«Հայաստանը պատրաստ է ընդունել Սիրիայում մնացած բոլոր հայերին»
Վերջին երկու օրը Հալեպում կրկին խիստ լարված ու վտանգավոր իրավիճակ էր: Հալեպի «Գանձասար» թերթը հաղորդում է, որ զինյալ ահաբեկիչները հրթիռակոծման թիրախ են դարձրել Հալեպի հայաբնակ թաղամասերը՝ Նոր Գյուղը և հատկապես Ճեմարանի շրջակայքը։ Ըստ աղբյուրի, հինգ րոպեի ընթացքում տասը հրթիռ է ընկել տարբեր թաղամասերի վրա, չորս հայ վիրավորվել է։ Հաղորդվում է նաեւ, որ զինյալները հարկադրաբար կանգնեցրել են Հալեպից Լիբանան ուղեւորվող ավտոբուսը եւ առեւանգել երկու հայի…
«Հայաստանը պատրաստ է ընդունել Սիրիայում մնացած բոլոր հայերին, եթե նման անհրաժեշտություն առաջանա», – այս մասին հայտարարել է այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ Սիրիայում 15-17 հազար հայ կա:
«Եթե նրանք որոշեն Հայաստան գալ, մեր պետությունը միջազգային կառույցների, հայկական տարբեր կազմակերպությունների հետ համատեղ ջանքերի արդյունքում պետք է ամեն ինչ անի նրանց տեղավորելու համար: Բնականաբար, մենք չենք կարող հիմա նրանց բնակարաններով ապահովել, սակայն կարող ենք գտնել վարձով բնակարաններ, կկարգավորել նաև տան վարձի խնդիրը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ այդ կրակի օղակից»,- ընդգծեց նախարարը: Վերջին երեք ամիսների ընթացքում Սիրիայից Հայաստան է եկել 2500 սիրիահայ: Նա նշեց, որ այս պահին Հայաստանում 17 հազար սիրիահայ է բնակություն հաստատել:
Սփյուռքի նախարարության հաղորդմամբ՝ Սիրիայի պատերազմի հետևանքով հազարավոր փախստականների խնդիրները քննարկվել են այսօր տեղի ունեցած Հրանուշ Հակոբյանի եւ Ֆրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին հանդիպման ընթացքում : Նախարարը, մասնավորապես, ասել է, որ Սիրիայում մենք շատ հզոր, կազմակերպված, ամուր համայնք ունեինք, որը, ցավոք սրտի, 4 տարի շարունակվող պատերազմի հետևանքով այսօր գրեթե փլուզվել է. 17 հայ զոհվել է, 300-ից ավելին վիրավորվել, տասնյակ մարդկանց առևանգել է «Իսլամական պետություն»-ը և համայնքի 80 տոկոսն այսօր փախստական է:
«Նրանցից 17 հազարն այսօր ապաստանել է Հայաստանում, իսկ տասնյակ հազարներն էլ մեկնել են Եվրոպա, ԱՄՆ, Կանադա: Բոլորին տուն, աշխատանք է պետք, պետք է լուծել նաև նրանց ուսման, առողջապահական, սոցիալական այլ խնդիրները, ինտեգրման հարցեր: Կառավարության կազմակերպած աշխատանքներին զուգահեռ` մեծ օգնություն և աջակցություն են ցուցաբերում հայկական բարեգործական կազմակերպությունները: Սփյուռքը մեծ օգնություն է ցուցաբերում Սիրիայում մնացած մեր հայրենակիցներին, որոնք ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ էլ ապրուստի միջոց: Վերջին ամիսներին ավելացել է փախստականների հոսքը Իրաքից՝ հատակապես քրդական տարածքներից», – ասել է Հրանուշ Հակոբյանը:
Դիտումների քանակը` 3566