Կարինե Հակոբյան. «Կուսակցական ցուցակի կազմը անակնկալ էր ոչ միայն ինձ համար»…
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը դուրս է եկել կուսակցությունից «Ազատ դեմոկրատներ»-ի հետ միասնական ցուցակի հրապարակումից անմիջապես հետո: Ի դեպ, Հակոբյանը ընդգրկված է եղել է կուսակցության համամասնական ընտրացուցակի 10-րդ հորիզոնականում:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Կարինե Հակոբյանն ասաց, որ խնդիրը միայն անձնական հարթության վրա չէր: Նրա մեկնաբանությամբ` ռազմավարական եւ մարտավարական հարցերով բազմաթիվ տարաձայնություններ է ունեցել կուսակցության ղեկավարության հետ: Կուսակցությունից դուրս գալու պատճառը, իր խոսքով վերջին կաթիլը, ցուցակների կազմն է եղել:
«Մենք տարբեր մոտեցումներ ունեինք շատ հարցերում, այդ թվում սկզբունքային տարաձայնություններ ցուցակի կազմի վերաբերյալ », – պարզաբանել է Հակոբյանը` հավելելով, որ նախընտրական ցուցակն անակնկալ էր ոչ միայն իր, այլեւ իր կուսակիցներից շատերի համար:
Նրա կարծիքով «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» դաշինքը այդպիսին չէ, որ պետք է լիներ: «Ցուցակը հիմնավորված կերպով չի կազմվել», ասել է նա` հավելելով, որ այն կազմել է Րաֆֆի Հովհաննիսյանն իր մի քանի խորհրդականների հետ: Նշենք, որ դա բավականին լուրջ մեղադրանք է կուսակցության հասցեին, որը դրականորեն տարբերվել է հենց ներկուսակցական ժողովրդավարության առկայությամբ:
Հակոբյանի խոսքերով կուսակցության վարչության անդամները եւս տեղյակ չեն եղել ցուցակին, եւ դա նրանց համար էլ է անակնկալ եղել: Հակոբյանի ներկայացմամբ` Լարիսա Ալավերդյանը վարչության նիստին հայտարարել է, որ հրաժարվում է ե’ւ մեծամասնական ե’ւ համամասնական ընտրապայքարից:
«Նա չբացատրեց, բայց կարծում եմ, որ բոլորի համար պատճառները հայտնի են: Կարծում եմ, որ նրա կայացրած որոշման մեջ ցուցակի կազմումը դեր է ունեցել: Ալավերդյանը սիմվոլիկ համաձայնել է լինել ցուցակի 41-րդ հորիզոնականում, ինչը ինքնին նշանակում է, որ ընտրապայքարից դուրս է»:
Հակոբյանի պատկերացմամբ, ցուցակը պետք է կազմվի անվան, գիտելիքների, հասարակական գործունեության հիմքի վրա:
«Ցուցակի կազմը, ըստ իս, նվազեցրեց շատ ձայներ ստանալու հնարավորությունը, քանի որ դա միայն ցուցակ չէ, այլ կադրային քաղաքականություն: Ես դեմ չեմ երիտասարդների ընդգրկմանը, սակայն նրանք պետք է հայտնի լինեն հասարակությանը: Ազգային ժողովը փորձադաշտ չէ»,- ասաց Կարինե Հակոբյանը` հավելելով, որ «Ժառանգությանը» միացել էր մեծ գործեր անելու համար, սակայն, երբ հասկացավ է, որ տարաձայնությունները շատ են, որոշեց դուրս գալ:
«Ժառանգությունը» լքած Հակոբյանն առաջիկայում չի պատրաստվում որեւէ կուսակցության անդամակցել, քանի որ ինքն ավելի շատ հասարակական, այլ ոչ թե քաղաքական ու կուսակցական գործիչ է:
Մենք փորձեցինք նաեւ մեկնաբանություններ ստանալ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանից: Նա, ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության անդամ չի: Պատասխանելով մեր հարցին, որ արդյո՞ք նա հրաժարվում է ընտրական պայքարից, տիկին Ալավերդյանը նշեց, որ հրաժարվել է մեծամասնականով առաջադրվել, քանի որ դա իրենը չէ, բայց մնում է ցուցակի 41-րդ տեղում:
«Դրանով իսկ ուզում եմ հասարակությանը հասկացնել, որ հավերժ պատգամավորներ չեն լինում, կարող են նաեւ ուրիշները գալ: Այդպիսին է այսօրվա իմ մեսիջը ընտրողներին», – ասաց նա:
Հ. Հ.
P.S.
Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն արձագանքելով իր արդեն նախկին կուսակից Կարինե Հակոբյանի հայտարարություններին նշել է, որ ցուցակի հետ կապված ձեւավորվել էր աշխատանքային խումբ, որը եւ ներկայացրել է վարչությանը իրենց աշխատանքի արդյունքում ձեւավորված ցուցակը: Որոշ տարաձայնություններ եղել են, բայց հարթվել են, ի վերջո խորհուրդը բացարձակ մեծամասնությամբ համաձայնել ու հաստատել է ցուցակի կազմը:
Դիտումների քանակը` 5715