16- օրյակի կոչը. «Նարնջագույնով պատեք ձեր շրջակայքը»
Նոյեմբերի 25-ից/ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր/ մինչև դեկտեմբերի 10 / Մարդու իրավունքների օրը/ ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավի շրջանակներում ողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են անցկացվելու ՝ կանանց և աղջիկների դեմ բռնության հիմնախնդրին հանրության ուշադրությունը գրավելու համար: Հիշեցնենք, որ միջազգային քարոզարշավի գաղափարը առաջարկվել է Կանանց համաշխարհային առաջնորդության կենտրոնի կողմից 1991 -ին:
Որպես պայծառ և լավատեսական գույն՝ նարնջագույնն է ընտրվել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից « Միասին վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավը (UNiTE to End Violence against Women ) խորհրդանշող գույն : Այն կոչ է անում կառուցել ավելի լավ ապագա – ապագա, որը զերծ կլինի մարդու իրավունքների ոտնահարումից եւ բռնություններից, ինչից այսօր տուժում է յուրաքանչյուր երրորդ կին աշխարհում:
Էմփայը Սթեյթ Բիլդինգը, ՄԱԿ-ի քարտուղարության շենքը և Նյու Յորքի Թայմս Սքուեյրի մեծ էկրանները կլուսավառվեն 16-օրյակի շրջանակներում նարնջագույնով:
ՄԱԿ-ը առաջարկում է միանալ «Նարնջագույնով պատելւ ձեր շրջակայքը» կարգախոսին ՝ կազմակերպելով «Նարնջագույն իրադարձություններ» ձեր միջավայրում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:
Փակցրե՛ք նարնջագույն դրոշներ, կազմակերպե՛ք նարնջագույն քայլերթեր, դրանով իսկ ուշադրություն գրավելով կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրին եւ բարձրացնելով իրազեկությունը այս երեույթի եւ նրա դեմ պայքարի մասին:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, համագործակցելով Կառավարության, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության հետ, կհրավիրի նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիս՝ նվիրված Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան: Ասուլիսի ընթացքում ելույթ կունենան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ոստիկանության և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչները: Բացման խոսք կասեն նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ ներկայացուցիչները:
Մամուլի ասուլիսին կհաջորդի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից «Մեդիամաքս» գործակալության համագործակցությամբ կազմակերպված «Իմ աղջիկը» մրցույթի ամփոփիչ մրցանակաբաշխությունը:
Նույն օրը ՄԱԿ-ի գրասենյակում կբացվի նաև «4 պլյուս» վավերագրական լուսանկարչական կենտրոնի լուսանկարների ցուցահանդեսը` նվիրված օրվա թեմային:
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին ժամը 15:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:
Դիտումների քանակը` 2720