Հայկական օրգանական սննդամթերքի մակնշումը` երեք նռան պատկերն է
Հայաստանում կա 340 հազար ֆերմերային տնտեսություն, որոնց 90 տոկոսը տեղեկացված չէ օրգանական սննդի մասին, թեև օրգանական գյուղատնտեսության զարգացումը գերակա և հեռանկարային ուղղություն է ճանաչվել մեր երկրում: Այս մասին WomenNet.am –ի հետ զրույցում ասաց Հայաստանում օրգանական սննդամթերքը սերտիֆիկացնող «ԷԿՈԳԼՈԲ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Նունե Դարբինյանը: Մեր առաջին հարցը մասնագետին՝ ո՞ր սննթամթերքն է համարվում օրգանական:
-Օրգանական է համարվում այն սննդամթերքը, որն արտադրվել է օրգանական ստանդարտով սահմանված պայմաններում: Այդպիսի սննդի արտադրության ընթացքում բացառվում է թունաքիմիկատների, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը: Թեև Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը մեծ հեռանկարներ ունի, այնուհանդերձ, առաջընթացի տեմպերը գոհացնող չեն: Հայաստանում կա 340 հազար ֆերմերային տնտեսություն, որոնց 90 տոկոսը տեղեկություն չունի օրգանիկ սննդի մասին: Մինչդեռ շատ երկրներում օրգանական գյուղատնտեսության հանդեպ պահանջարկը մեծ է, ուստի այդ ոլորտի զարգացման համար պետությունն աջակցում է ֆերմերներին: Օրգանական արտադրանքն անպայմանորեն սերտիֆիկացվում է, որպեսզի գնորդի համար պարզ լինի, թե ով է այն արտադրել, ինչ պայմաններում, որ վայրերում: Ամբողջ գործընթացը թափանցիկ է: Օրգանական արտադրանքը ապահովագրում է մարդուն, ինչպես նաև հետագա սերունդներին աղտոտված սննդի ընդունման վտանգավոր հետևանքերից:
– Օրգանիկ արտադրանքի սերտիֆիկացումն իրականացվում է Ձեր ընկերության կողմից: Արդյո՞ք ռիսկային չէր գործունեություն սկսել մի ոլորտում, որի մասին հանրությունն ու մասնավորապես մթերք արտադրողները տեղեկացված չեն:
– Հայաստանում օրգանական գյուղանտեսությունը սկսել է զարգանալ 2002թ. Արագածոտնի ու Արմավիրի մարզերի լեռնային գոտիներում, հետագայում այն զարգացել է նաև Վայոց Ձորի, Սյունիքի ու Արարատի մարզերում: Օրգանական սննդի շուկան սովորական սննդի շուկայից տարբերվում է սերտիֆիկացված արտադրանքով, որն էլ իրակացնում է «Էկոգլոբ» ՍՊԸ-ն: Այսօր «Էկոգլոբ»-ը միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող` ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Կանադայում հավաստագրում անցկացնող կազմակերպություն է, որի սերտիֆիկատը ճանաչվում և ընդունվում է նշված շուկաներում: Դա մեր կողմից մեծ ձեռքբերում է:
Սակայն մեր գործունեությունը ինքնանպատակ կլինի, եթե սպառողը տեղեկացված չլինի սերտիֆիկացված օրգանական արտադրանքի մասին: Այս հարցում կարևոր է պետության եւ լրատվամիջոցների դերը, ինչն էլ ակնկալում է մեր կազմակերպությունը: Սպառողը պետք է հավատ ընծայի «բիո», «էկո» և նմանատիպ մակնշումներով արտադրանքին միայն այն դեպքում, երբ առկա է օրգանական սերտիֆիկատը, և սերտիֆիկացնող մարմնի մասին տեղեկատվությունը զետեղված է պիտակի վրա: Հայկական օրգանական սննդամթերքի մակնշումը` երեք նռան պատկերն է, սա է , որը պետք է ճանաչելի լիներ սպառողին: Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի այս նշանը բոլորին հասանելի դարձնելու համար, քանի որ շուկան լի է նաև կեղծ սննդամթերքով, բացի այդ օրգանիկ արտադրանքի այս նշանը սահմանված է «ՀՀ օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքով, որը, ցավոք, չի կիրառվում: Մինչդեռ Գերմանիայում մակնշումը գովազդելու համար մեծ գումարներ են հատկացվում, արդյունքում գերմանացի սպառողը գնումներ կատարելիս առաջնորդվում է այդ նշանով:
«Էկոգլոբ»-ն այսօր ողջ տարածաշրջանում և հետխորհրդային երկրներում միակ սերտիֆիկացնող մարմինն է, որը հնարավորություն է տալիս օրգանական գյուղատնտեսական մթերք արտադրողներին իրենց ապրանքն արտահանելու և ճանաչելի դարձնելու զարգացած երկրների շուկաներում, ինչը Հայաստանի տնտեսության և հատկապես՝ գյուղատնտեսության զարգացմանը նպաստող հանգամանք է։
– Ի՞նչ չափանիշներով է սերտիֆիկացվում օրգանիկ արտադրանքը:
-Օրգանական սննդի արտադրությամբ զբաղվելու որոշում ընդունելուց հետո ընկերությունը պետք է ծանոթանա օրգանական սերտիֆիկացման ստանդարտներին: Ի տարբերություն սովորական գյուղատնտեսության, օրգանական գյուղատնտեսության համար չափանիշները խիստ են, սննդի արտադրության մեջ պետք է ոչ միայն բացառել թունաքիմիկատների և գենետիկորեն փոխակերպված օրգանիզմների կիրառումը, այլ կիրառել էներգո- և ջրախնայող տեխնոլորգիաներ, դրանով իսկ նպաստելով բերքատվության բարձրացմանը: Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունը հումքի ընդունման պահից մինչև պատրաստի արտադրանքի պահեստավորումը պետք է հավաստիացնի, որ օրգանականի փոխարեն շուկա չի հանի ոչ օրգանական սննդամթերք, որ իր արտադրանքը չի պարունակի ԳՓՕ, իսկ օգտագործվող հավելումների քանակը կլինի սահմանափակ:
«Էկոգլոբը», իր հերթին, պետք է վերահսկի օրգանական սննդամթերքի ստեղծման ողջ ընթացքը, հումքի ընդունումից մինչև տարաներում պահպանման և տեղափոխման ավարտը: Ի դեպ, մենք ստուգում ենք նաև հողի պատմությունը, թե տվյալ հողատարածքում ինչ է տեղի ունեցել առնվազն երեք տարի առաջ: Շատ կարևոր է տարածքի ընտրությունը, եթե այն մաքուր է, ապա մենք շարունակում ենք ողջ գործընթացի վերահսկողությունը: Օրգանական սննդամթերքի արտադրության համար առավել բարենպաստ են համարվում այն տարածքները, որոնք գտնվում են աղտոտման աղբյուրներից՝ արդյունաբերական շրջանից, մայրուղիներից ու երկաթգծերից հեռու: Կարևոր է նաև, թե հարևան գյուղացու հողատարածքում ինչ է կիրառվել, քանի որ չի բացառվում այդտեղից աղտոտման թափանցումը: Նման դեպքերի հանդիպել ենք: Այնպես, որ առաջին հերթին սերտիֆիկացվում է հողը:
-Գյուղատնտեսության ո՞ր ոլորտներն են եւ ո՞ր սննդամթերքներն են սերտիֆիկացվում Հայաստանում:
– Պտղաբուծությունը, ցորենի արտադրությունը /այն էլ որոշակի տեսակի/, փոքրածավալ սուպերմարկետների բանջարեղենի տեսականին, կերային որոշ արտադրանքներ: Վերամշակող գործարանների արտադրանքները ՝ Երևան գարեջուրն իր «Արևա» օրգանիկ ապրանքանիշով, «Թամարա ֆրուտը», «ՍԻՍ նատուրալն» իր Բիո-Յան ապրանքանիշով, սերտիֆիկացվում են:
Իհարկե, հնարավոր չէ, որ օրգանական սննդի կիրառումը դառնա համընդհանուր, դրա համար տարիներ կպահանջվեն, սակայն աստիճանաբար սպառողի մոտ կարելի է ձևավորել առողջ, օրգանիկ սննդի օգտագործման մշակույթ, ինչին էլ ձգտում ենք:
– Հայկական օրգանական արտադրանքը ո՞ր երկրներն են արտահանվում …
– Հիմնակնում արտահանվում են կորիզայուղեր, հյութեր, մրգային պյուրեներ, կոմպոտներ: Նախատեսվում է ընդլայնել արտահանվող մթերքների տեսականին: Վերոհիշյալ արտադրանքը արտահանվում է ԱՄՆ, ԵՄ, Ղազախստան, ավելի մեծ խմբաքանակով Ռուսաստան, որտեղ հայկական օրգանական մթերքը շատ բարձր է գնահատվում:
Զրուցեց Անուշ Ներսիսյանը
Հ.Գ. Նշենք, որ այս տարվա հուլիսին ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակը պարենային անվտանգության և սնուցման խնդիրների վերաբերյալ լրագրողների համար դասընթացներ էր կազմակերպել Դիլիջանում: Ծրագրում ներառված էին կենսաապահովման, պարենային անվտանգության հայեցակարգին, օրգանական սննդի ստանդարտներին, սննդի անվտանգությանն առնչվող հարցեր:
Դիտումների քանակը` 6065