Թեւան Պողոսյան. Աղջիկներս….
Այս պատմությունը ներկայացված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ Մեդիամաքս մեդիա-ընկերության կողմից վերջերս հայտարարված «Իմ աղջիկը» շարադրությունների մրցույթին: Հեղինակները՝ հայրերն են, ովքեր պատմում են իրենց դուստրերի մասին: Մեզ հատպապես հետաքրքրեց Թեւան Պողոսյանի մրցույթին ներկայացված պատմությանը, քանի որ ութ տարի առաջ «Կինը եւ քաղաքականությունը» թերթի համարներից մեկում անդրադարձել էինք նրա ընտանիքին: Այն ժամանակ նրանք վեցով էին՝ ամենափոքրիկը դեռ չէր ծնվել, Թեւան Պողոսյանը պատգամավոր չէր, մեր թերթն էլ գունավոր չէր…
Սպասում էի: Արդեն տասներորդ ժամն էր անցնում ծննդատանը…
– Աչքներդ լույս, աղջիկ եք ունեցել, – ականջիս հասավ բարձրահասակ բուժքրոջ զվարթ ձայնը:
Սրտիս հարվածների արագությունից մի պահ թվաց խլացել եմ: Աչքերս մոռացել էին թարթելն ինչ է: Ոտքե՞րս ուր են: Հա, հա, էստեղ են ու ինձ տանում են աջ ու ձախ, ձախ ու աջ… Չորրորդ անգամն էր արդեն, որ նույնն էի լսում, բայց ամեն անգամ ինձ թվում էր, թե դա առաջին ու միակ, անսպասելի ու անկրկնելի պահն ու զգացողությունն է: Սկսեցի գոռգոռալ ու ծափ տալ: Քույրն ասաց, որ կարող եմ տեսնել կնոջս: Վազեցի: Աշխարհի ռեկորդակիրն անգամ էդ պահին չէր կարող հասնել ինձ: Վազեցի: Ուզում էի գրկել նրան, պահել գրկումս ու բաց չթողնել: Պտտվել ու պտտվել՝ անվերջ շշնջալով ականջին, թե ինչքան շնորհակալ եմ:
Հետո տեսա աղջկաս՝ Ադրինեին: Պուճուրիկ էր: Վտիտ: Ինչպես պարտեզում հենց նոր քաղած ծաղիկը: Այդ ծաղկի պես նրան էլ էր խնամք պետք: Նայեցի կնոջս աչքերին: Համոզված էի, որ երջանկություն եմ տեսնելու, բայց ինչ-որ անորոշություն, հապաղում նկատեցի: Ասես երջանկությանը սեղմել էին անկյունում, որտեղ այն սպասում էր իմ հավանությանը՝ պոռթկալու: Համբուրեցի կնոջս ու ժպտացի.
– Է, ի՞նչ անենք, թե տղա չունենք: Աշխարհի ամենաերջանիկ հայրն եմ: Պուճուր ունենք, պուճուրիկ աղջիկ, – գոռգոռում էի ես՝ չփորձելով անգամ զսպել արցունքներս:
Կիրակի առավոտ էր: Դռան թակոց լսեցի՝ մեղմ, փոքր-ինչ վախվորած: Զգացի, թե ինչպես դուռն սկսեց դանդաղ սահել գորգի վրայով: Արագ շրջվեցի՝ տեսնելու, թե որ հիմարն է համարձակվել ինձ արթնացնել կիրակի առավոտյան, երբ ամբողջ շաբաթ քիթ մաքրելու ժամանակ չեմ ունեցել: Այն ինչ տեսա, իմ հոգնածությունից կարմրած ու զայրացած աչքերի համար նույն սպեղանի էր, ինչ գարնանային արեւը՝ համառող ձնից ազատվել տենչացող հողի համար: Քրիստինան թեյերի տուփն էր բռնել, Էնջըլը՝ խնձորներից ու նարինջներից ճկվող սկուտեղը: Մանեն թթվասերի, կաթնաշոռի ու մեղրի թասերով էր աճպարարություն անում, իսկ Ադրինեն քչփորում էր տաք ու փափուկ հացը: Նրանք էնպես լուրջ ու խելոք էին կանգնել, ասես իսկապես վախեցել էին իմ «կատաղած» հայացքից:
Ժպտացի: Ժպտացին աղջիկներս: Առավոտ լուսո: Առավել լուսավոր առավոտ, քան արթնանալ փոքրիկներիդ սիրող ժպիտներով, չի լինում:
Չկա այլ հրաշք, քան գիտակցել, որ քո արյունը, քո հայությունը, քո ինքնությունն ու արժեքները շարունակելու են հաջորդ սերունդները: Երբ Քրիստինան փորձում է կարգի հրավիրել քույրերին, թե մի՛ կռվեք, թե քույր լինելուց կարեւոր բան չկա էս կյանքում, երբ Էնջըլը սովորում է գիշեր ու ցերեկ, երբ Մանեն պատահաբար վառ թողած բոլոր լույսերն սկսում է հերթով անջատել, եւ երբ Ադրինեն սառնարանի վրայի հուշանվերներով մարդուկներ է պատրաստում, ես գիտեմ, որ շարունակվելու եմ: Նրանց՝ իմ աղջիկների մեջ ես ինձ եմ տեսնում՝ պարզորոշ ու հստակ:
Երբ յուրաքանչյուր «Աչքներդ լույս, աղջիկ եք ունեցել» աշխարհի ամենահրաշալի լուրից հետո հարբած ու տանջված մտնում էի սենյակ, փոքրիկ աղջկաս տեսնելու, միանգամից լրջանում էի: Գիտակցությունը, որ ինչ-որ յուրահատակ բան է տեղի ունեցել, միանգամից սթափեցնում էր ինձ: Ինչ-որ ուրիշ, հատուկ զգացուղություն է դա, որը ոչ մի հայր չի կարող զգալ, եթե աղջիկ չի ունեցել: Ինձ է վերապահված հոգալ դստերս մասին: Ես պիտի պաշտպանեմ նրան, ատելությամբ լցվեմ յուրաքանչյուր տղայի հանդեպ, ով կհամարձակվի մոտենալ նրան, անգամ մի հայացք նետել նրա վրա խանութում: Ես պետք է խիստ լինեմ աղջկաս հետ, թեեւ նա չի հասկանալու եւ գնահատելու դա հիմա, չի հասկանալու, որ խիստ, զայրացած կամ ամեն մի քայլը վերահսկող լինելը բնավ իմ ընտրությունը չէ:
Ես հույս ունեմ, երբ ծեր ու զառամյալ, մի օր կնոջս հետ նստած կլինենք ճտճտացող բուխարու մոտ, աղջիկներս կողքիս կլինեն՝ ուրախ, երջանիկ եւ շնորհակալ, որ ես հենց այդպիսի հայր եմ եղել:
Աղբյուրը՝ Mediamax.am , որտեղ դուք կարող եք գտնել այլ հայրիկների ոչ պակաս հետաքրքիր պամություններ
Դիտումների քանակը` 6297