Կրկին մայրական նպաստների մասին. պարզաբանում
2016 -ին պետության կողմից տրամադրվելիք երեք տարբեր տիպի նպաստների՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ նպաստի և երեխայի խնամքի նպաստի ավելացումներ նախատեսված չեն: WomenNet.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը` նշելով, որ միակ փոփոխությունը, որ կլինի 2016-ից, վերաբերում է չաշխատող մայրերին տրվող մայրության նպաստի ներդրմանը, ինչն օրենքով ամրագրվել է 2014-ին:
Պաշտոնյան նշեց, որ չաշխատող կանանց տրվող մայրության նպաստը կտրվի միանվագ՝ նվազագույն աշխատավարձի հաշվարկի հիման վրա և կկազմի մոտ 126.600 դրամ.
«Աշխատող կանանց տրվող նպաստի կարգում 2016թ-ի հունվարի 1-ից ոչ մի փոփոխություն չի կատարվում: Աշխատող կնոջը տրվող մայրության նպաստի չափը չի կարող ավելի քիչ լինել չաշխատող կնոջը տրվող նպաստի չափից»,- ասաց նա:
Կա մեկ բայց` ոչ բոլոր չաշխատող կանայք, որոնք երեխա կունենան 2016թ-ին, հնարավորություն կստանան օգտվել այդ նպաստից: Սահմանափակումը կապված է հղիության եւ ծննդաբերության անաշխատունակության թերթիկի տրման ժամկետի հետ.
«Եթե այդ թերթիկում անաշխատունակության սկիզբը կլինի 2016թ-ի հունվարի1-ը և դրանից հետո ընկած ժամանակահատվածը, ապա չաշխատող կինը այդ նպաստը կստանա: Սակայն եթե կինը ծննդաբերելու է 2016թ-ին, բայց թերթիկը իրեն տրվել է 2015թ-ի նոյեմբերին կամ դեկտեմբերին՝ չաշխատող այդ կինը 126 600 հազար դրամ մայրական նպաստը չի ստանա»,- բացատրեց տիկին Գալստյանը:
Հիշեցնենք, որ անաշխատունակության թերթիկը կնոջը տրվում է 30 շաբաթականում՝ հղիության 7-րդ ամսում: Եթե նույնիսկ չաշխատող կինը ծննդաբերում է 2016թ-ի հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, ակնհայտ է, որ նրա անաշխատունակության թերթիկը չի կարող սկսվել հունվարի 1-ից, եւ ուրեմն նա չի ունենա այդ նպաստի իրավունքը:
Այսինքն, գովեստի արժանացած պետության նախաձեռնությունը` աջակցություն ցուցաբերել նաեւ չաշխատող ծննդաբերող կանանց , սահմանափակում է պարունակում: Իհարկե, այս սահմանափակումը օրենքի կիրառման միայն մեկնարկին է վերաբերվում, բայց փաստը մնում է փաստ` 2016-ի սկզբին ծննդաբերող կանանցից ոչ բոլորն են ստանալու ակնկալվող նպաստը: Ինչու՞ են նրանք արժանանում խտրական մոտեցման: Վերջապես, ինչ կապ ունի, թե երբ է իրեն տրվել անաշխատունակության թերթիկը, չէ որ օրենքի կարգավորման առարկան ոչ թե թերթիկում նշված ժամկետն է, այլ ծննդաբերող չաշխատող կնոջն աջակցելը: Հասկանալի է, որ սահմանափակման միջոցով կառավարությունը հերթական անգամ գումար է խնայում, ինչը սակայն ստվեր է գցում իր իսկ նախաձեռնության վրա:
Եթե հաշվի առնենք, որ պետության նախաձեռնությունը վերաբերում է տարեկան շուրջ 30 հազար չաշխատող մայրերի եւ տարեկան մոտ 4 մլրդ դրամի լրացուցիչ բեռ է պետբյուջեի համար , ապա դԺվար չէ հաշվարկել, որ նոյոմբեր-դեկտեմբերին անաշխատունակության թերթիկ ստացողների հաշվին խնայվելու է մոտ 660 մլն. դրամ: Այս տարի օրենքից , ըստ էության, չեն կարողանա օգտվել մոտ 5 հազար չաշխատող կանայք:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցը չհամաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ փաստորեն հունվար ու փետրվար ամիսներին ծննդաբերող չաշխատող կանայք զրկվում են մայրական նպաստից: Տիկին Գալստյանը շտապեց ասել, թե գոյություն ունի նաև վաղաժամ ծննդաբերություն՝ 22 շաբաթականից հետո, այնպես որ միանշանակ չէ, որ բոլորը կզրկվեն.
«Դրա համար այդպես չասենք: Առաջնորդվում ենք նրանով, թե բուժհաստատության կողմից տրված թերթիկում անաշխատունակության սկիզբը ինչ ժամկետով է գրված»,- հավելեց նա:
Նշենք, որ նման սահմանափակումներն ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Բավական է հիշել, թե ինչ արագությամբ անառողջ մթնոլորտ առաջացավ սելեկտիվ աբորտներն արգելելու օրենսդրական նախաձեռնության շուրջ : Որոշ «վայ էխոիստներ», օգտվելով խնդրի հնչեղությունից, պտղի սեռը ծնողներին հայտնում էին միայն «հույժ գաղտնի պայմաններում», ասելով, թե դա իբր արգելված է, բայց 5000 դրամը այդ արգելքը հանում էր: Եվ մարդիկ հավատում էին: ՀՀ Առողջապահության նախարարությունը ստիպված եղավ հանդես գալ բացատրությամբ, որ նման արգելք գոյություն չունի եւ չի էլ առաջարկվում : Այս պատմության համատեքստում հռետորական հարց է առաջանում . արդյո՞ք անաշխատունակության թերթիկում պահանջվող ժամկետներ գրառելու անհրաժեշտությունը չի հանգեցնի խարդախությունների …
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված
Մայրության նպաստների մասին օրենքն ընդունվեց վերջնական ընթերցմամբ
Մայրության նպաստների մասին աղմկահարույց նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Դիտումների քանակը` 4957