են գոնե մի փոքր նպաստել այն աշխատանքին, որը տարվում է հասարակության մտածելակերպը փոխելու համար:  «Հուսով եմ, որ մեր հասարակությունը կգա այն եզրահանգման, որ մարդու սեռը որևէ նշանակություն չունի, կարեւորը մարդ լինելն է»,- ասել է նա:

 

Առաջին մրցանակը ստացած Աշոտ Բադալյանն էլ նշել է, որ իր ընտանիքում երբեք չի առնչվել խտրականության կամ բռնության:  «Հույս ունեմ, որ մենք մեր ընտանիքով ու մեր օրինակով այս ծրագրում ինչ-որ լումա ենք ունենալու` ցույց տալով, որ կարելի է բոլոր հարցերը հաղթահարել սիրո եւ բարության միջոցով»,- ասաց նա:

 

 Լիա Խոջոյան

Լուսանկարները՝ Մեդիամաքսի

 

 

P.S. Մրցույթին ուղարկված բոլոր շարադրությունները կարող եք կարդալ այստեղ

 

 

Դիտումների քանակը` 7170

Գլխավոր էջ