«Խտրականությունը չի աշխատում». հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի տոնավաճառն ազդարարեց մեկամսյա քարոզարշավի սկիզբը
Հայաստանում պաշտոնապես գրանցված մոտ 200.000 հաշմանդամություն ունեցող անձանցից 90 տոկոսը գործազուրկ է: Երեկ մայրաքաղաքի Կոնգրես հյուրանոցում անցկացվեց աշխատանքի հերթական տոնավաճառը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այն արդեն չորրոդն է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում, որը 2012-ից իրականացնում է «Save the children» կազմակերպության կողմից եւ կոչված է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի հավասար պայմանների ստեղծումը և ապահովել նրանց համար աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք:
Տոնավաճառը կազմակերպել էր «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ: Ինչպես մեզ տեղեկացրեց LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան այս տարվա տոնավաճառն, ըստ էության, ազդարարեց նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 3-ը հանրապետության ողջ տարածքում իրենց կողմից անցկացվող «Խտրականությունը չի աշխատում» խորագրով մեկամսյա քարոզարշավը, որի նպատակը մեկն է՝ խթանել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը: Քարոզարշավին կմասնակցեն երկու տասնյակից ավելի կազմակերպություններ, որոնք կփորձեն ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու հնարավորությունները:
«Կարծում եմ, որ մեր բոլոր միջոցառումների շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակին, որ մեր առջև դրել ենք, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղեր ապահովենք և հասարակությունը տեսնելով այս բոլոր հաջողությունները՝ կարողանա հաղթահարել այն կարծրատիպերը, որոնք այսօր դեռևս առկա են»,- ասաց WomenNet.am-ի հետ զրույցում Ջինա Սարգիզովան:
Բանվոր, թարգմանիչ, համակարգչային օպերատոր, վարորդ, պահակ, խոհարար, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, հեռախոսավար, մենեջեր, ապահովագրական գործակալ… Շուրջ 30 գործատու ներկայացրեցին աշխատանքի տոնավաճառում իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերը: Աշխատանքները տարբեր էին` և՛ որակավորում պահանջող, և՛ չպահանջող:
Ջինա Սարգիզովայի խոսքով տոնավաճառների անցկացման արդյունքում լուրջ հաջողություններ են գրանցել, տարեցտարի աշխատանքային տոնավաճառին ավելանում է գործատուների քանակը: Ըստ նրա՝ ծրագրի շնորհիվ արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել հաշմադանդամություն ունեցող 550 մարդ:
«Ցանկացած ոլորտում նրանք կարող են աշխատանք գտնել: Սակայն պետք է նշեմ, որ միայն տոնավաճառները չեն կարող այս խնդիրները լուծել: Մինչ տոնավաճառը կազմակերպում ենք աշխատանքի հմտությունների դասընթացներ, որտեղ սովորեցնում ենք գրել ռեզյումե, անցնել հարցազրույց, ինչպես փնտրել աշխատանք, ինչպես խոսել գործատուի հետ և այլն: Այս բոլոր հմտությունները մենք սովորեցնում ենք: Եվ բոլոր գործատուները փաստում են, որ աշխատանքի տոնավաճառի եկած դասընթացի մասնակիցները արդեն պատրաստված են բոլոր իմաստներով»,- ընդգծեց նա՝ համոզմունք հայտնելով, որ գործողությունների այս մոդելը կարող է բերել հաջողության: Նաև տեղեկացրեց, որ իրենց գործունեությունն այս տարվանից ծավալել են հանրապետության բոլոր մարզերում, իսկ այն մարզերում որտեղ աշխատել են, արդեն իսկ մեծ հաջողություններ են գրանցել:
Հիշատակելով իրենց կողմից անցկացված հետազոտությունը նա նշեց, որ այսօր հաշմադամություն ունեցող անձը ուզում է լինել ակտիվ քաղաքացի, ինքը վաստակել իր ապրուստի միջոցները. «Այսինքն՝ նմանատիպ ծրագրերով փորձում ենք իրականացնել նրանց հանդիպումը գործատուների հետ, բարենպաստ միջավայր ստեղծել աշխատանք փնտրողների ու գործատուների համար»:
Սարգիզովան նաև հիշեցրեց, որ 2015թ-ի հունվարից հանրապետություն ներդրվել է աշխատանքային քվոտա հաշմանդամություն ունեցող անձանց համար, երբ 100-ից ավելի աշխատակիցներ ունեցող պետական կառույցը պետք է ունենա ոչ պակաս, քան 3 տոկոս հաշմանդամություն ունեցող անձ իր աշխատակազմում: Իսկ 2016թ-ի հունվարից այդ պահանջը կտարածվի ավելի քան 100 աշխատակից ունեցող բիզնես և այլ մասնավոր կառույցների վրա, որոնք պետք է ունենան ոչ պակաս, քան 1 տոկոս հաշմանդամություն ունեցող անձ իրենց աշխատակազմում: «Ես վստահ եմ, որ քվոտան կստեղծի դրական նախադրյալներ առկա կարծրատիպերը հաղթահարելու առումով: Ի վերջո ցանկացած մարդ աշխատելու իրավունք ունի»,- ընդգծեց նա:
«Ունիսոն»-ի ղեկավար Արմեն Ալավերդյանը ամենագլխավոր խնդիրը համարում է կարծրատիպերի հաղթահարումը. «Պետք է հասարակությանը ցույց տանք, որ հաշմանդամություն ունեցող անձը ևս ունակ է աշխատելու և իր վաստակածով սեփական կարիքները հոգալու: Մեր ամենակարևոր նպատակն է փոխել հասարակության վերաբերմունքը: Մենք պետք է ցույց տանք, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են աշխատել տարբեր ոլորտներում, որ նրանք կարող են գտնել իրենց աշխատանքը և շատ ափսոս է, որ մեր երկրում այդ ներուժը չի օգտագործվում»:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ վերջին տարիներին հասարակության վերաբերմունքը փոխվում է, կարծրատիպերը կոտրվում են և գործատուների, և որոշում կայացողների մոտ. «Այսինքն՝ այն կարծրատիպը, թե հաշմանդամություն ունեցող անձը ունակ չէ աշխատել, պասիվ է, այսօր այդ մտածելակերպը փոխվում է»:
Նաև, ըստ Ա.Ալավերդյանի, հաշմանդամություն ունեցող անձանց մեջ է կոտրվում այն կարծրատիպը, թե գործատուները պարտավոր են իրենց աշխատանքի ընդունել միայն այն պատճառով, որ իրենք սոցիալական կարիքներ ունեն: «Հիմա մարդիկ հասկանում են, որ պետք է ներկայանան ոչ թե խնդրանքներով, այլ իրենց հմտություններով, իրենց ներուժը ներկայացնելով»,- ասաց Ա.Ալավերդյանը:
Այս առումով տոնավաճառին բոլորի ներկայությունը կարևոր է, քանի որ եթե անգամ նրանք աշխատանք այսօր չգտնեն, ապա կշփվեն գործատուների հետ և կհասկանան, թե ինչ պահանջարկ այսօր կա աշխատաշուկայում, ինչ հմտություններ է հարկավոր խորացնել ու զարգացնել: Նրա խոսքերով՝ շատերի մոտ թյուր կարծիք կա, թե նման տոնավաճառները ձևական բնույթ են կրում, սակայն Ա.Ալավերդյանը վստահեցրեց, որ այն ձևական չէ, իսկապես կան գործատուներ, ովքեր ունեն թափուր աշխատատեղեր և ցանկություն ունեն աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
Նա ողջունելի է համարում նաև այն, որ պետությունը փորձում է հավասար դաշտ ստեղծել հաշմանդամների համար: Հատկապես ողջունելի է պետական կառույցներից ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փորձը, որը աշխատանքի տեղավորման հարցում օժանդակում է հաշմանդամություն ունեցող անձանց:
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության Շենգավիթ մասնաճյուղի տնօրեն Դավիթ Հակոբյանը Womennet.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք այսօր առաջարկում են գործակալի աշխատանք և տոնավաճառի մասնակիցներին ներկայացնում են, թե դա իրենից ինչ է ներկայացնում: «Մեր մասնաճյուղերից մի քանիսում աշխատում են սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ և միանշանակ իրենք համարվում են մեր թիմի լիարժեք անդամ: Մենք որևէ խտրականություն չենք դնում, ուզում ենք եղած կարծրատիպերը կոտրել և մեզ մոտ աշխատանքի ընդունել խելացի, կարող երիտասարդների»,- ասաց Դ.Հակոբյանը:
«Տոսպ» ընկերության ներկայացուցչի խոսքերով էլ՝ իրենք առաջարկում են աշխատանք այն կանանց համար, ովքեր կար ու ձևին տիրապետում են: «Մեզ համար կարևորն այն է, որ լավ մասնագետ լինի»,- նշեց նա:
22-ամյա Արմեն Ավետիսյանն մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատելու մեծ ցանկություն ունի, սակայն, ցավոք սրտի, մասնագիտություն չունի: «Բայց կարող եմ համակարգչային աշխատանքով զբաղվել: Եւ այս տոնավաճառին մասնակցում եմ, որպեսզի համապատասխան աշխատանք գտնեմ»,- ասաց Արմենը:
Տիկին Գայանեն էլ տոնավաճառ էր եկել լսողական խնդիրներ ունեցող մի քանի երիտասարդների համար աշխատանք գտնելու նպատակով: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ երիտասարդները թեև շփվում են ժեստերի լեզվով, սակայն տիրապետում են համակարգչին, նաև կարող են դիզայներական աշխատանքով զբաղվել: «Նախորդ անգամ էլ նրանց հետ էի եկել, սակայն ապարդյուն, դեռ երիտասարդները անգործ են»,- ասաց Գայանեն:
Նշենք, որ կան գործատուներ, ովքեր արդեն մի քանի տարի է` մասնակցում են աշխատանքի տոնավաճառին: Կան կազմակերպություններ էլ, որոնք առաջին անգամ են մասնակցում: Վերջիներից է Հանրային հեռուստաընկերությունը, որը տոնավաճառում առաջարկում էր մի քանի աշխատանք.«Մենք ժեստերի լեզվի թարգմանչի, ինչպես նաև՝ վարորդի, հավաքարարի և տնտեսվարի կարիք ունենք»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:
Տանավաճառում ներկա գրեթե բոլոր գործատուները հավաստիացնում էին, որ իրենք ոչ միայն չեն խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը իրենց ընկերություններում, այլ ամեն կերպ խրախուսում են նրանց ներգրավումը:
Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը շնորհակալություն հայտնեց գործատուներին, որ իրենց թափուր աշխատատեղերը համալրում են հաշմանդամություն ունեցող անձանցով: «Ուզում եմ՝ սա օրինակ հանդիսանա բոլոր գործատուների համար, քանի որ այս մարդիկ կարող են, ընդունակ են և շատ դեպքերում ավելի նպատակասլաց են, քան որևէ խնդիր չունեցող շատ մարդիկ»,- ասաց Ա.Մանգասարյանը:
Մ.Մարգարյան
Լուսանակրաները՝ Panorama.am- ի
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Փոխել հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի նկատմամբ»
«Ես ԿԱՐՈՂ ԵՄ աշխատել». Ճամբարակում բացվեց «ԼԱՅՖ սրճարան» սոցիալական ձեռնարկությունը
«LIFE»-ը՝ լիարժեք կյանքով ապրելու եւ աշխատելու հնարավորություն է / վիդեո
«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով
Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում
«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»
Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից
Դիտումների քանակը` 4395