Սիրիահայ փախստականները Նանսենի թանգարանում
Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ ու կառուցվածքովԵրեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Նանսենի թանգարանը տարբերվում է մայրաքաղաքի մյուս թանգարաններից: Այն բացվել է ուղիղ մեկ տարի առաջ ՝ բարերաներ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների նախաձեռնությամբ:
Ընդամնեը 40,6 քառակուսի մետր մակերես ընդգրկող թանգարանի / ճարտարապետ Ալբերտ Սոխիկյան/ միակ ցուցասրահում այցելուները ցուցադրվող հայերեն գրքերի, ցուցապաստառների, քանդակների և թողարկված հոբելյանական նյութերի, ֆիլմերի և հաճախակի կազմակերպվող քննարկումների միջոցով ծանոթանում են Նանսենի կյանքին և գիտական ու մարդասիրական գործունեությանը: Տպավորիչ ու հաճելի է նաև թանգարանի բակը, այն կարծես թանգարան է բաց երկնքի տակ. եկեղեցական խաչքարերի կողքին Վարդան Մամիկոնյանի , Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանները, քիչ հեռվում անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի հուշաքարն է, Նանսենյան անձնագրին նվիրված հուշակոթողը…
Թանգարանի այցելուների թվում եղել են նաև մեծ մարդասերի հայրենակիցները, ում հուզել և զարմացրել է մի փոքրիկ ժողովրդի կողմից Նանսենի այսչափ մեծարումը:
Ամեն տարի` հոկտեմբերի 10-ին Մեծ նորվեգացու ծննդյան տարեդարձի նշումը ավանդույթ է դարձել Ֆ. Նանսենի հիմնադրամում: Այս անգամ նույնպես հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը թանգարան էր հրավիրել մի խումբ սփյուռքահայերի, ովքեր թեև Նանսենյան անձնագրեր ունեցող հայ տարագիրների ժառանգներ չէին, սակայն բարձր են գնահատում հայ ժողորդի հանդեպ Նանսենի մարդասիրական քայլը, այն պարզ տրամաբանությամբ, որ օգնություն պարգևող ձեռքերը աղոթող շուրթերից սուրբ են:
-Սիրիահայերի հետ բարեկամական հարաբերություններն ամրապնդվեցին Սիրիայում, երբ 2011 թվականին Հալեպում նշվում էր Նանսենի ծննդյան 150-ամյակը: Այդ օրը Հալեպի թեմի առաջնորդի օգնությամբ ցուցադրվեց նաև «Նանսենը և Հայաստանը» ֆիլմը: Հետագա տարիներին սիրիահայ իմ բարեկամները Սիրիայի պատերազմի պատճառով գաղթեցին Հայաստան: Այսօր, հիմնադրամի հարկի տակ նշում ենք Նանսենի ծննդյան 154-ամյակը,-ասաց Ֆելիքս Բախչինյանը:
Հյուրերի թվում էր նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ՀՕՊ զորամասի հրամանատար, գնդապետ Տիգրան Վլադիմիրի Ասլիկյանը, ով Ֆ.Բախչինյանի կողմից պարգևատրվեց Ֆ.Նանսենի ոսկյա հուշամեդալով:
Սեղանի շուրջ հավաքված սիրիահայերը պատմում էին Նանսենի մասին կարդացած կամ լսած պատմություններ, հիշում էին Նանսենյան անձնագրերով այս կամ այն երկրում հաստատված տարագիր ծանոթ-բարեկամներին ու վերջին անգամ իրենց խմբով Սիրիա կատարած ճամփորդության մասին ու դարձյալ անդրադառնալով Նանսենին, մեկ անգամ ևս համոզվում, որ մարդու ամենավեհ հատկանիշը գթասրտությունն է:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 4576