Մարիա Թիթիզյան. «Չեմ ուզում տղամարդկանց նմանվել, ուզում եմ լինել՝ կին քաղաքական գործիչ»:
« Ինձ համար քաղաքականությունը շատ կարևոր և հետաքրքրական ոլորտ է, որովհետև ես անտարբեր անձնավորություն չեմ», – ասում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, «Սոցինտերն» կազմակերպության փոխնախագահ Մարիա Թիթիզյանը: Մեր զրուցը նրա հետ՝ քաղաքականության մեջ կանանց դերի և խորհրդարանում նրանց ներկայացվածության վերաբերյալ է:
– Ինչպե՞ս եղավ, որ քաղաքական ասպարեզն ընտրեցիք Ձեզ համար:
– Ծնվել-մեծացել եմ Կանադայում, փոքր տարիքից ակտիվ եմ եղել ոչ միայն Հայ հեղափոխական դաշնակցության շարքերում, այլև համայնքում կազմակերպվող տարբեր միջոցառումների ժամանակ: Հետևաբար ո’չ իմ, ո’չ էլ ծնողներիս համար զարմանալի չէր, որ իմ ապագան՝ քաղաքական ասպարեզն է: Մասնագիտությամբ քաղաքագետ-պատմաբան եմ: Ինձ համար քաղաքականությունը շատ կարևոր և հետաքրքրական ոլորտ է, որովհետև ես անտարբեր անձնավորություն չեմ: Ես հավատում եմ, որ ազնիվ, պարկեշտ քաղաքական գործիչներ ունենալով, կկարողանանք երկիրը վերականգնել: Հենց այս ցանկությամբ տասնմեկ տարի առաջ տեղափոխվեցի Երևան:
– Քաղաքական կարիերայի ընթացքում որպես կին՝ ձեր նկատմամբ խտրականություն զգացել ե՞ք:
– Իհարկե, բնականաբար, առանց դրա՞… (ծիծաղում է-Հ.Հ.): Երկու տարբեր իրականությունների մեջ եմ ապրել` Արևմուտքում և Հայաստանում: Կանադայի ոչ հայկական շրջանակներում երբևէ խտրականություն չեմ զգացել՝ 60-ականների ֆեմինիստական շարժումն անհետևանք չի անցել և այնտեղի հասարակությունը էվոլյուցիա է ապրել: Թեպետ այդ շարժումն իմ սերնդի կանանց վրա նաև որոշակի բացասական ազդեցություն թողեց: Մի կողմից կանանց հորդորում էին, տանից դուրս գալ, զբաղվել կարիերայով, կրթությամբ, մոռանալ խոհանոցի մասին, մյուս կողմից՝ իմ պարագայում՝ լինելով հայ ընտանիքի զավակ գիտակցում էի, որ այնուամենայնիվ կան տնային տնտեսուհու պարտականություններ: Արդյունքում փորձում էի և ‘ խոհանոցում, և ‘ հասարակական կյանքում լինել առաջամարտիկ:
Բոլոր դեպքերում այնտեղ հասարակությունը դրական է ընկալում կնոջ մուտքը քաղաքական ասպարեզ: Եթե դու խելացի ես, նպատակասլաց, ունես կրթություն և լուրջ առաջարկություններ, ապա կարող ես շատ առաջ գնալ: Մինչդեռ հայկական ավանդական կուսակցություններում բազմիցս զգացել եմ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը: Պատճառներից մեկը սփյուռքում առկա հայապահպանման խնդիրն է: Հենց այդ գաղափարախոսությամբ էլ սփյուռքը ուղղորդեց կնոջը ՝ որպես հայապահպանության դրոշակակիր, դեպի օջախ, խոհանոց, ընտանիք, այդպիսով դուրս մղելով կանանց քաղաքական գոծընթացներից:
Տասնմեկ տարի առաջ, երբ եկա Հայաստան, քաղաքական ասպարեզում կին գործիչներ գրեթե չկային: Խաղի կանոնները տղամարդիկ էին որոշում, բեմահարթակում եղած կանայք էլ ՝ այդ միջավայրում գոյատևելու նպատակով, կարծես վերածվել էին տղամարդկանց:
Մինչդեռ, կարծում եմ, որ կինը այս ասպարեզում, բացի ուժեղ ու խելացի լինելուց, պետք է լինի կանացի: Կանացիությունը մեր օգտին է խոսում: Ես չեմ ուզում տղամարդկանց նմանվել, ուզում եմ լինել՝ կին քաղաքական գործիչ: Խտրականություն կանանց նկատմամբ կա, բայց դա չի նշանակում, որ կանայք պետք է թևաթափ լինեն:
Ի դեպ, նույն այդ խտրականությունը դրսև որվում է նաև լրագրողների կողմից: Տղամարդկանց երբեք չեն հարցնում՝ ինչպե՞ս եք համատեղում ընտանիքն ու աշխատանքը, իսկ կնոջը գրեթե պարտադիր հարցնում են: Սկզբում այդ հարցն ինձ զարմացնում էր, հետո դրան էլ վարժվեցի, մանանվանդ, որ ունեմ հրաշալի ամուսին, ով ինձ կաղապարի մեջ չի դնում: Ամուսինները պետք է միմյանց աջակցեն յուրաքանչյուր հարցում: Դա է պատճառը, որ կարողանում եմ և խոհանոցում ճաշ պատրաստել, և քաղաքական կյանքով զբաղվել:
– Փորձե՞լ եք պայքարել խտրականության դեմ:
– Դժվար էր: Սկզբնական շրջանում խտրականությունը գրեթե ամեն քայլափոխին է արտահայտվել՝ խոսքերի միջոցով, հայացքով, վերաբերմունքով: Ամենապարզ մարդկային հարաբերություններում անգամ զգում էի դա՝ ասենք, սկզբում տղամարդիկ ինձ ձեռքով չէին բարևում: Իրականում շոկ ապրեցի, երբ աշխատանքային հանդիպման ժամանակ տղամարդ քաղաքական գործիչները ինձ ձեռքով չբարևեցին: Վիրավորված էի: Հետո հասկացա, որ դա ոչ թե խտրականություն էր, այլ մտածելակերպ էր:
Հայաստանում՝ առաջին իսկ տպավորությամբ կարծիք ես կազմում, որ հայ տղամարդիկ ջենտլմեն են. դուռը բացում են, աթոռը քաշում: Սկզբում ինձ շատ լավ էի զգում, բայց հետո նկատեցի, որ ամուսինը կարող է կողմնակի անձանց ներկայությամբ կնոջը վիրավորել, այսինքն փոխադարձ հարգանք չկար, կնոջ հանդեպ վերաբերմունքը կոշտ ու կոպիտ էր: Կինը ամուսնու գծած սահմաններից չի կարող դուրս գալ:
Ինձ համար դա անհասկանալի երևույթներ են: Ես և ամուսինս բոլորովին այլ հարաբերություններ ունենք: Մենք կյանքի ընկերներ ենք, կիսում ենք ուրախություն, հոգս ու դժվարություն: Բայց որոշ խավերի հայ ընտանիքներում դա գոյություն չունի:
Այս իմաստով սկզբնական շրջանը իրոք դժվար էր ինձ համար, հետո որոշեցի, որ առճակատման գնալը սխալ է: Երև ի թե ժամանակ էր պետք, որ այս հարցերում էվոլյուցիա ապրենք Հայաստանում, սկսենք ընկալել, որ կինն ու տղամարդը պետք է միմյանց լրացնեն, ամբողջացնեն:
– Իսկ այսօր փոփոխություններ նկատո՞ւմ եք; Ինչպիսի՞ն է այսօր վերաբերմունքը կին քաղաքական գործիչների նկատմամբ:
– Փոփոխություններն ակնհայտ են: Ես դրանք, առաջին հերթին, նկատում եմ իմ կուսակցության շարքերում: Տարիներ առաջ գուցե ձեռքով չէին բարևում, իսկ այսօր հարգում են, գնահատում, քո կարծիքը լսում, հաշվի առնում: Առաջ, երբ խոսում էի կանանց իրավունքների մասին, տղամարդիկ այլ կերպ էին ընկալում, իսկ այսօր՝ ղեկավարությունից սկսած մինչև շարքային կուսակցական հասկանում են խնդրի կարևորությունը: Գուցե տարբեր կառույցներում կանանց ներկայացվածության առումով դեռևս շոշափելի չէ այդ առաջընթացը, բայց մեծ հաղթանակ է, որ այսօր արդեն ընկալելի է դարձել այն, որ կինը կարող է իրենց հավասար լինել և իր գիտելիքներով , և քաղաքական պատրաստվածությամբ ու առաջ գնալ:
–Ձեր կուսակցության ընտրական ցուցակներում կանայք ի՞նչ սկզբոնքով են ընդգրկվում:
– Ես քվոտայի կողմնակից եմ: Հասկանում եմ, որ գուցե դրա մեջ վիրավորական հանգամանք կա, սակայն քվոտան պետք է դիտարկել որպես ժամանակավոր միջոց: Եվրոպան ապացուցել է, որ դա հաջողված տարբերակ է կանանց առաջընթացը ապահովելու առումով: Մեր կուսակցությունը, ՀՅԴ –ն ինքն իր առջև քվոտա է դրել՝ համամասնական ցուցակի յուրաքանչյուր հինգերորդ անդամը պերտադիր պետք է կին լինի: Այսօր Դանակցությունը խորհրդարանում ներկայացված է 16 պատգամավորով, որից երեքը կանայք են: Ես հույս ունեմ, որ ապագա խորհրդարանում այդ տոկոսը ոչ միայն կպահպանվի, այլև կշատանա: Կին քաղաքական գործիչները կարող են նոր երանգ, ոգի ու շունչ բերել:
– Ներկայիս խորհրդարանում կա 11 կին պատգամավոր: Ինչպե՞ս եք գնահատում նրանց գործունեությունը:
-Եթե նայենք նրանց ակտիվությանը, ինչքան օրենքի նախագիծ են ներկայացրել, ինչպիսի ներկայություն են ապահովել և նայենք մնացածին, ապա պարզից էլ պարզ է, որ իրենց թվի համեմատ կանայք շատ ակտիվ են եղել: Պատկերացրեք, եթե խորհրդարանում կրկնապատիկն ունենանք, որ արդարություն պահանջեն, որ ուրիշի փոխարեն կոճակ չսեղմեն, որ օրենքի նախագիծը նախ կարդան հետո քվեարկեն… Որքան բան կփոխվի մեր իրականությունում:
Կինը պահանջում է արդարություն, նա որպես մայր է մոտենում խնդրներին: Կնոջ յուրահատուկ մոտեցումն ու անհանգստությունը տարբերվում է տղամարդու վերաբերմունքից: Հենց դա է պատճառը, որ մենք իրար ամբողջացնում ենք: Եվ հետո, մենք չենք կարող երազել ժողովրդավարության մասին, եթե ազգաբնակչության կեսը մասնակից չէ այդ գործընթացին:
– Ի՞նչ նպատակներով եք դուք մտել քաղաքական ասպարեզ:
– Ես միշտ ասում եմ` չեմ ապրում միայն ինձ համար, ապրում եմ իմ զավակների, թոռների համար: Քսան տարի հետո, երբ զավակներս ինձ նայեն և հարցնեն «Մամ ջան, քո սերունդն ի՞նչ արեց այս երկրի համար, ուզում եմ պատասխան ունենամ: Իմ ժառանգությունը նրանք են; Ես ուրիշ բան այս երկրի վրա չեմ թողնելու: Ես հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է կաթիլ առ կաթիլ փոխել այս երկիրը:
Հարցազրույցը վարեց` Հասմիկ Հարությունյանը
Դիտումների քանակը` 5480