Ի՞նչ թերություններ է հայտնաբերել քաղաքապետարանը դպրոցների բուֆետներում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 156 հանրակրթական ուսումնական հաստատությունների բուֆետների և ճաշարանների վիճակի և մատակարարվող սննդի որակի ապահովման ուղղությամբ ուսումնասիրություններ կատարելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, հանրակրթության վարչության և հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից համատեղ կազմակերպվել են շրջայցեր: Դրանց  արդյունքում   զեկուցվել է, որ թերություններ են գրանցվել քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցներում:  Panorama.am –ը  հետաքրքրվել է  այդ  թերություններով ՝ գրավոր հարցում ներկայացնելով քաղաքապետարանի համապատասխան վարչությանը:  Պարզվեց, որ հայտնաբերված թերությունները  լուրջ  չէին ու դրանց  համար ոչ պատժվածներ կան, ոչ էլ խզված պայմանագրեր:

 

«Ուսումնասիրությունների ընթացքում հիմնականում թերություններ են հայտնաբերվել Աջափնյակ, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների դպրոցներում: Դպրոցական 17 բուֆետներ ունեն ընթացիկ վերանորոգման կարիք, ինչպես նաև որոշ բուֆետներ անհրաժեշտ է համալրել գույքով և սարքավորումով»,- հայտնեցին քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունից:

Գրավոր պատասխանի համաձայն, արձանագրված թերությունները վերացնելու նպատակով տրվել էր 10-օրյա ժամկետ:

«Այն լրանալուց հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից կրկին իրականացված ուսումնասիրությունների և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ թերությունների զգալի մասը մատակարարների կողմից վերացվել էր, իսկ մնացած աշխատանքները նպատակահարմարությունից ելնելով կատարվելու են ս/թ հոկտեմբերի 3-րդ տասօրյակի ընթացքում՝ դպրոցական արձակուրդների օրերին»,-հայտնում են քաղաքապետարանից:

Ո՞ւմ մեղքով են եղել թերությունները, ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել նրանք:

«Նկատի ունենալով, որ իրականացված ուսումնասիրությունների ընթացքում լուրջ թերություններ չեն հայտնաբերվել և դրանց մի մասն արդեն վերացվել են, ուստի պատասխանատվության ենթարկվածներ չեն եղել»,-պատասխանել են քաղաքապետարանից:

Պայմանագրերի խզման դեպքեր ևս չեն եղել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցական բուֆետների վերանորոգման, դրանք անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և այլ պարագաներով համալրելու, մատակարարվող սննդի որակը բարելավելու ուղղությամբ կատարվել են բավականին դրական աշխատանքներ, ուստի նախորդ երկու տարիներին և ընթացիկ տարվա ընթացքում պայմանագրեր չեն խզվել»:

Նախօրեին քաղաքապետարանից հայտնեցին, որ մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակի, անվտանգության, սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրման նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում են ստուգայցերը: Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում կատարված ստուգումների ադյունքում սննդի որակի, պահպանման պայմանների և ժամկետների վերաբերյալ խախտումներ չեն արձանագրվել:
Ովքե՞ր են սպասարկում դպրոցների բուֆետները

 

Մինչդեռ  Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն  այս հարցի կապակցությամբ  հայտարարություն է տարածել, որում ,մասնավորապես, հիշեցնում է, որ  ուսումնական տարվա առաջին օրերին դիմել էր Երևանի քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնք տնօրենների հայտարարած մրցույթների արդյունքում հաղթել են և պետք է շահագործեն քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բուֆետներն ու այդ պայմանագրերի պատճեները:

«Պատասխանից ակնհայտ է դառնում, որ դպրոցների բուֆետների վիճակի ու մատակարարվող սննդի որակի ապահովման ուղղությամբ ուսումնասիրություններ են իրականացվում, որոնց ընթացքում առաջարկվել է դպրոցների տնօրեններին և մատակարարներին ձեռնարկել միջոցներ ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված թերությունները կարճ ժամկետներում վերացնելու ուղղությամբ:

 

Սակայն պատասխանում ամենակարևորն տեղեկությունն այն էր, որ ուսումնասիրությունների արդյունքնրը ամփոփելուց և քննարկելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դպրոցների տնօրենների և մատակարարների միջև կկնքվեն պայմանագրեր: 10 օրն արդեն անցել է, սակայն՝ ոչ մի տեղեկություն պայմանագրերից: Իսկ բուֆետներում սննդի որակից ու տեսականուց բողոքներ՝ որքան ասեք ու ոչ մի արձագանք պատկան մարմինների կողմից: Ստացվում է, որ դպրոցներում մատակարարվող սնունդը ոչ մեկի կողմից չի վերահսկվո՞ւմ, նման անտարբերությունը կարող է շատ տխուր հետևանք ունենալ:

Շատ հրատապ հարց է ծագում, թե ովքե՞ր են սպասարկում դպրոցների բուֆետները, եթե մինչ օրս չկան այդ պայմանգրերը, որոնցով պետք է սահմանվեն սննդի որակի նկատմամբ վերահսկողությունը թե՛ մատակարարի, թե՛ տնօրենների կողմից: Հարցը պահանջում է հրատապ լուծում»,-տարածած հայտարարության մեջ նշել է ավագանու անդամը:

 

Երեխաներին շարունակում են արգելված սնունդ վաճառել

 

Նշենք, որ ավելի վաղ  սեպտեմբերի սկզբին    Panorama.amահազանգել էր, որ դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ  Բաբկեն Պիպոյանը  հայտնել էր լրատվամիջոցին, որ  այցեր է իրականացրել մայրաքաղաքի մի քանի դպրոցներ, որոնց արդյունքում  հայտնաբերվել են մի շարք խախտումներ, օրինակ դպրոցներում վաճառվում են գազավորված ըմպելիքներ ու չիպսեր, ինչը, ըստ Պիպոյանի, առողջապահության նախարարի հրամանով արգելված է: Չկան սնունդի պահպանման նորմալ պայմաններ:
Մեկ ամիս անց, հոկտեմբերին  թեմային էր անդրադարձել «Ազատություն» ռադիոկայանը ՝ նշելով, որ  Երևանի թիվ 71 և 114 դպրոցների բուֆետներում իրենց այցելւթյան պահին  վաճառվում էին գազավորված ըմպելիքներ, չիպսեր, տարբեր միջուկներով բուլկիներ, ինչպես նաև տոմատի մածուկով, մայոնեզով, նրբերշիկով պատրաստված պիցցաներ: Բուֆետի աշխատակցուհին նշել է, որ վերահսկողությունն իրականացնում է դպրոցի բուժքույրը, ով սակայն, ստուգում է միայն բուֆետի մաքրությունը: Իսկ սննդի որակի հարցը մնում է արտադրողի խղճին:

 

Մինչդեռ, առողջապահության նախարարի հրամանով, ավելի քան մեկ տարի է, ինչ գազավորված ըմպելիքների, միջուկով կարկանդակների, չիպսերի ու հատկապես՝ պիցցաների վաճառքը դպրոցներում արգելված է: Հրամանը կա, բայց վերահսկողություն չկա, ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ կասկածելի համարելով այն չափանիշները, որոնցով ընտրվում են երեխաներին սնունդ մատակարարող ընկերությունները:

 

Մնում է միայն զարմանալ, որ քաղաքապետարանը իր  ստույգայցերի արդյունքում  նշված թերությունները չի նկատել՝  մտահոգվելով    միայն   բուֆետների ոչ պատշաճ կահավորմամբ:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ովքե՞ր պետք է կանխարգելեն սննդային թունավորումներն ու հետևություններ անեն

«Հանրային սննդի օբյեկտների գերակշիռ մասը սանիտարահիգիենիկ խայտառակ վիճակում է»

Թունավորում Բաղրամյան գյուղի դպրոցում / լրացված

Ի՞նչ են ուտում հայաստանցի դպրոցականները

Դիտումների քանակը` 4121

Գլխավոր էջ