Հայտնի են ՄԻԱՎ/ ՁԻԱՀ թեմային նվիրված լրագրողական աշխատանքների մրցույթի հաղթողները

Այսօր  Երեւանում տեղի է ունեցել ՄԻԱՎ/ ՁԻԱՀ թեմային նվիրված լրագրողական աշխատանքների մրցույթի հաղթողների պարգեւատրումը: Մրցույթը կազմակերպվել էր  «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի և Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միության կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ: 

 

Մրցույթին ներկայացված աշխատանքներից փորձագիտական ժյուրին 3 աշխատանք ընտրեց, որոնց հեղինակները պարգեւատրում ստացան:

 

1-ին տեղը զբաղեցրեց  News.am-ի լրագրող Ամալյա Գաբրիելյանի  «ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ» նյութը,  որը   պատմում է ՄԻԱՎ-ով ապրող  դեռահասի մասին:

 

2-րդ տեղում է ՝  «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանի «Որդուց ՄԻԱՎ-ով վարակված թոռանն ու հարսին սկեսուրը տանից դուրս է հանել»  հոդվածը, որը  ամուսնուց ՄԻԱՎ-ով վարակված եւ սկեսուրի կողմից երեխաների հետ միասին տնից վռնդված կնոջ ողբերգական պատմություն է:

 

3-րդ տեղում՝  անկախ լրագրող Արման Ղարիբյանի   «ՄԻԱՎ-ով ապրող ՏՍՏ-ները, նրանց հարաբերություններն ու զզվանքի հասնող բժշկական ստուգումները. գաղտնի ձայնագրություն»  հոդվածն է, որը  տպագրվել է «Հրապարակ» օրաթերթում:

 

WomenNet.am-ը  շնորհավորում է մրցանակակիրներին՝ նորանոր մասնագիտական հաջողություններ մաղթելով նրանց;

 

Հ.Գ. Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 1988 թվականից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1953 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 69 %, իգական սեռի ներկայացուցիչները  31 %-են: ՄԻԱՎ վարակի դեպքերի  2 %-ը արձանագրվել է երեխաների մոտ: Վարակվածների 53 %-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

 

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 667 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 34.2 %-ը: Երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,4 տոկոս: Հարյուր հազար բնակչի հաշվով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում, հաջորդում են Լոռին, Երևանը և Սյունիքը:

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 4000:

 

Դիտումների քանակը` 3310

Գլխավոր էջ