Աշխարհի աղքատ բնակչության միայն մեկ երրորդն է ստանում որևէ սոցիալական պաշտպանություն
ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) հոկտեմբերի 12-ից Պարենի համաշխարհային շաբաթ էր հայտարարել: Այն սկսվեց Համաշխարհային պարենային անվտանգության Կոմիտեի 42-րդ նիստի բացմամբ եւ եզրափակվեց Պարենի համաշխարհային օրվա տոնական արարողությամբ, որը տեղի ունեցավ Միլանի էՔՍՊՈ-ում հոկտեմբերի 16-ին: Շաբաթվա առանցքային իրադարձություն դարձավ ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսական կազմակերպության «Իրադրությունը պարենի և գյուղատնտեսության ոլորտում – 2015» նոր հրապարակման շնորհանդեսը:
Ըստ հրապարակման , սոցիալական պաշտպանությունը շատ կարևոր գործիք է սովի դեմ, սակայն գյուղերում բնակվող շատ աղքատներ զրկված են դրանից. միայնակ մայրերը չեն ստանում որևէ նպաստ երեխաների համար, իսկ կենսաթոշակային տարիքի մարդիկ թոշակ չեն ստանում: Մինչդեռ աղքատ երկրների համար սոցիալական պաշտպանության ծրագերը աղքատության և սովի կրճատման, երեխաների առողջության, կրթության և կենսապայմանների բարելավման միջոց են:
Զեկույցում ասվում է, որ աշխարհի աղքատ բնակչության միայն մեկ երրորդն է ստանում որևէ սոցիալական պաշտպանություն ( Հայաստանում աղքատների միայն կեսն է օգտվում նպաստներից –խմբ.): Ընդգրկման ցուցանիշներն առավել ցածր են Հարավային Ասիայում և Աֆրիկայի Սահարայից հարավ ընկած երկրներում՝ ծայրահեղ աղքատության բարձր համամասնության երկրներում:
Զեկույցը թողարկվել է Պարենի համաշխարհային օրվա նախօեին, որը նշվում է հոկտեմբերի 16-ին: Այս տարի ուշադրության կենտրոնում է սոցիալական պաշտպանության դերը գյուղական վայրերում աղքատության արատավոր շրջանակը կոտրելու մեջ:
«Չափազանց կարևոր է աջակցել բնակչության առավել խոցելի շերտերին, որպեսզի փրկենք աշխարհը սովից», – ասել է ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսական կազմակերպության Գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվան:
Զեկույցի հեղինակների կարծիքով, առանց աղքատներին և խոցելի շերտերին օգնելու դժվար կլինի դուրս գալ սովի ճիրաններից, վերջիվերջո, սովը, հիվանդությունները և կրթության բացակայությունը խորացնում են իրավիճակը, և աղքատությունն անցնում է սերնդից սերունդ:
Այդուհանդերձ, զեկույցի հեղինակները նշում են, որ սոցիալական պաշտպանությունն ինքնին չի հանգեցնի սովի և աղքատության վերացման գյուղական վայրերում: Նրանք կոչ են անում ուժեղացնել աղքատների պետական աջակցությունը՝ ներդրումներ կատարելով գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման մեջ: Փորձագետների կարծիքով, հենց նման միջոցառումները կապահովեն ընդգրկուն տնտեսական աճ և կօգնեն կոտրել աղքատության արատավոր շրջանակը գյուղական վայրերում:
Դիտումների քանակը` 2891