Պեկինից 20 տարի անց. ՄԱԿ-ը առաջարկում է կազմակերպել Կանանց համաշխարհային կոնֆերանսը 2015-ին
ՄԱԿ-ը առաջարկում է անցկացնել Կանանց հիմնախնդիրներով հինգերորդ համաշխարհային կոնֆերանսը 2015 թվականին: Դա տեղի կունենա Պեկինում անցկացված կանանց վերջին գագաթնաժողովից 20 տարի անց: Գալիք համաժողովի անցկացման հնարավոր վայրի մասին դեռևս ոչինչ չի ասվում:
Առաջարկն արվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար ԲաՆ Կի Մունի և Գլխավոր Ասամբլեայի նախագահ Նասիր Աբդուլազիզ Ալ-Նասերի կողմից, ովքեր կանանց միջազգային օրվա կապակցությամբ ներկայացրած իրենց համատեղ հայտարարությունում ընդգծեցին, որ կանանց իրավիճակի բարելավումը կենսական նշանակություն ունի գլոբալ առաջընթացի համար, և ժամանակն է անցկացնել նոր համաշխարհային ֆորում` նվիրված կանանց դերին քաղաքականության մեջ, խաղաղության և անվտանգության ամրապնդման հարցերում, աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում:
“Քանի որ կանայք կազմում են մարդկության ուղիղ կեսը, և հաշվի առնելով կանանց խնդիրների կարևորությունը աշխարհի առաջընթացի համար, այժմ ճիշտ ժամանակն է անցկացնել նմանատիպ կոնֆերանս: Սա հատկապես կարևոր է, քանի որ աշխարհում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ, որոնք ունենում են ինչպես դրական, այնպես էլ այլ բնույթի հետևանքներ կանանց համար”, – ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ այն բարձունքը, որին ՄԱԿ-ը հասել է, 2011 թ. ստեղծելով գենդերային հավասարության և կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների հատուկ կառույցը (ՄԱԿ -կանայք), կարող է մեծապես աճել կանանց գլոբալ ծրագրի օգնությամբ, որն էլ, հավանաբար կմշակվի կանանց 5-րդ համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:
Հայտարարությունում հույս է հայտնվում, որ ՄԱԿ-ի անդամ-պետությունները, ովքեր ունեն վերջնական որոշման իրավունք առաջարկվող համաժողովի անցկացման նկատմամբ, անհրաժեշտ քայլեր կկատարեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ կանանց խնդիրներին նվիրված 4-րդ համաշխարհային կոնֆերանսը տեղի էր ունեցել Պեկինում 1995 -ին և ավարտվել էր Պեկինի գործողությունների ծրագրի ընդունմամբ:
Նախորդ երեք համաժողովները տեղի են ունեցել 1975-ին Մեխիկոյում, 1980-ին Կոպենհագենում, և 1985-ին Նայրոբիում:
Դիտումների քանակը` 5037