Այն մասին թե ինչ է լինում, երբ կանանց թիվը կառավարության կազմում մեծանում է…
Կառավարությունում եւ խորհրդարանում կանանց ներկայացվածության խնդրին է անդրադառնում ամերիկյան Time-ը , որպես առիթ օգտագործելով այն փաստը, որ բոլորովին վերջերս Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդեոն 50%-ով համալրեց իր նախարարների կաբինետի կազմը կանանցով: Փորձը թույլ է տալիս եզրակացնել, որ երկիրը դրանից մեծապես կշահի, – գրում է պարբերականը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդեոն հայտնվեց մամուլի բոլոր խորագրերում այն բանից հետո, երբ հայտարարեց, որ իր կառավարության կազմում նախարարների 50% կանայք են: Իր այս որոշումը նա մեկնաբանեց մի պարզ բացատրությամբ. «Սա 2015 թվականնն է»:
Կանադան առաջին երկիրը չէ, որ քայլեր է անում կանանց ներկայացվածությունը կառավարությունում մեծացնելու ուղղությամբ: Փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ կին պատգամավորներ ունեցող երկրները զգալի առաջընթաց են արձանագրել այնպիսի հարցերի ուղղությամբ, ինչպիսիք են կրթությունը, աշխատուժի մասնակցությունը և վճարովի արձակուրդը:
Ստորև ներկայացված երկրներից յուրաքանչյուրն ունի 50% կանանց ներկայացվաություն կամ խորհրդարանում կամ էլ նախարարների կաբինետների կազմում, մինչդեռ կանայք կազմում են Ամերիկյան կոնգրեսի ընդամենը 19% և Օբամայի կառավարության անդամներից միայն 15-ը, նկատում է Time -ը :
«Մենք գիտենք, որ այն ընկերությունները, որոնցում ապահոված է գենդերային հավասարակշռությունը, զգալիորեն գերազանցում են իրենց ցուցանիշներով միայն տղամարդկանցից բաղկացած ընկերություններին», – ասել է Ավիվա Վիտենբերգ-Կոքսը՝ «21» ընկերության գործադիր տնօրենը, որը կենտրոնացած է գենդերային հավասարակշռված բիզնես ստեղծելու հիմնախնդրի վրա:
«Ինչպե՞ս է այդ մոտեցումը գործում երկրի մակարդակով»: Այս հարցին ի պատասխան Time –ը բերում է մի քանի երկրների օրինակներ, որտեղ շատ կանայք են ներկայացված կառավարությունում և որոնք, ըստ պարբերականի, գերազանցում են ԱՄՆ-ին մի քանի անգամ որոշ հարցերում:
Շվեդիա
Շվեդիայի կառավարության 52%-ը կանայք են, իսկ երկրի խորհրդարանում կանայք կազմում են 43%: Այսպիսով, բացարձակ զարմանալի չէ, որ Շվեդիան պարբերաբար օրինակ է բերվում որպես դրախտ աշխատող կանանց համար: Նրանց հասարակական նպաստները ենթադրում են կրկնակի եկամուտ ընտանքի համար, որտեղ երկուսն էլ՝ և’ տղամարդիկ, և’ կանայք աշխատում են և ներդրում են ունենում ընտանիքում, և արդյունքում, նրանք ունեն կանանց ամենաբարձր զբաղվածությունը Եվրամիությունում և գրեթե ամենացածր մանկական աղքատությունը: Երկու ծնողներն էլ իրավունք ունեն 16-ամսյա վճարովի արձակուրդի (որը բաժանվում է զույգի միջև), և այդ արձակուրդի 13 ամիսը վճարվում է նրանց եկամտի 80%, և մնացածը՝ ֆիքսված դրույքաչափով: Համեմատե’ք սա ԱՄՆ-ի քաղաքականությունների հետ, որտեղ վճարովի ընտանեկան արձակուրդի բացակայությունը հանգեցնում է շատ մեծ սթրեսի կանանց և նրանց ընտանիքների համար, և հաճախ հանգեցնում է նույնիսկ նրան, որ կանայք դուրս են մնում աշխատանքից, գրում է Time –ը:
Ռուանդա
Միջխորհրդարանական միության տվյալներով Ռուանդայում կանայք կազմում են խորհրդարանի գրեթե 64%-ը՝ և դա այդպես է ողբերգական պատճառների արդյունքում: Երբ երկիրը մասնատվեց 1994թ. ցեղասպանությունից հետո, Ռուանդայում բնակչության 70% կազմեցին կանայք, քանի որ տղամարդկանց մեծ մասը զոհվել էր Հուտու և Տուտսի էթնիկ խմբերի միջև եղած արյունահեղություևններում (մինչև կոտորածը երկրում եղած 780 դատավորներից միայն 20 փրկվեցին): Մինչ ցեղասպանությունը կանայք զբաղեցնում էին խորհրդարանական տեղերի միայն 10-15%, սակայն այդքան շատ տղամարդկանց ցեղասպանությունը ստեղծեց իշխանության վակուում, որը արագ լցվեց կանանցով:
Չնայած դա դժբախտաբար տեղի ունեցավ, բայց իգական սեռի նոր օրենսդիրներն օգնեցին ընդունել այնպիսի օրենքներ, որոնք թույլ են տալիս կանանց լինել հողի սեփականատերեր և բացել բանկային հաշվեհամարներ: 2003-ին ներկայացված քվոտան պահանջեց, որ բոլոր պետական պաշտոնների 30%-ը պետք է պահպանվի կանանց համար և միայն կանայք կարող են քվեարկել կանանց համար նախատեսված այս տեղերի համար: Ռուանդայում այժմ մայրական մահացության ամենացածր մակարդակն է, քան Սահարային հարող այլ երկրներում և կանանց աշխատուժը 87% է կազմում՝ համեմատած ԱՄՆ-ի 57% -ի հետ՝ ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների:
Ֆինլանդիա
Կանանց ներկայացվածության առումով Ֆինլանդիան միշտ առաջ է եղել մյուս երկկրներից, նա աշխարհի առաջին երկրներից մեկն էր, որտեղ կանայք անսահմանափակ ընտրական իրավունք ունեին՝ քվեարկելու և առաջադրվելու խորհրդարանում: Եվ, չնայած, դժվար է առանձնացնել Ֆինլանդիայի առաջադեմ քաղաքականությունները այն փաստից, որ կառավարությունը միշտ էլ ունեցել է կանանց ավելի մեծ ներկայացվածություն, այս քաղաքականությունները չեն կարող պարտադիր կերպով վերագրվել միայն կանանց ունեցած ազդեցությանը:
Այնպես որ, ընդունե’ք այս երկու փաստերը ինչպես կցանկանաք. Ֆինլանդիայի նախարարության 62% կազմում են կանայք, և նրանք կարողացել են ստեղծել կրթության մի հասարակական համակարգ, որ կարող է լինել նոր ոսկե չափորոշիչ: Ֆին ուսանողները գերազանցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի ուսանողներին բոլոր ակադեմիական ոլորտներում, և նրանք մշտապես գտնվել են ակադեմիական գերազանցության ամենաբարձունքում՝ ըստ PISA-ի՝ միջազգային ստանդարտացված քննության: Սակայն ֆիննական դպրոցները հազվադեպ են անցկացնում ստանդարտացված թեսթեր, ընդգծում են խաղի կարևորությունը տնային հանձնարաությունների հանդեպ, ուսուցիչներին շատ լավ են վճարում և բոլորը հասարակական դպրոցներ են հաճախում:
Երկիրը, որը ոմանց կարծիքով աշխարհի լավագույն վայրերից մեկն է ապրելու համար, այժմ ունի աստեղային կրթություն, լավ վճարվող հղիության արձակուրդ, երեխայի խնամքի համար տրամադրվող բարձր նպաստ: Եվ, իհարկե, կանայք՝ որպես Կառավարության անքակտելի մաս: Ինքներդ արե’ք ձեր եզրակացությունները, – առաջարկում է Time –ը:
«Կառավարությունները կոչված են ներկայացնելու այն մարդկանց, ովքեր ընտրում են իրենց», – ասել է Միտենբերգ-Կոքսը, – «Եվ, չնայած, կանայք մեկ անգամ են միայն ձեռք բերում քաղաքական իշխանություն, և այն համարվում է «փափուկ», սակայն լրջորեն են զբաղվում այդ ամենով՝ երեխայի խնամքից և վերարտադրողական իրավունքներից մինչև կրթություն և կայունություն:
Ցավոք, ամբողջ աշխարհում կանայք կազմում են Խորհրդարանների անդամների 22 %, և կան 37 երկրներ, որոնց կառավարության անդամների թվում կանայք ավելի քիչ են, քան 10% : Եթե հաշվի առնենք առաջընթացը, որը նկատվում է այն երկրներում, որտեղ կանայք հավասարապես են ներկայացված կառավարման մարմիններում, ապա կարելի միայն պատկերացրել թե ինչ կլիներ, եթե մյուս բոլոր երկրների առաջնորդներն էլ հետևեին Թրյուդոյի օրինակին, եզրափակում է Time –ը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա
Աշխարհում գենդերային հավասարությանը հնարավոր է հասնեն 20 տարվա ընթացքում, իսկ Հայաստանում…
Հրապարակվել է «Կանայք քաղաքականության մեջ-2014» քարտեզը
«Հիմնական պայքարը հավասարության համար կանայք կուսակցությունների ներսում են տանում» …
Կառավարությունը մերժեց կին պատգամավորների ինքնաբացարկների հետ կապված նախագիծը
«Պահպանել ընտրված կանանց տեղերը կանանց համար»…
ՀԿ-ների ուղերձը կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ
Ինչո՞ւ չաշխատեց քվոտայի մեխանիզմը
Դիտումների քանակը` 4435