Ներառական կրթության մեծագույն բացերը. ուսուցիչների վերաբերմունքն ու պատրաստվածությունը
Երեկ Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում ներառական կրթության արդյունավետության հարցն էին քննարկում: Բավականին ուշագրավ գնահատականներ հնչեցին, հատկապես Երևանի թիվ 125 դպրոցում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի վերաբերյալ, որն, ըստ էության բացահայտեց ներառական կրթության ոլորտում առկա հիմնական բացերը: Հիշեցնենք, որ ներառական կրթություն իրականացնող թիվ 125 դպրոցի տնօրենը հրաժարվեց ընդունել մանկական ուղեղային կաթված ունեցող 7 ամյա երեխային ՝ պատճառաբանելով, որ դպրոցի բազմամասնագիտական խումբը անհրաժեշտ փորձառություն չունի նրա հետ աշխատելու համար…
«Այդ դպրոցի մասնագետների թիմը, մեղմ ասած, իր տեղում չէ »…
Քննարկման մասնակից «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավար ՍուսաննաԹադևոսյանը այս դեպքի համատեքստում երկու հիմնական խնդիր մատնանշեց, որոմք լուրջ խոչընդոտ են հանդիսանում ներառականության ճանապարհին: Առաջինը՝ դա ընտանիքներում, հասարակության մեջ, դպրոցում առկա վերաբերմունքն է հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: Եվ երկրորդը, մասնագետների ոչ բավարար պատրաստվածությունը այդ երեխաների հետ աշխատելու համար:
«Մեծագույն խնդիր է մնում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը և այստեղ դեռ շատ անելիքներ կան՝ վերաբերմունքը փոխելու և կարծրատիպերը կոտրելու համար: Այս ճանապարհով անցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը: Մեծագույն խնդիր է նաև ուսուցիչների պատրաստվածությունը, նրանց մոտեցումներն ու վերաբերմունքը երեխայի կարողությունների և հնարավորությունների նկատմամբ, հատկապես հաշմանադամություն ունեցող երեխայի», – ասաց նա:
Ս.Թադևոսյանի խոսքով, թիվ 125 դպրոցի միջադեպը, եզակի դեպք չի: Այդ դեպքը բացահայտեց , որ Մանկավարժական համալսարանում անհատի կարողությունը, նրա հնարավորությունը տեսնելու փոխարեն զարգացնում են արատը տեսնելու ունակությունը:
«Այս դեպքը մարտահրավեր էր բոլոր դպրոցներին. երբ ընդունում են հատուկ մասնագետների, ապա նրանք պետք է լինեն իսկապես այդ երեխաների պաշտպանները»,- ասաց Թադևոսյանը՝ նշելով, որ միջադեպն ի հայտ բերեց այն հանգամանքը, որ 125 դպրոցի մասնագետների թիմը, մեղմ ասած, իր տեղում չէ և վերապատրաստման լուրջ կարիք է զգում:
«Ամբողջ աշխարհում ներառումը այլևս ապրելակերպ է»…
Կրթության և Գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանն էլ ավելացրեց, որ ուզում է ավելի մեղմ արտահայտվել, քան տիկին Թադևոսյանը, բայց համաձայն է՝ խնդիրն առաջացել է մանկավարժական թիմի մտավախությունների պատճառով, որոնք և հիմք են հանդիսացել երեխայի նկատմամբ մերժողական վերաբերմունք ձևավորելու համար: Նրա խոսքով, նախարարությունը այս հարցով մանրակրկիտ չի զբաղվել, քանի որ իրենք դիմում չեն ստացել և դեպքին ծանոթացել են մամուլից:
«Մեզ համար ինչն էր կարևոր այս պատմության մեջ, որ երեխան լինի դպրոցում: Եվ երբ մենք կապվեցինք ծնողի հետ, նա միանշանակորեն ասաց, որ չի ուզում, որ իր երեխան այդ դպրոցը հաճախի, թեև ես կարծում եմ, որ որոշակի թյուրըմբռնում է տեղի ունեցել ծնողի և տնօրենի միջև»,- նշեց նա:
Նրա խոսքով, այսօր ՀՀ-ում գործում է ներառական կրթություն իրականացնող 170 դպրոց և մինչև 2025 թվականը Հայաստանում պետք է ներառական կրթություն ներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում:
«ՀՀ բոլոր դպրոցները մինչ 2025 թվականը պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն օրենքի պահանջներով, ոչ թե ուղղակի ընդունեն երեխային: Այսօր էլ պարտավոր են ընդունել երեխաներին, բայց պետք է կարողանան համարժեք արձագանք տալ յուրաքանչյուր երեխայի կարիքներին», – հավելեց Մուրադյանը, նշելով, որ 2005-ին ԱԺ-ն ընդունեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որտեղ հստակ ներառական կրթության գաղափարախոսությունը ներառված էր:
«Ամբողջ աշխարհում ներառումը այլևս ապրելակերպ է, մարդկանց համատեղ ապրելու, աշխատելու և սովորելու կենսակերպ: Յուրաքանչյուր երեխա պետք է իրեն հարմարվետ և կարևորված զգա հանրակրթության պայմաններում, և պետությունը պետք է յուրաքանչյուր երեխայի մասին հոգ տանի անկախ նրանից երեխան առանձհատուկ պայամանների կարիք ունի թե չունի», – ասաց պաշտոնյան:
«Ամենակարևորն է ՝ ստեղծել ներառական հասարակության մինի-մոդել դպրոցում»…
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվ. N 20 դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մովսեսյանը պատմեց, որ 2006-ից, երբ իրենց դպրոցը դարձավ ներառական, իրենք բազմաթիվ դժվարությունների առջև կանգնեցին, սակայն այժմ արհեստավարժ և այդ գաղափարախոսությունը ընկալող թիմ ունեն:
«Ամենակարևորն է ՝ ստեղծել ներառական հասարակության մինի-մոդել դպրոցում, ու եթե դուք կարողանում եք դա անել , ապա երեխաները՝ մեծանալով այդ նորմերի և գաղափարախոսության մեջ, դպրոցն ավարտելուց հետո կյանք են տանում այդ ամենը ՝ ստեղծելով ներառական հասարակություն: Խնդիրները երեխաների մեջ չեն, խնդիրները մեծերի, ծնողների և ուսուցիչների կարծրատիպերի մեջ են »,- կարծում է Մովսեսյանը:
« Ներառական կրթության համակարգում 5 կարևոր խնդիր բացահայտեցինք»…
Հանրային քաղաքականության ինստիտուտի գործադիր տնօրեն և հետազոտող Արևիկ Անափիոսյանի ներկայացմամբ ՝ իրենց կատարած հետազոտությունը ներառական կրթության համակարգում բացահայտեց 5 կարևոր խնդիր, որոնք մտահոգության տեղիք են տալիս:
«Առաջինը ներառական կրթության գաղափարախոսությանն է վերաբերում և դրա ընկալմանը: Երկրորդը համակարգի միասնականության խնդիրն է: Երրորդը՝ որակն է, ներառումը պետք է անենք կրթության որակը չգցելու, այլ բարձրացնելու հաշվին: Չորրորդ խնդիրը վերաբերում է ուսուցիչների և բազմամասնագիտական թիմի պատրաստվածությանը: Հինգերորդ խնդիրն էլ՝ ֆինանսավորման մեխանիզմներն են»,- նշեց Անափիոսյանը:
«Մարզում հատկապես ուժեղ են կարծրատիպերը»…
Քննարկման մեկ այլ մասնակցի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 2 հիմնական դպրոցի ներառական կրթության սոցիալական մանկավարժ Աստղիկ Գալստյանի կարծիքով, մարզերում ներառական կրթություն իրականացնելու համար , առաջին հերթին, մանկավարժների վերապատրաստման խնդիրը պետք է լուծվի:
«Մեր դպրոցը 2012-ից է դարձել ներառական 12 աշակերտով, իսկ այժմ ունենք 40 աշակերտ: Դպրոցի մանկավարժները անցել են համապատասխան վերապատրաստում Կրթության ազգային ինստիտուտում, բայց Բժշկահոգեբանական մանկավարաժական գնահատման կենտրոնից մեզ դեռ չեն վերապատրաստել, սպասում ենք, որ վերապատրաստեն: Մարզում հատկապես ուժեղ են կարծրատիպերը, որոնք շատ են խանգարում: Այս պահին ունենք ծնողներ, ովքեր հաշմանդամություն ունեցող երեխա ունեն, բայց մտածում են` ամոթ է դուրս բերեն նրանց: Մտածում են, ո՞նց կլինի, որ համաքաղաքացիները տեսնեն, որ իրենք ունեն անվասայլակով երեխա: Բայց մեր մանկավարժները աշխատում են այդ ուղղությամբ, փորձում փոխել մոտեցումները: Մեր միակ խնդիրը նաև այն է, որ ոչ մի ՀԿ-ի, ոչ մի կառույցի հետ չենք համագործակցում», – հավելեց Գալստյանը:
Քննարկման ամբողջական տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ներառական կրթությունը՝ միայն շենքային հարմարությունները չեն…
Հենրիետ Արենս. « Ավելի շատ լսել երեխաների ու երիտասարդների ձայնը»
Ինչպիսի՞ն է հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը. ԱՄՆ vs Հայաստան
Orange-ը ֆինանսավորում է հատուկ հավելվածի ստեղծումը աուտիզմով երեխաների համար
«Մենք ենք» ներառական թատրոնը փակման վտանգի տակ է
«Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք կրկնակի խոցելի են»
«Էությամբ լավատես եմ, ունեմ նաև հումորի մեծ զգացում, որն ինձ օգնում է չհուսալքվելու»
«Ես Դաունի համախտանիշ ունեմ, սակայն դա ամենաանհետաքրքիրն է իմ մեջ»…/ տեսահոլովակ
«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»
«Հայ մայրեր»-ը փոխում են գլխուղեղային վնասվածքով մանուկների ճակատագրերը
«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…
Երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը մարզերում. ի՞նչ է անհրաժեշտ
«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…
Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում
«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»
«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…
Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …
Կարող ենք միասին/ սոցիալական տեսահոլովակ
Դիտումների քանակը` 10360