«Բժիշկները հաճախ մեծ ցավ են ապրում, երբ առողջ պտղի կյանքն ընդհատում են»…
Դիտարկումներ պտղի սեռով պայմանավորված աբորտներն արգելող օրինագծի շուրջ
Հայաստանում պտղի սեռով պայմանավորված աբորտների թիվն այնպիսի ահասարսուռ ծավալների է հասել, որ ժողովրդագրական լուրջ վտանգ են սպառնում: Մեր երկրում տղա երեխաներին նախապատվություն տալու հետեւանքով տարեկան 1400-1600 աղջիկ երեխաներ չեն ծնվում: Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է, որ մինչեւ 2060 թվականը Հայաստանում չեն ծնվի 93.000 աղջիկներ, կամ ապագա մայրեր, ինչի արդյունքում էլ Հայաստանի բնակչությունը մինչև 2060 թվականը կնվազի հավելյալ 80 000 մարդով (սա ներկայում Հայաստանի 2 տարվա ծնունդների թիվն է) և, այլ հավասար պայմաններում, կկազմի մոտավորապես 2.6 միլիոն:
Կառավարությունը ժողովրդագրական այս խնդրի դեմ պայքարելու մեխանիզմը կարծես թե գտել է. մշակվել է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը դեռ պիտի քննարկվի Ազգային ժողովում: Ըստ էության, նախագծով արգելվում է 12-ից մինչեւ 22 շաբաթական պտղի սեռով պայմանվորված արհեստական ընդհատումներն, իհարկե, եթե դրանց համար բժշկական ցուցումներ չկան:
Մասնավորպես, նախագծի հիմնավորման մեջ գրված է՝ «Նախագծով առաջարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը ամբողջովին վերանայել` հստակ ամրագրելով սեռով պայմանավորված աբորտ կատարելու արգելքը, որի խախտման դեպքում արարքը կդիտարկվի որպես ապօրինի կատարված եւ կհանգեցի օրենքով նախատեսված պատասխանատվությանը»:
Նշենք, որ պտղի սեռը երեւում է սկսած 12 շաբաթական հղիությունից: Հնարավո՞ր է արդյոք շրջանցել օրենքը, եւ ցանկության դեպքում, ազատվել,մեր հասարակության մեծ մասի համար, ցավոք, անցանկալի աղջիկ երեխայից: WomenNet.am-ն այս հարցի շուրջ զրուցեց հանրապետության խոշոր բուժկենտրոններից մեկի մանկաբարձ-գինեկոլոգի հետ, որը հասկանալի պատճառներով, չցանկացավ անունը հրապարակենք: Բժիշկը պատմում է, որ ինքը հանդիպել է կանանց, որոնք երբ տեղեկացել են, որ հղի են, չեն ցանկացել գրանցվել, հաշվառվել, ու բժիշկն անմիջապես գլխի է ընկել, որ այդ կանայք սպասել են մինչեւ պարզվի պտղի սեռը, ըստ այդմ էլ որոշեն՝ կծծնդաբերե՞ն, թե ոչ:
Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքերով՝ որքան էլ օրենքով արգելվեն պտղի սեռով պայմանավորված աբորտները, այնուամենայնիվ, այն կանայք, որոնց կամ ստիպում են, կամ իրենք կամավոր ուզում են ազատվել աղջիկ երեխայից, մեթոդներ կգտնեն դա անելու. «Տեսեք, եթե կինը հղիացել է, ու նա ոչ պոլիկլինիկայում, ոչ էլ որեէ հիվանդանոցում չի գրանցվում, հաշվառման չի կանգնում, ոչ մի կերպ վերահսկելի չէ այս կինը: Հետեւաբար, երբ լրանա հղիության 12 շաբաթականը, եւ ասենք՝ իմանա պտուղը աղջիկ է, որից ուզում է ազատվել, նա կգտնի մի բժիշկ, որը աբորտ կանի, գուցե ավելի թանկ կարժենա այդ աբորտը, բայց եթե բժիշկն էլ իմանա, որ այս հղիության մասին ոչ մի արձանագրություն չկա, գուցեեւ կատարի հղիության արհեստական ընդհատումը: Ես սա ցավով եմ ասում, բայց երեւույթի դեմ նման պայքարը մեծ արդյունք չի տա, այդ արգելքն այնքան էլ ազդեցիկ չէ: Պարզապես կոռուպցիոն ռիսկն են մեծացնում, աբորտի գինը բարձրացնում»:
WomenNet.am-ի հետ զրույցում Անահիտը (անունը փոխված է) պատմում է, որ 3-րդ հղիության մասին լուրն ամուսնուն այնքան էլ չէր ուրախացրել, հույսը քիչ էր, որ տղա կլինի. Նրանք 2 դուստր ունեին, եւ շատ էին ցանկանում 3-րդը տղա լինի: Անահիտն ասում է, արդեն 12-ից մի քիչ ավելի էր հղիությունը, երբ պարզվեց, որ նորից աղջիկ է պտւղը. «Ամուսինս բառի ուղիղ իմաստով՝ գազազեց, տեղը չէր գտնում, ասում էր՝ ի վիճակի չեմ 3-րդ աղջիկն ունենալ: Երկուսը հերիք են, մի բան էլ՝ շատ: Ես հաշվառված չէի, ընդամենը մի բժիշկ գիտեր, որ հղի եմ, էխոյի բժիշկն էր, փողը տվեցի էխոյի համար, ինքն իմ անուն ազգանունը ոչ գրանցեց, ոչ կտրոն տվեց: Ես, ոնց որ գոյություն չունեցող հղի էի, ամուսնուս քույրն առանց դժվարության գտավ մի բժիշկ, որը համապատասխան «մաղարիչով» արեց աբորտը»: Անահիտն ասում է՝ 4-րդ անգամ հղիացավ, 4-րդն էլ՝ աղջիկ էր, ու էլի նույն ճանապարհով, նույն բժշկն է կատարել աբորտը.«Հիմա ամուսինս հույսը կտրել է, որ տղա կունենանք, որպեսզի այլեւս այդ դաժան պրոցեդուրայի չենթարկվեմ, սպիրալ եմ (պարույր) դրել: Վերջին աբորտի ժամանակ արգանդս վնասվել էր, բորբոքում ունեի, երկար բուժվեցի»:
Մանկաբարձ-գինեկոլոգն ասում է, որ գործող օրենքով էլ արգելվում է 12 շաբաթականից հետո հղիության արհեստական ընդհատումը, եթե պտուղը պաթոլոգիաներ չունի, կամ կյանքի հետ համատեղելի չէ հղիությունը. «Անգամ, եթե, կենցաղային ասած՝ նորմալ հղիություն է, էլի եմ կրկնում, բժիշկներ կլինեն, որոնք կանեն աբորտ, քիչ կլինեն, բայց, այնուամենայնիվ: Թեպետ ես վստահ եմ, որ մեր բժիշկների մեծ մասը բարեխիղճ է, մանավանդ մանկաբարձները հաճախ մեծ ցավ են ապրում, երբ առողջ պտղի կյանքն ընդհատում են»:
Նշենք, որ օրենքի նախագծով, խախտում կատարած բժիշկների համար վարչական բարձր տույժեր են սահմանված: Ըստ նախագծի, բժիշկը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում ընդհատումից առաջ իրեն դիմած հղի կնոջը տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված՝ 3 օրացուցային օր, ինչպես նաեւ աբորտից անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը տրամադրել անվճար խորհրդատվություն ընդհատման հնարավոր բացասական հետեւանքների վերաբերյալ, ինչի մասին բժշկի կողմից գրառվում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում եւ հաստատվում կնոջ ստորագրությամբ: Ըստ նախագծի՝ բժիշկը աբորտից առաջ պարտավոր է կնոջը տրամադրել անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ:
Մեր զրուցակիցն անդրադառնալով նախագծի վերընշված պայմաններին, նկատում է՝ կառավարությունն ամբողջ պատասխանատվությունը բժիշկների վրա է բարդել, մինչդեռ կանանց հղիութան ընդհատման վատ հետեւանքների մասին տեղեկություններ տրամադրելու, աբորտները կանխելու այլ մեթոդներ են պետք մշակել. «Այդ օրենքը գրողների մեջ գործող մանկաբարձ-գինելոկոգ եղե՞լ է, իրենք գոնե պատկերացնո՞ւմ են բժիշկների սենյակների մոտ օրական որքան հղիներ կան, որոնք ժամերով սպասում են իրենց հերթին: Ու այս օրենքով, բժիշկների գործն ավելացնում են, այսինքն մի քանի կնոջ հետազոտելու փոխարեն, մենք պիտի բավականին երկար ժամանակ տրամադրենք հղիությունը ընդհատել ցանկացող կնոջը: Ի սեր աստծո, եթե դա օգուտ կտա, կանենք, բայց ինչպես կարելի է ամեն ինչ թողնել բժիշկների վրա»:
Բժիշկն ասում է՝ փոխանակ կառավարությունն ամեն ինչ անի, որպեսզի մեր երկրում կյանքը լավանա, որպեսզի աղջիկների ծնունդը նույնքան սպասված ու ցանկալի լինեն, որքան տղաներինը, նստում, մտածում են՝ ոնց պատժեն աբորտ անող բժշկին. «Այսպես չի կարելի»:
Մեր զրուցակիցը նկատում է՝, որ բազմաթիվ ընտանիքներ 2-րդ, կամ 3-րդ աղջիկ երեխան չեն ցանկանում ունենալ, քանի որ պարզապես ի վիճակի չեն պահել, մեծացնել, թեեւ նպաստառու ընտանիք էլ չեն: «Կյանքը բարդացել է: Կառավարությունը պարտավոր է ֆինանսական այնպիսի աջակցություն ու այնքան ժամանակով տրամադրի, որպեսզի ընտանիքներն ապահով լինեն, կամ այնպիսի պետություն ստեղծի, որ մարդիկ ոչ թե 2, այլ 4-րդ, 5-րդ, 6-րդ երեխան ուզենան ունենալ: Թե չէ այսպես օրենք գրելով աբորտների դեմ պայքարը մեծ հաշվով ցանկալի արդյունք չի տա»,- կարծում է մանկաբարձ-գինեկոլոգը:
Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության ղեկավար Կարինե Սարիբեկյանն ասաց, որ 12 շաբաթականից բարձր հղիությունն քրեորեն պատժելի է, եւ կապ չունի բուժաշխատողին փաստաթղթերով կգտնեն, ինչ-որ մեկը կգնա կհայտնի այդ մասին ու կբացահյատվի, միեւնույն է այդ բժիշկը հանցանք է կատարել: Մեր այն դիտարկմանը՝ եթե ոչ ոք չհայտնի այդ մասին, ապա ինչպե՞ս է բացահայտվելու հանցանքը, Սարիբեկյանն ասաց՝ հնարավոր է եւ չբացահայտվի. «Նախարարությունը գործառույթ չունի, որ գնա ստուգի, պարզապես օրենսդրությունը հստակ սահմանում է՝ ինչն է արգելված: Իսկ եթե բժիշկը չի գրանցում աբորտի մասին, դա կոչվում է թաքնված աբորտ, կրիմինալ աբորտ: Չենք բացառում, որ կլինեն բժիշկներ, որոնք կգնան այդ տեսակ աբորտներին: Բայց օրենքը կլինի զսպող մեխանիզմ: Նման գինեկոլոգները շատ քիչ են այսօր, առավելեւս՝ մեծ ժամկետներում: Գուցե 100ից 1-ը արգելված աբորտը կանի, բայց այդ քչերը տեսադաշտում կլինեն, եւ կպատժվեն, մյուսներն էլ՝ զգոն կլինեն: Նոր օրենսդրությունն ավելի է խստացվել, ու չեմ կարծում կավելանան ապօրինի աբորտնեի թիվը»:
Ինչ վերաբերում է նրան, որ աբորտ անող կնոջը հետեւանքների, կամ անցանկալի հղիությունից պաշտպանվելու մասին բժիշկները պետք է մանրամասն տեղեկություններ տրամադրեն, ինչը ոչ բոլոր բժիշկների սրտով է եւ գտնում են, ծանրաբեռնվածություն է ավելանում, ապա Սարիբեկյանն ասաց, որ այդ գործառույթը վերաբերում բոլոր մանակաբարձ-գինեկոլոգներին, դա նրանց պարտականությունն է, իրենց աշխատանքի անբաժանելի մասը. «Բոլոր հնարավոր ճանապարհները պետք է օգտագործվեն իրազեկումը բարձրացնելու համար: Սա մի մեխանզիմ է, որ կինը խորհրդատվություն ստանա մինչեւ աբորտը, մտածի՝ ընդհատի՞, թե ոչ հղիությունը, խոսքը բոլոր տեսակի աբորտների մասին է»:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալներով՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102/106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով, մինչդեռ Հայաստանում արդեն 20 տարի է, ինչ ծնվածների սեռերի հարաբերակցությունը պահպանվում է 114 տղա/100 աղջիկ: Սրա հետեւանքով այսօր արդեն Հայաստանում մինչեւ 20 տարեկանների շրջանում 40 000-ով ավել տղա է ծնվել, քան աղջիկ:
Նելլի Բաբայան
Դիտումների քանակը` 3514