«Խաղաղություն տանը՝ խաղաղություն աշխարհում». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը
Հակամարտության գոտիներում կանանց ու աղջիկների դեմ իրականացվող ծանր հանցագործությունները, ինչպես և բոլոր երկրներում առկա ընտանեկան բռնության երևույթը, լուրջ սպառնալիք են առաջընթացի ճանապարհին, – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձում Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրվա առթիվ:
Ես խորապես մտահոգված եմ այն կանանց ու աղջիկների դրությամբ, որոնք ապրում են զինված հակամարտության պայմաններում, տարատեսակ բռնության, սեռական ոտնձգության, սեռական ստրկության ու թրաֆիքինգի զոհ դառնում: Մարտնչող ծայրահեղականները խեղաթյուրում են կրոնական ուսմունքները՝ արդարացնելու կանանց զանգվածային հպատակեցումն ու նրանց նկատմամբ բռնությունը: Սրանք բռնության եզակի գործողություններ կամ պատերազմի դիպվածային հետևանքներ չեն, այլ կանանց ազատությունները սահմանափակելու և նրանց մարմինները տնօրինելու համակարգային ջանքեր: Մինչ աշխարհը ձգտում է հակազդել բռնի ծայրահեղականությանն ու կանխել այն, կանանց և աղջիկների պաշտպանությանն ու զորացմանն առանցքային կարևորություն պետք է տրվի:
Մոտավոր հաշվարկներով՝ ներկայում 60 մլն. բռնի տեղահանվածների կեսը կանայք են: Շատերը, որոնք փախչում են պատերազմից ու բռնությունից, հաճախ ենթարկվում են միգրանտների ապօրինի ներմուծմամբ զբաղվողների անխիղճ շահագործմանը, ընդունող հասարակություններում դառնում գենդերային խտրականության ու այլատյացության զոհ: Նրանք, ովքեր չափազանց երիտասարդ, չափազանց ծեր կամ խոցելի են՝ ձեռնարկելու այդ վտանգավոր ճամփորդությունը, թողնվում են տեղերում՝ հեռացածների բացակայությամբ հայտնվելով էլ ավելի խոցելի վիճակում:
Նույնիսկ խաղաղ տարածքներում կանանց նկատմամբ բռնությունը պահպանվում է ֆեմիցիդի (կնասպանության), սեռական բռնության, կանանց սեռական օրգանների խեղման, վաղ ամուսնությունների կամ կիբեր-բռնությունների տեսքով: Այս երևույթները վնասվածքներ են հասցնում անհատներին ու քայքայում հասարակության կառուցվածքը:
Որպես գլոբալ արձագանք՝ ես առաջնորդեցի «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունը» (UNiTE to End Violence against Women) քարոզարշավն ու HeForShe (տղամարդը կնոջ համար) նախաձեռնությունը՝ գենդերային հավասարության խթանման գործում տղամարդկանց ներգրավելու նպատակով: Կոչ եմ անում կառավարություններին՝ ավելացնել ներդրումները կանանց հանդեպ բռնության վերացման ՄԱԿ-ի կամավոր հավատարմագրային հիմնադրամում, որն ուղղված է այս ոլորտում ներդրումների շարունակական անբավարարության խնդրի լուծմանը:
Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում միավորվում են նարնջագույն ցուցապաստառի ներքո. այդ գույնն ընտրված է որպես կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունից զերծ աշխարհի առավել պայծառ ապագայի խորհրդանիշ: Այս տարի, նշանավորելով փոփոխության աճող շարժիչ ուժը, աշխարհի խորհրդանշական վայրերը՝ Հորդանանի Պետրա քաղաքի պատմական ավերակներից մինչև Հյուսիսային Ամերիկայի Նիագարա ջրվեժը, կլուսավորվեն նարնջագույնով:
Մենք կարող ենք նաև ուղի հարթել դեպի բոլոր մարդկանց համար արժանապատվության ու հավասարության ապագա ՝ իրագործելով նոր ընդունված «Կայուն զարգացման օրակարգ – 2030» փաստաթուղթը, որը կարևորում է կանանց հանդեպ բռնության վերացումը և կայուն զարգացման մի շարք նպատակների համար այս հիմնախնդրին առնչվող թիրախներ սահմանում: ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների, խաղաղաշինության ջանքերի և կանանց, խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող օրակարգի վերջին հիմնական վերանայումների արդյունքում կարևորվել է խաղաղության և անվտանգության գործում կանանց մասնակցության վճռորոշ դերը:
Կանանց ու աղջիկների հանդեպ բռնության տարածվածությունը ենթադրում է, որ բոլորս կարող ենք դրան դիմակայելու քայլեր ձեռնարկել: Եկե՛ք միավորենք մեր ուժերը՝ արմատախիլ անելու հանցավորության այս դրսևորումն ու խթանելու գենդերային հավասարությունը, և իրականություն դարձնելու այնպիսի աշխարհը, որտեղ կանայք ու աղջիկներն ապրում են արժանի անվտանգության պայմաններում – հանուն ոչ միայն նրանց, այլև ողջ մարդկության:
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Դիտումների քանակը` 3477