«Ոչ մի կին, մեկ ուրիշին կյանք պարգևելով, չպետք է մահանա 21-րդ դարում»…
Ամեն օր աշխարհում 800 կին է մահանում հղիության ընթացքում կամ ծննդաբերելիս: Գրեթե ամեն րոպե աշխարհում ընտանիք է ցնցվում մոր կորստից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամեն տարի հղիության եւծննդաբերության ժամանակ 350 հազար կին է մահանում, ընդ որում նրանցից գրեթե բոլորը (99 %) ապրում են աղքատ զարգացող երկրներում եւ նրանցից շատերի կյանքը հնարավոր էր փրկել: Նշենք, որ մայրական մահացությանվերաբերյալ այս մտահոգիչ թվերը 47 տոկոսով բարելավված ցուցանիշներ են 2000-ի համեմատ, երբ Հազարամյակի զարգացման նպատակներիշրջանակում աշխարհի բոլոր երկրները պարտավորվեցին իջեցնել մայրական մահացությունը 75 տոկոսով :
Հայաստանում 90-ականներից մինչ 2014թ-ը մայրական մահացության ցուցանիշը տարեց տարի համեմատաբար նվազման միտում է արձանագրել: Քսան տարիների ընթացքում միայն 2000 թ-ին է, որ մահացության աննախադեպ բարձր ցուցանիշ ենք ունեցել՝ 25 դեպք, նաև 2008-2009թթ-ին՝ 15-ական դեպք: Վերջին երկու տարիներին՝ 2013-2014թթ-ին Հայաստանում մայրական մահացության 8-ական դեպք է արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքում ներկայացված տվյալներից: Ընդ որում նշենք, որ Առողջապահության նախարարության կողմից ներկայացված այս տվյալներն որոշակիորեն տարբերություն են տալիս նույն տարեգրքում ներկայացված Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ:
Այդպես, 2010թ-ին ՝ Հայաստանում արձանագրվել է մայրական մահացության 3 դեպք (թեև ըստ ԱՎԾ-ի՝ 4 դեպք), և սա ամենացածր ցուցանիշն է, որ ունենք 1996թ-ից սկսած: 2011-ին ` 5 դեպք (ըստ ԱՎԾ-ի՝ 6), 2007-ին՝ 6 դեպք, 2012թ-ին 10 դեպք (ըստ ԱՎԾ-ի՝ 8):
Որպես մայրերի մահվան պատճառ գրեթե բոլոր դեպքերում հանդիսացել են հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանի այլ բարդությունները: Օրինակ, Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2014-ին մայրական մահացության 8 դեպքերից 6-ը այդ տողով են անցնում, իսկ երկու կին մահացել է մանկաբարձական արյունահոսությունների հետևանքով:
Մայրական մահացության ցուցանիշները ուսումնասիրելիս տեսնում ենք, որ գրեթե ամեն տարի մահ է արձանագրվում բուժհիմնարկներից դուրս տեղի ունեցած վիժումների հետևանքով: Վերջին երկու տարիներին՝ 2013-20 14թթ-ին բարեբախտաբար այս տողով անցնող մահեր պաշտոպանես չեն արձանագրվել: Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ միայն 2012թ-ին երկու կին է մահացել հիշյալ պատճառով, և դա թերևս ամենաբարձր ցուցանիշն է 2000թ-ից հետո , երբ բուժհիմնարկներից դուրս վիժումների հետևանքով մահացել էր երեք կին:
Հաշվետու շրջանում՝ 1996-2014թթ-ին Հայաստանում 4 կին մահացել է արտարգանդային հղիության հետևանքով: Նույն ժամանակահատվածում 10 կին մահացել է հղիու թյան տոքսիկոզների հետևանքով:
Հատկանշական է, որ արհեստական բժշկական վիժման հետևանքով այս տարիների ընթացքում երկու կին է մահացել ՝ 1996թ-ին և 2009-ին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների: Մինչդեռ ըստ Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների՝ 1996-2014թթ-ին Հայաստանում այդ պատճառով մահվան որևէ դեպք չի արձանագրվել:
Հազարամյակի նպատակների շրջանակում ՀՀ կառավարությունը ծրագրել էր մինչև 2015 թ. երեք քառորդով կրճատել մայրական մահացության ցուցանիշը (100.000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող մայրական մահացության դեպքերը)՝ հասցնելով այն 10,3-ի : Այսօր այդ ցուցանիշը հաջողվել է իջեցնել ավելի քան երկու անգամ եւ այն մեր երկրում 18.6 է՝ 100.000 կենդանածնի հաշվով: Դա ԱՊՀ երկրների միջին ցուցանիշներից (29.3 )ցածր է, բայց զգալիորեն բարձր է (մոտ 4 անգամ) , քան Եվրամիության երկրներում (5 ): Նշենք նաեւ, որ ըստ ԱՎԾ տվյալների Հայաստանի գյուղական շրջաններում մայրական մահացության ցուցանիշը ավելի բարձր է , քան քաղաքներում:
Մայրերի առողջությունը սերտորեն կապված է երեխաների առողջության հետ : Ամեն տարի աշխարհում առավել քան 3 միլիոն նորածին է մահանում, եւս 2,6 միլիոնը մահացած է ծնվում: Ամեն տարի մոտ 1 միլիոնից ավել երեխաներ առանց մայրերի են մեծանում: Առանց մայրերի մեծացող նորածինների մահացությունը կյանքի առաջին տարում տաս անգամ ավելի բարձր է, քան մայրեր ունեցող երեխաների շրջանում:
Ըստ Առողջապահության զգային ինստիտուտի տարեգրքի 2014թ-ին արձանագրվել է 0-4 տարեկան 445 երեխայի մահվան դեպք: Ըստ պատճառների պատկերը հետևյալն է. պերինատալ շրջանում առաջացող առանձին վիճակների հետևանքով մահացել է 98 տղա և 76 աղջիկ: Չարորակ գոյացությունները 0-4 տարեկան 8 երեխայի կյանք են խլել, բնածին շեղումների (զարգացման արատների), դեֆորմացիաների և քրոմոսոմային խանգարումների հետևանքով մահացել է 109 երեխա:
Մանկական մահացության պատճառ շատ հաճախ հանդիսանում են նաև շնչառական օրգանների հիվանդությունները՝ 2014թ-ին դրանց պատճառով մահացել է 52 երեխա՝ 27 տղա և 25 աղջիկ:
Հազարամյակի նպատակների շրջանակում ՀՀ կառավարությունը ծրագրել էր մինչև 2015 թվականը, 1990 թվականի համեմատ, երկու երրորդով կրճատել մինչև 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը: Այսօր Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը հաջողվել է նվազեցնել 50%-ով, հասցնելով տարեկան մանկական մահացության գործակիցը մինչեւ 10,7 պրոմիլեի; Սակայն այս ցուցանիշը դեռևս զգալիորեն գերազանցում է միջինեվրոպական մակարդակը (5,1 պրոմիլե) :
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ.
Դիտումների քանակը` 3903