“Տղամարդ կին” կամ “ախպերս” հաճոյախոսություն չեն
“Իսկական տղամարդ կին է” – այս բառակապակցությունն ասողը, համոզված եղեք, կարծում է, որ հաճոյախոսություն է անում` ակնկալելով, որ դրանից կինն իրեն շոյված կզգա:
Խորքային իմաստով ասվածը խտրականության դրսևորում է, քանի որ ենթադրում է տղամարդու առավելություն կնոջ նկատմամբ: Տեսե՞լ եք տղամարդ, ում իբրև կոմպլիմենտ ասեն “կին տղամարդ”: Տղամարդուն կնոջ հետ համեմատելը բացառապես իբրև վիրավորանք է ընկալվում: “Ոնց որ կնիկ լինես” – դրական իմաստով երբեք չի օգտագործվում, մինչդեռ “տղամարդ կին”-ը պատիվ է, հարգանքի նշան:
“Այդպես ասում են այն կանանց, ովքեր ուժեղ են, ինչ-որ հերոսական բան են արել: Սրանով նույնիսկ ոչ գիտակցաբար տղամարդիկ ցանկանում են կնոջն օժտել “միայն” տղամարդուն հատուկ հատկանիշներով` հերոսությամբ, ուժով, ազնվությամբ և այլն”, -բացատրում է հոգեբան Սեդա Հակոբյանը:
Բայց չէ որ այդ հատկանիշները բնորոշ են մարդուն առհասարակ` անկախ նրա սեռից: Տղամարդկանց կողմից հնարված այդ միֆն իրականում կնոջը իրենցից ցածրացնելու, ենթարկելու խորքային նպատակին է ծառայում:
Մեր լեզվամտածողության մեջ բազմաթիվ են կնոջը ցածրացնող նման արտահայտությունները. բավական է համեմատել ՝ տղամարդկանց «եղբայրության» և կանանց “քույրության” մասին հնարված միֆերը:
«Կինը տուն չի գալիս, ամուսինը զանգահարում է նրա մտերիմ ընկերուհիներին, հարցնում` արդյոք կինն այնտեղ է, ընկերուհիներն ասում են` ոչ»:
«Ամուսինը տուն չի գալիս, կինը զանգահարում է նրա մտերիմ ընկերներին. բոլորն իրարից առանձին պնդում են, որ այդ պահին նա իրենց տանն է, պարզապես հեռախոսին մոտենալ չի կարող»:
Նշվածը ընդամենը ավելորդ անգամ ապացուցում է, որ տղամարդկային համերաշխության մասին միֆապատումները մինչև վերջ արմատացած են մեր մեջ, մեր կենցաղում, մշակույթում: “Իսկական ընկերությունը միայն տղամարդկանց է հասու”, պնդում է կարծրատիպը:
Դրա արտահայտումն ենք տեսնում ամենուր. Երբ նույնիսկ անծանոթ տղամարդիկ միմյանց դիմելով ասում են՝ “ախպերս”: Սա ևս տղամարդկային համերաշխության դրսևորման մի ձև է: Այս արտահայտությունն կանանց` իսկական ընկերությանը հասու չլինելու կարծրատիպի շարունակություն է :
Ասենք, երբ տղամարդն ուզում է շեշտել, որ տվյալ կինն իր համար ընկեր է ուղղակի /նկատի ունեցեք` “ընկեր”-ը որևէ սեռ չի ենթադրում/, նա նրան կարող է դիմել՝ “ախպերս”:
“Ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, ուղղակի էդ դիմելաձև ա, դրա մեջ ոչ մի վատ չեմ տեսնում”,-ասում է Միքայելը: Նա հավաստիացնում է, որ դրա մեջ երբեք հատուկ իմաստ չի դրել, թեև երբեմն ինքն էլ այդպես է դիմում իր կին ընկերներին:
“Տղամարդիկ այնքան են ապրել կարծրատիպերով, այնքան են տղամարդու առավելությունը սերմանել նրանց մեջ, որ անգամ զուտ ընկերական հարաբերություններում ենթագիտակցական մակարդակում կնոջը վերացնում են նրա սեռից, վերագրում տղամարդկային հատկանիշ, “բարձրացնում”, “հավասարեցնում” իրենց` անվանելով “ախպերս”, քանի որ նա ընկեր է, իսկ ընկեր-ը միայն տղամարդ կարող է լինել: Ասողը նույնիսկ կարող է համոզված լինել, որ հաճոյախոսում է”,- ասում է հոգեբան Ս. Հակոբյանը:
Երևի թե հարկ չկա ենթադրելու, ինչպիսի ռեակցիայի կարժանանա տղամարդկանց “քուրս” կոչելու փորձը: “Ի, ես հո կնիկ չեմ…”,- անմիջապես վրդովվում է Միքայելը:
Ինչո՞ւ “քուրս”-ը վիրավորական կարող է համարվել, իսկ “ախպերս”-ը` կոմպլիմենտ, ինչո՞ւ կնոջ հետ համեմատվելը վիրավորական է, տղամարդու՝ ո՞չ: Բացատրություն Միքայելը չկարողացավ տալ . “Էնքան բան կա: Հիմա որն ասեմ: Տենց ա հիմա”:
Աշխարհի պատմությունն է, ավելի կոնկրետ հայրիշխանությունն է իր պատկերացումները պարտադրել կանանց և հասարակությանը, սակայն հիմա, երբ սկսել ենք խոսել հավասարության մասին, դեռևս կանգուն են մնում մեր ենթագիտակության մեջ կառուցված պատերը, որոնք, սակայն, ավելի ամուր են, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Ու քանի դեռ մեզ՝ կանանց, կարող են հաճոյախոսել “կին տղամարդ”, “ախպերս” խոսքերով, ու քանի դեռ մեզ զվարճալի կթվա նման “սրամտությունը”, մեր ներսի ճաղերն ու արտաքին արգելքներն ավելի կամրանան:
Մարիամ Մուղդուսյան
Դիտումների քանակը` 3684