«Հայաստանը փախստականներին ընդունելու առումով աշխարհում 4-րդ երկիրն է»…

Վերջին 4 տարիների ընթացքում Սիրիայից Հայաստան է ժամանել 20.000 մարդ, սակայն մնացել են նրանցից 16 հազարը: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին, թե  Սիրիայից  գալի՞ս են Հայաստան, որքա՞նն են մնում, որքա՞նն են Հայաստանից հիասթափվում ու գնում:  

 

Հ.Հակոբյանը նշեց, որ 4-5 հազարը միշտ էլ շարժման մեջ են. «Ունենք մարդկանց  մի խումբ, ովքեր Սիրիայում են, Լիբանում են, հետո` Հայաստանում: Այսինքն՝  շարժվող խումբ է»:

 

Նա նաև մատնանշեց, թե ինչու համար են Հայաստանից հեռանում սիրահայերը:  «Սիրիական կոնֆլիկտի սկզբնական շրջանում շատ սիրիահայեր հավատացած էին, որ հետ են վերադառնալու: Մեկ, երկու տարի թեթև անցկացրեցին Հայաստանում, սակայն հետագա վերջին երկու տարիները ստիպեցին հասկանալ, որ արդեն պետք է ինտեգրվեն և խնդիրները Հայաստանում  կարգավորեն»,- ասաց նա՝ հավելելով, որ իրականում կան նաև մշակութային մոտեցումների տարբերություններ և այդ ամենին հարմարվելու համար տևական ժամանակ է պետք:

 

Այդուհանդերձ, ըստ նախարարի, Հայաստանը փախստականներին ընդունելու առումով աշխարհում 4-րդ երկիրն է: «Սիրիայում հակամարտության սրման հետևանքով սիրիահայերը հաստատվել են Գերմանիայում, Շվեդիայում, Կանադայում: Լիբանանում մոտավորապես 12 հազար սիրիահայ է հաստատվել, 5-6 հազար սիրիահայ ընտանիք էլ ապրում է Հորդանանում: Մի քանի ընտանիք այս պահին Թուրքիայում են, բայց աշխարհում փախստական ընդունելու թվով մենք չորրորդն ենք և բավականին առաջ ենք բոլոր համեմատականներով»,  ընդգծեց Հ. Հակոբյանը:

 

Բացի այդ, ըստ Հրանուշ Հակոբյանի, սիրիահայերի սոցիալական հիմնախնդիրները, կրթությունը, առողջապահությունը, բիզնես ծրագրերը խթանելը Հայաստանում կատարվում են անվճար: Սիրիահայերի հիմնական խնդիրն աշխատանքն է և բնակարային վարձը: «Մենք շատ ակտիվ աշխատում ենք միջազգային կառույցների հետ, նրանց հետ իրականացվող ծրագրերն ուղղում ենք հատկապես սիրիահայերի բնակարանների վարձին, քանի որ նրանք  առաջին հերթին պետք է բնակարան ունենան, իսկ հետո աշխատանք: Մենք այս երկու հարցի վրա շատ մեծ ուշադրություն ենք դարձնում: Այս առումով միջազգային կառույցների առաջարկվող ծրագրերը ուղղում ենք մարդկանց բնակարանային վարձի խնդիրների կարգավորմանը: Մոտավորապես 700 սիրիահայ ընտանիք ամսական 200 դոլարի համարժեք գումար է ստանում բնակարանի վարձի խնդիրները կարգավորելու համար»,- ընդգծեց Հ.Հակոբյանը:

 

Վերջինս նաև ընդգծեց, որ սիրիահայերին պետության կողմից տրամադրվել է 1.5 միլիարդ դոլարի վարկ՝ 5 տարի ժամկետով և 4 տոկոս տոկոսադրույքով՝ Հայաստանում սեփական բիզնեսը սկսելու համար: «Այդ ծրագրերի մեծ մասն իրականություն են դարձրել և տեսնում ենք սպասարկման ոլորտում սիրիահայերի մեծ ակտիվությունը»,- ասաց նա:

 

Մ. Մարգարյան

Դիտումների քանակը` 3700

Գլխավոր էջ