Արդյո՞ք շռայլություն չէ կուսակցությունների կողմից՝ ետ մղել իրենց իսկ աճեցրած կադրերը
Այսօր հրապարակված «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ցուցակը անակնկալներ, ընդհանուր առմամբ, չէր պարունակում, բայց հարցեր այնուամենայնիվ առաջացրեց: Եվ դրանք շատ նման էին «Ժառանգության» ցուցակի կապակցությամբ ի հայտ եկած հարցադրումներին:
Սոցինտերնի անդամ ՀՅԴ-ն ապահովեց իր ընտրական ցուցակում կանանց ներկայացվածության 30 տոկոսը, այսինքն ավելին, քան Ընտրական օռենսգրքում նշված միմիմալ շեմը, դրա հետ մեկտեղ առաջին կին թեկնածուին ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի հասարակագիտության մասնագետ՝ Կարինե Հարությունյանին ընդգրկելով 6-րդ տեղում: 2007-ին , հիշեցնենք, նույն կուսակցության ցուցակում կանայք 26 տոկոս էին, ընդ որում 4-րդ տեղից սկսած: Հենց այս հանգամանքն է, որ խանգարում է խոսել ակնհայտ առաջընթացի մասին:
Ցուցակի առաջին տասնյակում ընդամենը մեկ կին է ներկայացված, երկրորդում – երեքը՝ 11-րդ հորիզոնականում ` Ռուզան Առաքելյանը, 16-րդ` Նունե Պետրոսյանը և 20-րդ՝ Լիլիթ Գալստյանը:
Հարցեր առաջացան, հատկապես վերջինիս վերաբերյալ: Ինչու՞ հինգ տարի խորհրդարանում ակտիվությամբ աչքի ընկած (parliamentmonitoring-ի տվյալներով ) պատգամավոր Լիլիթ Գալստյանը միայն 20-րդն է ցուցակում և ինչու՞ կուսակցությունը, որը մինչև վերջերս, կարծես թե, դեմ չէր իրեն սատարել մեծամասնական ընտրատարածքում, որոշեց հրաժարվել այդ մտքից: Թեպետ ինքը՝ Լիլիթ Գալստյանը, վճռական էր տրամադրված և մի քանի օր առաջ WomenNet.am-ի հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է իր թեկնածությունը մեծամասնականով առաջադրել Երևանի ընտրատարածքներից մեկում և, պարզապես սպասում է, որ կուսակցությունը համապատասխան որոշում կայացնի իրեն սատարելու մասով:
Սակայն այսօր առավոտյան, Ազգային Ժողովի հերթական նիստի մեկնարկին տիկին Գալստյանը մեր հարցադրմանն ի պատասխան նշեց, թե հրաժարվել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու մտադրությունից և խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ընդամենը համամասնական ցուցակում ընդգրկված լինելով:
Այս խոսակցությունից մեկ ժամ անց ՀՅԴ-ի հրապարակեց իր ցուցակը, որից պարզ դարձավ, որ կուսակցությունը ոչ միայն չի առաջադրում Լիլիթ Գալստյանին իբրև մեծամասնական թեկնածու , այլև ցուցակում էլ ընդգրկել է , այսպես կոչված, ոչ անցողիկ տեղում: Փոխարենը` ԱԺ-ում հինգ տարի շարունակ կռիվ տված Լ.Գալստյանից առաջ ցուցակում ներկայացված են գուցե և արժանի, բայց հանրությանը քիչ հայտնի կին գործիչներ: Ցուցակ կազմելը անշուշտ կուսակցության ներքին գործն է, բայց բոլոր դեպքերում, կարիք կա հանրությանը բացատրելու` ի՞նչ սկզբունքով է դա արվել: Եթե խոսքը կադրերի ռոտացիայի մասին է, ապա հարց է ծագում` ինչու՞ ռոտացիոն սկզբունքը հատկապես կանանց նկատմամբ է կիրառվում:
Հիշեցնենք, որ նույն այդ սկզբունքը ի հայտ է եկել է նաև «Ժառանգություն» կուսակցության ցուցակում, այն բացատրությամբ, որ կանայք ետ մղվեցին «Ազատ դեմոկրատների» հետ միացման պատճառով: Նպատակ չդնելով ներխուժել ներկուսակցական խոհանոց, նշենք, որ նման դիրքորոշումը այն կանանց նկատմամբ, որոնք լիովին արդարացրել են պատգամավորական մանդատը՝ բարձրացնելով կուսակցության իմիջը, անարդարության տարրեր է պարունակում: Նկատենք, որ այդ կանայք չեն բարձրաձայնում իրենց դժգոհությունը ( չհաշված Կարինե Հակոբյանին, որը պատգամավոր չի եղել), ավելին, փորձում են արդարացումներ գտնել, որպեսզի կուսակցությունների իմիջը չվնասվի:
Թեռևս նման պահվածքի դասական օրինակ ցուցաբերեց Լարիսա Ալավերդյանը ( ի դեպ, անկուսակցական), որ փորձեց վերջ դնել իր անվան հետ կապված խոսակցություններին՝ հայտարարելով . «Իմ 41-րդ տեղը ցուցակում մեսիջ է հասարակությանը , որ հավերժ պատգամավորներ չեն լինում»:
Գուցե և այդպես է, բայց արդյո՞ք շռայլություն չէ կուսակցությունների կողմից՝ ետ մղել իրենց իսկ աճեցրած կադրերը: ԱրԺե հիշեցնել, որ 2007-ի համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում ընդգրկված Լարիսա Ալավերդյանը լուրջ լումա ունեցավ Ազգային ժողով կուսակցության անցնելու հարցում:
Վերադառնալով ՀՅԴ –ի ցուցակին նշենք, որ նրանում բացակայում է երեք գումարման պատգամավոր և վերջերս՝ առողջական խնդիրների պատՃառով ԱԺ-ի նիստերից ամենից շատ բացակայած Ալվարդ Պետրոսյանի անունը, և այս փաստը հանրության մոտ հարցեր չի առաջացնում:
Նկատենք նաև , որ կանանց ներկայացվածության 30 տոկոսը ՀՅԴ-ն կարողացել է ապահովել Եվրոպայում լայն կիռարվող «կայծակի» սկզբունքի շնորհիվ , այսինքն՝ 20-րդ տեղից հետո գրեթե հավասարաչափ բաշխելով կանանց և տղամարդկանց թեկնածությունները: Երևի թե, հարկ չկա հարցնելու, թե ինչու՞ այդ սկզբունքը հնարավոր չի կիրառել մինչև 20-րդ տեղը: Մեզանում այս հարցադրումը, դեռևս, հռետորական է…
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 3900