Գյուղի կանայք. Ժրաջան, բայց չխոսկան…

Մայրաքաղաքի կենտրոնի գյուղատնտեսական տոնավաճառում գյուղի բարիքները հոկտեմբերի վերջին օրը մեծ մասամբ կանայք էին վաճառում: Պատահական չէր:  Մալիբու սրճարանի հարևանությամբ ամեն շաբաթ և կիրակի գործող  այս գյուղատնտեսական տոնավաճառն այսօր նվիրված էր Գյուղի կանանց օրվան, թեպետ  աշխարհում այն   նշվել է հոկտեմբերի 15-ին:

 

Կանայք տոնին նախապատրաստվել էին, իրենց աճեցրած բերքն ու բարիքն այս անգամ զարդարած էին մայրաքաղաք բերել, վաճառասեղաններին էլ ծաղկամանով ծաղիկներ էին հայտնվել: Տոնավաճառից հաճախ օգտվողները նկատեցին, որ այս անգամ կանայք շպարված էին ու զարդերով, իսկ վաճառվող բերք ու բարիքին ավելացել էին նրանց աճեցրած ծաղիկները: Տաղավարներն էլ զարդարված էին փուչիկներով:

 

«Չիր սարքեմ, ալանի սարքեմ, պանիր գցեմ, ամեն ինչ անեմ, մենակ չխոսեմ»,-այսպես պատասխանեց տոնավաճառ եկած կանանցից մեկը՝ WomenNet.am-ի հարցերին պատասխանելու խնդրանքին:

 

Գյուղում ապրող կանանցից շատերն ասացին՝ պատմելու բան չունեն, ամեն օր նույն հոգսերն են, նույն գործերը, նիստ ու կացը, նույն խնդիրները:

 

50-անց մի քանի կին պատրաստակամ ու սիրով համաձայնեցին պատմել գյուղի կնոջ ուսերին վերցրած բեռի, իրենց բավարարություն պատճառող գործի, թոռների ու համերաշխ ընտանիքի մասին:

 

Արարատի մարզի Մասիսի շրջանի  Արևաբույր գյուղի բնակչուհի տիկին Սաթենիկը ծնվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում, երեսուն տարի առաջ հարս է  գնացել գյուղ: Ասում է, ոչ մի անգամ ցանկություն չի ունեցել քաղաքում ապրել: Հպարտորեն ասում է, տանը երկու հարս ունի, թոռներ, մի հարկի տակ ինը հոգով ապրում են հաշտ ու համերաշխ, հարսներն աշխատում են մեկը՝ գյուղի մնակապարտեզում, մյուսը՝ Երևանում վարսավիր է: Առանց մեկը մյուսի սուրճ էլ չեն խմում:

 

«Ես հողագործությամբ եմ զբաղվում, անում եմ սիրով: Էլ ծաղկակաղամբ, էլ բիբար, կանաչի: Երբ արածդ երևում է, չի փչանում, բա վա՞տ է:  Երկու արկղ տարել եմ, չունեցող գյուղացիներին եմ բաժանել: Իրիկունը, որ տուն եմ մտնում, ինչքան ուզում է հեռուստացույց լինի, ինտերնետ լինի, ես եմ ու իմ գիրքը, կարդում եմ, թոռանս հետ մի քիչ նկարչություն եմ անում, քնում եմ»,-պատմում է  տիկին Սաթենիկը: Ասում է՝ չի ընդդիմացել, որ աղջիկս էլ գյուղում ամուսնանա: Իր հայրենի գյուղ է  հարս գնացել, բայց փառք աստծո, խաղողի այգի ունեն, հողագործությամբ շատ չի զբաղվում:

 

Թամարան ծնվել, մեծացել ու ամունսացել է Մասիսի  շրջանի Ջրահովիտ գյուղում:

 

«Գյուղի կանանց կյանքն ամենադաժանն է, շատ դժվար է: Բայց դե հիմա, որ ասեին կյաքդ փոխելու հնարավորություն կա, ես էլի գյուղը կընտրեի: Աղջիկ ժամանակ էլ քաղաքից տղա ուզող կար, բայց ես չուզեցի: Մարդ պիտի ազատ լինի: Որ հիվանդ ես լինում, մի հատ քո տան բոլորով ման ես գալիս, արդեն թեթևանում ես»,-անկեղծանում է տիկին Թամարան: Մոտ 60-ամյա կինն ասում է, մի անգամ էլ չի նախանձել քաղաքի հագած-կապած, թատրոն ու սրճարան գնացող կանանց:

 

Ասում է՝ տարին 24 ամիս հանգիստ չունեն, ձմռան ամիսներին կանաչին ջերմողցներում են աճեցնում, հետո արդեն ծիրանի մշակումն է, բերքահավաքը. «Ինչքան շատ ենք աշխատում, այնքան թարմ ենք մնում: Ես ասում եմ, հենց նստեցի, ուրեմն կհիվանդանամ: Ձմռանը լինում է օրեր, որ ավելի հանգիստ են, ոնց որ հիվանդ լինեմ»:

 

Ժենյա Տոնապետյանը նշում է, որ ամբողջ կյանքն ապրել է Չարենցավան քաղաքում, բազմաբնակարան շենքում: Արդեն երկու տարի Կոտայքի մարզի Բջնի  գյուղում հողամաս են վերցրել, մշակում են:

 

«Գյուղի կնոջ կյանքն ընդհանրապես նման չէ քաղաքում ապրողի առօրյային:  Ես չգիտեի գյուղի կնոջ մեծությունը: Մենք պետք է մեծարենք գյուղի կանանց, նրանց տանջանքն ու չարչարանքը զգալով իմ մաշկի վրա, խոնարհվում եմ նրանց առաջ: Այդ բարիքները, որից օգտվում ենք, էդ ամենն իրենց շնորհիվ է: Խոնարհվում եմ գյուղի մայրիկների, տատիկների առաջ»,-ընդգծում է նա:

 

Տիկին Ժենյան գյուղի կնոջ արժեքը վերջին երկու տարում է բացահայտել, երբ ինքն էլ գյուղում է եղել մոտիկից ծանոթացել նրանց: Գյուղի կնոջ համար նա բանաձև է գտել. «Գյուղի կին նշանակում է ստեղծագործող, իհարկե ոչ արվեստում, կերակրող մայր: Իրենք են մեզ կերակրում, բարիքներ ստեղծում, եթե գյուղի կինը չլինի, ես կվարտիրայում ի՞նչ կարող եմ ստեղծել էդ պանիրը, էդ համով լավաշը…»:

 

Տիկին Ժենյան մի բանից է դժգոհ, օրն անցնում է լարված, հագեցած, չի հասցնում գիրք կարդալ. «Կասյանի տոնավաճառում Օշական գյուղից կողքս մի կին էր կանգնում: Պատմում էր, որ գիշերվա ժամը 3-ինէ  արթնանում, որ կովերը հասցնի կթի, վերջացնի, իսկ առավոտյան էլ բերի իր մշակած կաղամբը վաճառի»:

 

Այս ամենով հանդերձ տիկին Ժենյան անկեղծ է. «Երբեք չէի ուզի, որ աղջիկս գյուղում ամուսնանար: Ես այս տանջանքը տեսնելով՝ նման բան չէի ուզի»:

 

Գյուղի կանանց հետ զրուցեց , նրանց աճեցրած բերք ու բարիքի համը փորձեց

Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 4547

Գլխավոր էջ