Ազդարարվեց Հայաստանում 16-օրյակի սկիզբը

Այսօր ՄԱԿ-ի  հայաստանյան գրասնեյակում    տեղի ունեցած ասուլիսով  ազդարարվեց  Գենդերահեն բռնության դեմ ակտիվիզմի  16-օրյա քարոզարշավի մեկնարկն: Ասուլիսը   սկսվեց  ՀՀ Կառավարության, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանությունների, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի, Երևանում ԵԽ գրասենյակի,  ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի ու քաղաքացիական հասարակության համատեղ  հայտարարության ընթերցմամբ, որը նվիրված է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան։ 

 

«Տաս տարի առաջ շատ քիչ կանայք կարող էին խոսել ընտանիքում կատարված բռնության մասին»…

 

«ՄԱԿ-ի իրականացրած ուսումնասիրությունները մատնանշում են, որ Հայաստանում կանանց մոտ 60%-ը ենթարկվում է առնվազն մեկ տեսակի բռնության, մինչդեռ կանանց տնտեսական հնարավորություններից զրկելու հետևանքով տարեկան կորուստների ծավալը հասնում է 7 միլիոն ԱՄՆ դոլարի»,-  նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Գարիկ Հայրապետյանը՝ ողջունելով ՀՀ կառավարությանը՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում դրական քայլեր ձեռնարկելու համար, այդ թվում  Ոստիկանությանը՝ ընտանեկան բռնության դեպքերով զբաղվող հատուկ բաժնի ստեղծման համար: Անդրադառնալով  նաև   պտղի  սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդրին ընդգծեց այս ամոթալի երեւույթի  դեմ  պայքարի Գործողությունների ազգային ծրագրի ընդունման կարեւորությունը:

 

Այնուհետ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը իր խոսքում անդրադարձավ վերջին տարվա վիճակագրությանը՝ հատուկ ընդգծելով, որ կառույցի առջև ծառացած առաջնային խնդիրներից մեկն այսօր հանդիսանում է ընտանիքներում կատարվող բռնությունների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպումը և օրենսդրԿն մեխանիզմների  ամրագրումը:

 

Ն.Դուրյանի  տեղեկացմամբ,   վիճակագրությունը ցույց է տալիս՝ գնալով ավելանում է այն անձանց թիվը, որոնք դիմում են ոստիկանությանը ընտանեկան բռնության ենթարկվելու հետևանքով:

 

«10 տարի առաջ շատ քիչ կանայք կարող էին գալ ոստիկանություն և խոսել ընտանիքում կատարված բռնության մասին: Այսօր պատկերը փոխվել է»:
Իսկ ահա 2015 թվականի 10 ամիսների պատկերը հետևյալն է. նշված ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 645 դեպք, նախորդ տարվա 575-ի դիմաց: 645 դեպքերից 4-ը կատարվել է կենակցի կողմից, 342-ը՝ ամուսնու, 5-ը՝ կնոջ, 53-ը՝ ծնողի կողմից զավակի նկատմամբ, իսկ 94-ը ՝ զավակի կողմից ծնողի նկատմամբ: Ընտանիքի այլ անդամների կողմից բռնության դեպքերը 77-ն են:

 

Ն. Դուրյանը նշեց, որ  դեպքերի թվաքանակի ավելացումը կապված է ոչ թե բռնության   ընդլայնմամբ, այլ տարբեր հանգամանքներով՝ դեպքերը թաքցնելու արատավոր փորձից հրաժարում, քարոզչական աշխատանքի արդյունք, ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացում, հասարակական կազմակերպությունների գործունեություն և այլն:

 

«Ընտանեկան բռնությունը հարուստ-աղքատ չի ճանաչում»…

 

Եվրոպական կառույցների  պաշտոնյաները իրենց ելույթներում հատկապես մատնանշում էին այն հանգամանքը, որ Հայաստանը`  որդեգրելով  կանանց և աղջիկների բռնության դեմ պայքարի գաղափարախոսությունը, այնուամենայնիվ չի շտապում միանալ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին»  Եվրոպայի խորհրդի կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա):

 

Մասնավորապես,   Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան  կարևորեց նաև «Ընտանեկան բռնության մասին» օրենքի անհապաղ ընդունումը, քանի որ այդ գործընթացի դանդաղումը տարեկան հազարավոր կանանց ճակատագրերի հետ է խաղում՝  նրանք ենթարկվում են բռնության, իսկ որոշները սպանվում են ընտանիքներում:

 

Ի դեպ, տիկին Վուտովան մատնանշեց մի փաստ՝ ընտանեկան բռնությունը սոցիալական կարգավիճակ, հարուստ-աղքատ չի ճանաչում, այնպես որ սխալ է խոսել ընտանեկան բռնության  մասին և շաղկապել այն ընտանիքի սոցիալական ծանր պայմանների հետ. «Շատ են դեպքերը, երբ բարեկեցիկ ընտանիքներում էլ կանայք ու երեխաները բռնության են ենթարկվում»,- նշեց նա:

 

«Առանց առանձին օրենքի ընդունման ընտանեկան բռնության դեմ պայքարի մեխանիզմները լիակատար չեն»

 

Իր խոսքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը` նշելով, որ Եվրամիությունը դատապարտում է կանանց և աղջիկների նկատմամբ բենությունը, նույնպես  կարևորեց առանձին օրենքի ընդունումը, առանց որի, նրա խոսքով, պայքարի մեխանիզմները լիակատար լինել չեն կարող.

 

«Տուժածների պաշտպանության լավագույն ապահովման նպատակով ԵՄ-ն և անդամ պետությունները ֆինանսավորել են տարատեսակ նախաձեռնություններ՝  աջակցելով Հայաստանում կանանց իրավունքների և ընտանեկան բռնության դեմ պայքարին։ Այդ աջակցությունը հասնում է 11 մլն եվրոյի և մենք ավարտին ենք հասցրել Հայաստանի  կառավարության հետ բանակցությունները ԵՄ Մարդու իրավունքների պաշտպանության բյուջեի աջակցության 2016-2018 թթ. առաջին ծրագրի շուրջ, որը կներառի նաև բաղադրիչ գենդերային հավասարության վերաբերյալ։ Ծրագրի պայմաններից մեկը 2016 թվականին ընտանեկան բռնության մասին առանձին օրենքի ընդունումն է, ինչին  կհաջորդի ֆինանսավորումը»,- ասաց Դիրկ Լորենցը՝ պարզաբանելով, որ  ֆինանսավորումը հիմնականում ուղղվելու է Հայաստանի մարզերում բռնությունից տուժած կանանց աջակցման կենտրոններ ստեղծելուն ։

 

Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց. «Այս ամենամյա միջոցառումն ունի էական նշանակություն՝ հիշեցնելու մեր ստանձնած պարտավորությունների եւ դեռեւս չարված աշխատանքի մասին։ ԵԱՀԿ-ն տեխնիկական փորձագիտության եւ նախագծերի միջոցով աջակցում է անդամ պետություններին՝ արձագանքելու ընտանեկան բռնությանը»:

 

Հայաստանում  Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզն իր խոսքում նշեց. «Ապահովելու համար, որ ընտանեկան բռնությունից տուժած անձինք ստանան անհրաժեշտ պաշտպանություն եւ ծառայություններ, Հայաստանի կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը եւ իրավապահ մարմինները բոլորը պետք է լսեն միմյանց եւ միասնաբար աշխատեն։ Մարդկանց մաքսանենգության դեմ պայքարի հարցում Հայաստանի որդեգրած հաջող, բազմաոլորտային եւ ներառական մոտեցումից մենք գիտենք, որ այս խմբերը կարող են արդյունավետորեն աշխատել միասին։ Մենք լիահույս ենք, որ այս տարվա 16-օրյա քարոզարշավը նշանավորում է այսօր այստեղ ներկա բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ երկար եւ արդյունավետ գործընկերության սկիզբը»։

 

«Ընտանեկան բռնության դեպքերը, ցավոք,  մարդկային կյանքեր են արժենում»

 

«Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը նշեց. «Բռնությունը միշտ բերում է աղետալի հետևանքների, լինի դա ընտանիքում, թե ազգերի ու պետությունների միջև: Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում ցավոք մարդկային կյանքեր են արժենում, աշխարհի տարբեր ծագերում բռնկված հակամարտությունները՝ նույնպես: Եվ քանի որ այս տարի «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա» քարոզարշավը կրում է «Խաղաղություն ընտանիքից աշխարհին» խորագիրը, ես ուզում են նորից հիշեցնել այն, որ բռնությունը կարող է շղթայական տարածվել, և եթե ընտանեկան բռնության հանդեպ հասարակությունը զգայուն չէ, չի դատապարտում ու չի փորձում կանխարգելել վայրագ դրսևորումները, չի կարողանա լուծել նաև պետության ու աշխարհի բնականոն ընթացքին ու խաղաղությանը սպառնացող խնդիրները:”

 

«Ինչու մեզ պետք է  համոզել, որպեսզի  մենք բռնության չենթարկենք մեր կանանց ու աղջիկներին»…

 

Միջոցառման պաշտոնական հատվածին հետևեց  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և «Մեդիամաքս»  ընկերության համատեղ հայտարարված  մրցանակաբաշխությունը` «Իմ աղջիկը» հայրիկների շարադրությունների  մրցույթի շրջանակում:    «Ինչու մեզ պետք է  համոզել, քարոզարշավներ անել, որպեսզի  մենք բռնության չենթարկենք մեր կանանց ու աղջիկներին», –  ասաց  իր ելույթում մրցանակակիրներից մեկը  Հակոբ Կարապետյանը:    

 

Միջոցառումն ամփոփվեց «Կին, կին» լուսանկարչական ցուցահանդեսի բացումով, որի հեղինակը  4Պլյուս վավերագրական լուսանկարչական կենտրոնն է: Ցուցահանդեսում ներկայացվեցին   Նազիկ Արմենակյանի, Անահիտ Հայրապետյանի, Անուշ Բաբաջանյանի, Նելլի Շիշմանյանի, Քնար Բաբայանի, Փիրուզա Խալափյանի, Յուլիա Գրիգորյանցի և Ադրինէ Գրիգորեանի աշխատանքները։

 

Լուսանկարների միջոցով ներկայացված են  տարբեր փորձառություն ունեցող կանանց պատմություններ: Նրանց  կատարած աշխատանքները երբեմն հայաստանյան հասարակությունում «հարիր» չեն համարում՝ ասելով,որ դրանք կանացի գործ չեն։ Մինչդեռ այս կանայք ապացուցում են հակառակը…

 

Լիա Խոջոյան

 

 

Կարդացեք  թեմայի շուրջ  մեր  կայքում.

 

 

«Մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում՝ մինչեւ 2030 թվականը վերջ տալու կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությանը»

 

«Իմ աղջիկը»՝ շարադրությունների մրցույթ միայն հայրերի համար

 

Արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկել ընտանեկան բռնության օրենքի նախագիծը

 

122 շարադրություն դուստրերի մասին ՝ մեկը մյուսից հուզիչ ու զգացմունքային:

 

 

Եվրոպայի Խորհուրդը կոչ է անում Հայաստանին միանալ Ստամբուլի կոնվենցիային

 

 

Եվրոպայի խորհուրդ. «Վերացնե՛լ խոչընդոտները՝ կանանց իրավունքների պաշտպանների աշխատանքում»

 

«Մենք հավաքական պատասխանատվություն ենք կրում՝ մինչեւ 2030 թվականը վերջ տալու կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությանը»

 

 

«Ինչու մեզ պետք է համոզել, քարոզարշավներ անել, որպեսզի մենք բռնության չենթարկենք մեր կանանց ու աղջիկներին»…

 

«Խաղաղություն տանը՝ խաղաղություն աշխարհում». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

 

Փաստեր կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության մասին. աշխարհում եւ Հայաստանում

 

ՄԱԿ Կանայք. Դա ընդունելի չէ, դա անխուսափելի չէ, դա կարելի է կանխել…

 

Հայաստան. 16- օրյակի օրացույց

 

16- օրյակի կոչը. «Նարնջագույնով պատեք ձեր շրջակայքը»

 

Դիտումների քանակը` 3523

Գլխավոր էջ