«Ընդհատե՛նք բռնության շղթան». ընտանեկան բռնության զոհերի հարազատները դուրս կգան փողոց
Հոկտեմբերի 1-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» կիրականացնում շուրջօրյա ակցիա՝ նվիրված «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան»: Ակցիան մեկնարկելու է առավոտյան ժամը 10:00-ին Հանրապետության Հրապարակում եւ կավարտվի 21:00-ին՝ մոմավառությամբ:
Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց պատկանող իրեր, ինչպես նաև անդրադարձ կկատարվի ընտանեկան բռնության ենթարկվածների իրական պատմություններին: Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը բռնության զոհ դարձաձ կանանց հարազատները եւս կլինեն Հանրապետության Հրապարակում:
«Ընտանեկան բռնության զոհ դարձած ոչ բոլոր կանանց պատմություններն են լսելի դարձել, որոշները կոծկվել են: Մենք ցանկանում ենք տեսանելի դարձնել բոլոր պատմությունները»,- «WomenNet.am»-ին ասաց Կոալիցիայի անդամ Նվարդ Մարգարյանը:
Նրա խոսքով՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ցանկանում է քաջալերել կանանց խոսել բռնության մասին եւ պայքարել հանուն իրենց իրավունքների: «Հոկտեմբերի 1-ին եկեք ընդհատենք բռնության շղթան հանուն առողջ ու ամուր ընտանիքների»,- կոչ է անում Նվարդը:
Նա հիշեցնում է, որ Հայաստանում ամեն տարի բազմաթիվ կանայք ենթարկվում են ընտանեկան բռնության, իսկ տասնյակից ավելի կանայք զոհվում են՝ թողնելով մանկահասակ երեխաներին առանց մայրական սիրո և խնամքի:
Կոալիցիայի մեկ այլ անդամ Սոնա Հովակիմյանը «WomenNet.am»-ին հայտնեց, որ իրենց հավաքագրած տվյալների համաձայն՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում ընտանեկան բռնության արդյունքում գրանցվել է 7 սպանության դեպք: «Եթե նկատել եք, մամուլում բազմաթիվ են հրապարակումները ընտանեկան բռնության մասին եւ գրեթե ամեն անգամ ավելի ու ավելի սարսափելի պատմություններ ենք լսում: Մենք պետք է վերջ տանք այս իրողությանը»,- ասում է Սոնան:
Հոկտեմբերի 1-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի անդամները Կառավարության շենքի դիմաց նաեւ իրենց բողոքը կարտահայտեն` ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի ընդունման պահանջով:
Հիշեցնենք, որ Կոալիցիան դեռեւս 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Կառավարություն էր ուղարկել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը՝ ակնկալելով, որ գործադիր իշխանությունը կներառի օրենքի նախագծի քննարկումը Ազգային Ժողովի օրակարգում: Օրենքի նախագիծը, սակայն, մինչ օրս չի քննարկվել ԱԺ-ում:
ՀԳ – «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը» հռչակվել է 2010 թվականին՝ ի հիշատակ հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնության հետեւանքով մահացած Զարուհի Պետրոսյանի: Օրվա խորհուրդն է` ընտանեկան բռնության կանխարգելումը, հանրային իրազեկվածության բարձրացումն ու ընտանիքների առողջացումը:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 4251