Ինչո՞ւ է ոչնչացվում թարմ ու որակյալ մթերքը, որով կարելի է կերակրել սոված մարդկանց…
Այս հարցի պատասխանը Ռուսաստանում այսօր ոչ ոք չգիտի: ՌԴ գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ, օգոստոսի 6-ին ոչնչացվել է 250 տոննա միրգ և բանջարեղեն, 30 տոննա կաթնամթերք, առավելապես՝ պանիր: Դրանից մեկ օր առաջ Եվրամիությունից մաքսանենգ ճանապարհով ներմուծված 100 տոննա խոզի միս են վառել… Հիշեցնենք, որ համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2015-ի հուլիսի 29-ի հրամանագրի՝ այն ապրանքները, որոնք կեղծ հավաստագրերով ներմուծվել են Եվրամիությունից՝ ենթակա են ոչնչացման։
Արգելանքի տակ գտնվող մթերքը Ռուսաստան է ներկրվում առավելապես ԵՏՄ անդամներ Բելառուսի և Ղազախստանի տարածքներից: Հայտնաբերված մթերքները ոչնչացնում են գրեթե ամեն օր, ընդ որում ցուցադրաբար՝ տեսախցիկների առջև, ինչը չի կարող դժգոհություն չառաջացնել մարդկանց մոտ: Առավել ևս, եթե պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում աղքատ է համարվում շուրջ 23 միլիոն մարդ, կամ բնակչության 16 տոկոսը: Ընդ որում, անցած տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 2 տոկոսով:
Դժգոհության ալիք է բարձրացել, մասնավորապես, բլոկադայի միջով անցած Սանկտ Պետերբուրգում՝ մարդիկ այստեղ չեն մոռացել սովը և նրանց համար անընդունելի ու անհասկանալի է մթերքների բարբարոսական ոչնչացումն արդարացնող ցանկացած փաստարկ:
Ավելի քան 300 հազար ռուսաստանցիներ արդեն իսկ պահանջագիր է ստորագրել Change.org կայքում մաքսանենգ մթերքների ոչնչացման դեմ։ Նախաձեռնության հեղինակները առաջարկում են չեղարկել նախագահի հրամանագիրը, իսկ պատժամիջոցային ցուցակի մթերքները փոխանցել անապահով քաղաքացիներին անմիջական օգտագործման։ «Ինչո՞ւ ոչնչացնենք եվրոպական թարմ մթերքը, որով կարելի է կերակրել վետերաններին, թոշակառուներին, հաշմանդամություն ունեցողներին, բազմանդամ ընտանիքներին, բնական աղետներից տուժածներին և այլ կարիքավորների» – այսպիսի հարցադրմամբ են հանդես գալիս ՌԴ իշխանությյուններին հասցեագրված ուղերձի հեղինակները:
Պահանջագիրն ուղղված է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև Պետական Դումային։ Հեղինակները նաև նշում են, որ արտադրանքի ոչնչացումը կհանգեցնի պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի, մինչդեռ արտադրանքի բաշխմամբ կարող էին զբաղվել բարեգործական կազմակերպությունները։
Հնչել են նաև այլ առաջարկություններ այն մասին, թե ինչպես կարելի է լուծել մաքսանենգ մթերքի հարցը։ Օրինակ, ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհուրդն առաջարկել է այդ մթերքն ուղարկել Ուկրաինայի փախստականներին։
«Դոժդ» հեռուստաընկերությունը ցուցադրել է թե ինչպիսի հետևանքներ է ունեցել Ռուսաստանում «պատժամիջոցային մթերքների» ոչնչացումը: Պարզվել է, որ մարդիկ այժմ հայտնվում են մթերքի ոչնչացման վայրերում և գետնից հավաքում այն, ինչ «փրկվել է»: Օրինակ, Սմոլենսկի շրջանում մարդիկ հավաքում են ոչնչացման համար նախատեսված ու տեղանքում թափված նեկտարինն ու դեղձը՝ նշելով, որ այդ դեղձից հոյակապ «սամոգոն» է ստացվում:
«Լևադա կենտրոնի» օրերս կատարված հարցման համաձայն, Ռուսաստանի քաղաքային եւ գյուղական վայրերում 1600 հարցվածների 48 տոկոսը բացասաբար է վերաբերում մաքսանենգ մթերքների ոչնչացմանը, իսկ 40 տոկոսը կողմ է նման նախաձեռնությանը: Դրա հետ մեկտեղ, պատասխանելով այն հարցին՝ թե ինչպես պետք է վարվել մաքսանենգ ճանապարհով ներմուծված մթերքների հետ, միայն 15 տոկոսն է կողմ արտահայտվել մթերքների ոչնչացմանը: Հարցվածների մեծ մասը կոչ է անում այդ մթերքն ուղարկել մանկատներ, ծերանոցներ, հիվանդանոցներ ու տալ անտուն մարդկանց (43 տոկոս): Հարցվածների 41 տոկոսը կոչ է արել դրանք փոխանցել սննդի կարիք ունեցող քաղաքացիներին՝ թոշակառուներին, հաշմանդամներին և բազմազավակ ընտանիքներին: Ռուսաստանցիների 27 տոկոսն առաջարկում է պատժամիջոցների տակ գտնվող մթերքը տալ բարեգործական կազմակերպություններին, 24 տոկոսը՝ ուղարկել Դոնբաս, 12 տոկոսը՝ ուղարկել Աֆրիկա:
Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալմերով աշխարում այսօր աշխարհում 800 միլիոն մարդ է ապրում ծայրահեղ աղքատության պայմաններում և տառապում քաղցից:
Դիտումների քանակը` 4437