«Ի՞նչ փուլում է ընտանեկան բռնության մասին օրենքը» – ասուլիս
«Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը, թեև շատերը չեն ընկալում որպես խնդիր, մեծ ծավալների են հասնում: 2013-2015 թթ. ՀԿ-ների թեժ գծով ստացվել է ընտանեկան բռնության մասին 5171 առաջնային զանգ: Սա միայն երեք կազմակերպության տվյալներ են, ինչը բավականին մեծ թիվ է: Նույն ժամանակահատվածում 30 կին է սպանվել ընտանեկան բռնության հետևանքով, իսկ 45 երեխա՝ զուրկ մնացել մայրական խնամքից», – այս մասին նշեց Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը այսօր «Մեդիա կենտրոնում» ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված ասուլիսում:
Ասուլիսին մասնակցում էին նաեւ Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի քաղաքականության և հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը և Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը:
Թեժ գծերով ստացվող զանգերի թիվը տարեց տարի շատանում է, սակայն սա, ըստ Վարդանյանի, դեռ չի խոսում ընտանեկան բռնության դեպքերի ավելացման մասին: «Հավանաբար կանայք ավելի իրազեկված են դարձել և սկսել են բարձրաձայնել բռնության դեպքերի մասին», – պարզաբանեց նա:
Այս տարվա 9 ամիսների ընթացքում կազամակերպություններում գրանցվել է մոտ երկու հազար ընտանեկան բռնության դեպք: «Սա միայն այն դեպքերն են, որոնց մասին բարձրաձայնում են կանայք: Շատ դեպքեր կան, որոնք բացարձակ չեն գրանցվում և չեն բարձրաձայնվում: Հատկապես մարզերում բնակվող կանայք շատ խոցելի են այս տեսանկյունից: Այսպիսով բռնության դեպքերի իրական ծավալը շատ ավելի մեծ է», – հավելեց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի քաղաքականության և հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանը:
Պատկերն այլ է ըստ ոստիկանության տվայլների: Բռնության դեպքերի քանակը մոտ չորս անգամ զիջում է ՀԿ-ների ներկայացրած ցուիցանիշներին: «2015-ին գրանցվել են ընտանեկան բռնության 535 դեպք: Այդ դեպքերը վերաբերում են ինչպես կանանց նկատմամբ, այնպես էլ ծնողի կողմից երեխայի նկատմամբ բռնություններին», – ասաց Արթուր Վարդանյանը: Ոստիկանության տվյալների համաձայն 2015 թ-ին նվազել են ընտանեկան բռնության, ինչպես նաև դրանցով պայմանավորված մահվան ելքով դեպքերը:
Այժմ ընտանեկան բռնության դեպքերը կարգավորում են ՀՀ Քրեական օրենսգրքով: Սակայն խնդրով զբաղվող կազմակերպությունները համոզված են, որ այս ոլորտը պետք է կարգավորվի հատուկ օրենքով, քանի որ մինչ այժմ առկա գործիքակազմը բավարար չէ մեղավորների պատժման և բռնության կանխարգելման համար: «Օրենքի նախագծում ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ միջոցներ են նախատեսված և սահմանափակումներ, որպեսզի բռնության ենթարկված անձը համարժեք պաշպանություն ստանա և ապահովվի նրա անվտանգությունը», – ասաց Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը:
Օրինագիծիը 2013 թ-ին մերժվել է և հիմնավորվել, որ դրանում կան հակասահմանադրական դրույթներ: Այժմ այն լրամշակվել և կրկին ներկայացվել է Ազգային ժողով: Օրինագծի վերաբերյալ անցկացվել է մի քանի քննարկում Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում: Բացի այդ օրինագծի ընդունումը բխում է նաև Հայաստանի միջազգային պարտավորություններից: Այս տարվա հունվարին ՄԱԿ-ում տեղի ունեցած համապարփակ դիտարկման շրջանակներում Հայաստանի՝ մարդու իրավունքների մասին ազգային զեկույցի քննարկմանը, բանախոսների մեծ մասն անդրադարձավ իրավական ակտերի ընդունմանը ՀՀ-ում գենդերային և ընտանեկան բռնության կանխարգելման հարցում:
Այնուամենայնիվ ակտիվ քայլեր օրինագծի ընդունման ուղղությամբ չեն կատարվում: Օրինագծում, ինչպես նշում է Սուսաննա Վարդանյանը, շեշտը դրված է կանխարգելման մեխանիզմների վրա: Նախատեսվում են նաև հատուկ սահմանափակումներ՝ բռնության ենթարկված անձի համարժեք պաշպանությունը և անվտանգությունը ապահովելու համար:
Օրինագծով արգելվում է բռնության ենթարկվածի մասին տեղեկատվություն տրամադրելը, նրա գտնվելու վայրը փնտրելը, 100 մետրից ավել մոտենալը, նրա հետ հեռախոսային, կամ նամակագրական կապ հաստատելը: Պետք է լինի նաև զոհին ժամանակավոր բնակության համար ապաստանով ապահովելը:
Պատգամավոր Կարինե Աճեմյանը, թեև ընդունում է, որ Հայաստանում առկա է ընտանեկան բռնություն, սակայն կածում է, որ պետությունը դեռ պատրաստ չէ հատուկ օրենքով կարգավորել այդ ոլորտը: «Սա կեմպլեքս և շատ նուրբ խնդիր է: Այն ունի սոցիալական, հոգեբանական, մշակութային և տնտեսական կողմեր: Պետությունն այդ ուղղությամբ աշխատանք իրականացնում է, օրինակ՝ ԱԳՆ-ի մակարդակով բանակցում է Սամբուլի կոնվենցիայի շուրջ (Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին – խմբ.)», – տեղեկացրեց պատգամավորը:
«Օրենքի ընդունման դեպքում պետք է իրականացվեն բազմաթիվ միջոցառումներ, բացվեն ապաստարաններ, որոնք բավականին ծախսատար են: Պետությունը չի կարող կիսով չափ իրականացնել օրենքը: Այն պետք է ամբողջությամբ ընդունվի, ֆինանսական միջոցներ հատկացվեն և իրականացվի: Այս առումով պետությունը դեռ պատրաստ չէ: Ես ժամկետներ չեմ էլ կարող ասել, թե երբ օրինագիծը կընդունվի», – եզրափակեց նա:
Պատգամավորի պատասխանը չբավարարեց ՀԿ-ների ներկայացուցիչներին, ինչի վերաբերյալ քննարկաման մասնակիցներից Լարա Ահարոնյանը հարց հնչեցրեց. «Դեռ քանի կին պետք է բռնության ենթարկվի և մահանա, որ պետությունը պատրաստ լինի ընդունել այդ օրենքը»:
Ազբյուրը ՝ Մեդիա Կենտրոն
Ասուլիսի տեսագրությունն այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի՞նչ պետք է անի պետությունը ընտանեկան բռնությունը կանխելու համար. Եվրոպական դատարանի գնահատականները
«Ընդհատե՛նք բռնության շղթան». ընտանեկան բռնության զոհերի հարազատները դուրս կգան փողոց
Դիտումների քանակը` 4869