ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում
Սեպտեմբերի 25-ից 27-ը, ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում կկայանա Կայուն զարգացման գագաթնաժողովը, որին կմասնակցեն աշխարհի պետությունների ավելի քան 150 ղեկավարներ։ Վերջիններս պաշտոնապես ընդունելու են կայուն զարգացման նոր օրակարգի ամփոփիչ փաստաթուղթը:
Օրակարգը, որը ներառում է կայուն զարգացման 17 նպատակներ (ԿԶՆ-ներ)՝ ուղղված է մինչև 2030 թվականը աղքատության վերացմանը, բարգավաճման ու մարդկանց բարեկեցության խթանմանը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը: Կայուն զարգացման նոր նպատակները գալիս են փոխարինելու 2000 թ. ընդունված Հազարամյակի զարգացման ութ նպատակներին։
«Վերափոխելով մեր աշխարհը. Կայուն զարգացման օրակարգ – 2030» վերնագրով 29 էջից բաղկացած փաստաթղթի նախաբանում ասվում է. «Մենք լի ենք վճռականությամբ՝ մարդկությունն այս սերնդի ընթացքում ազատելու աղքատության ճիրաններից, և ցանկանում ենք առողջացնել ու պահպանել մեր մոլորակը ներկա և ապագա սերունդների համար»: Այնուհետև շարունակվում է. «Մենք վճռական ենք՝ անհետաձգելիորեն անհրաժեշտ հատու և փոփոխություններ բերող քայլեր ձեռնարկել, որպեսզի աշխարհը կայուն և աննկուն ուղի տեղափոխվի: Այս համատեղ ճամփորդության մեկնարկին մենք խոստանում ենք, որ ոչ մեկը չի անտեսվի»:
Ամփոփիչ փաստաթղթի «Հինգ P-երը»՝
people (բնակչություն),
planet (մոլորակ),
prosperity (բարգավաճում),
peace (խաղաղություն) և
partnership (գործընկերություն),
Ամփոփիչ փաստաթուղթն ընդգծում է աղքատության վերացումը որպես զարգացման նոր օրակարգի համընդգրկուն նպատակ, իսկ առանցքում կայուն զարգացման տնտեսական, սոցիալական և բնապահպանական չափումների ամբողջացումն է: Զարգացման նորահայտ օրակարգը եզակի է այն առումով, որ գործողությունների կոչ է անում բոլոր երկրներին՝ աղքատ, հարուստ և միջին եկամուտ ունեցող: Այս համատեղ ուղևորությունը մեկնարկելով՝ անդամ պետությունները խոստանում են, որ ոչ մեկը չի անտեսվելու: Նոր օրակարգի լայնընդգրկուն բովանդակությունը արտացոլվում է «Հինգ P-երի միջոցով ՝ people (բնակչություն), planet (մոլորակ), prosperity (բարգավաճում), peace (խաղաղություն) և partnership (գործընկերություն):
Կայուն զարգացման 17 նպատակներն ու 169 թիրախները նպատակ ունեն չեզոքացնելու կայուն զարգացման այնպիսի առանցքային համակարգային խոչընդոտներ, ինչպիսիք են անհավասարությունը, սպառման և արտադրության ոչ կայուն մոդելները, ոչ պատշաճ ենթակառուցվածքներն ու արժանապատիվ զբաղվածության բացակայությունը: Կայուն զարգացման բնապահպանական չափումն ընդգրկված է օվկիանոսների ու ծովային պաշարների և էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վերաբերյալ նպատակներում և կարևորագույն հարցեր է ներմուծում նպատակների ու թիրախների շրջանակ:
Ամփոփիչ փաստաթղթում ուրվագծված իրականացման միջոցները համապատասխանում են փաստաթղթի հավակնոտ նպատակներին և շեշտադրում են ֆինանսական, տեխնոլոգիական և կարողությունների զարգացումը: Բացի նոր օրակարգի իրականացման միջոցների վերաբերյալ առանձին նպատակից, կայուն զարգացման յուրաքանչյուր նպատակի համար հարմարեցված են կոնկրետ միջոցներ:
Անդամ պետություններն ընդգծել են, որ ցանկալի փոփոխություններին հասնելու համար կպահանջվի ձերբազատվել աշխատանքի սովորական-իներցիոն ռեժիմից, և որ անհրաժեշտ է ակտիվացված միջազգային համագործակցություն բազմաթիվ ճակատներով: Օրակարգը կոչ է անում կայուն զարգացման նպատակով նոր թափ հաղորդել համաշխարհային գործընկերությանը, այդ թվում՝ մի շարք շահագրգիռ կողմերի գործընկերությանը: Օրակարգը նաև կոչ է անում կայուն զարգացման չափման նպատակով խթանել կարողությունների ստեղծման գործընթացն ու բարելավել տվյալների ու վիճակագրության հետ կապված իրավիճակը:
Հաջորդող գործողությունների և վերանայման արդյունավետ մեխանիզմը՝ ամփոփիչ փաստաթղթի առանցքային բաղադրիչներից մեկը, վճռորոշ նշանակություն կունենա նոր օրակարգի իրականացման հարցում: «Ռիո+20»-ից հետո կազմավորված կայուն զարգացման հարցերով Բարձրաստիճան քաղաքական ֆորումը կծառայի որպես հաջորդող գործողությունների ու վերանայման բարձրագույն ֆորում և այսպիսով կենտրոնական դեր կկատարի: Ընդհանուր վեհաժողովը, Տնտեսական և սոցիալական խորհուրդն ու մասնագիտացված գործակալությունները նույնպես ներգրավված կլինեն կոնկրետ ոլորտներում առաջընթացի վերանայման գործընթացում:
Ինչպես նախատեսված է ամփոփիչ փաստաթղթով, օրակարգը կպարունակի Տեխնոլոգիական դյուրացման մեխանիզմ, որն ուղղված կլինի նոր նպատակների իրականացմանն աջակցելուն՝ հիմնվելով շահագրգիռ կողմերի՝ անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության, գործարար հատվածի, գիտական համայնքի, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների համակարգի միջև բազմակողմ համագործակցության վրա: Մեխանիզմը, որի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել հուլիսին Ադիս Աբեբայում կայացած խորհրդաժողովի ընթացքում, կունենա միջգերատեսչական մասնագիտական աշխատանքային խումբ, գիտության, տեխնոլոգիայի և նորարարության վերաբերյալ ֆորում, ինչպես նաև համագործակցության առցանց հարթակ:
Ադիս Աբեբայի խորհրդաժողովի հաջող արդյունքը կարևոր դրական խթան հանդիսացավ «Հետ-2015» զարգացման օրակարգի վերաբերյալ բանակցությունների վերջնական փուլի համար: Ակնկալվում է, որ ամփոփիչ փաստաթղթի վերաբերյալ ձեռքբերված փոխհամաձայնությունն էլ խթան կլինի կլիմայի փոփոխության վերաբերյալ նոր՝ պարտադիր ուժ ունեցող պայմանագրի վերաբերյալ բանակցությունների գործընթացի համար, որի գագաթնակետը կլինի 2015 թ. նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 15-ը Փարիզում կայանալիք Կլիմայի փոփոխության խորհրդաժողովը:
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Օրվա թիվը՝ 4 տրիլիոն դոլար զարգացման թե՞ 14 տրիլիոն պատերազմների համար
Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում
Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում
Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը
Հայաստանի կանայք մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում կայացած Կանանց Եվրասիական ֆորումին
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի
ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը
Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները
ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում
Շակիրան կկատարի Լենոնի Imagine երգը ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը
Դիտումների քանակը` 4468