Միայն վերջին երեք ամսում Հայաստան է ժամանել երկու հազար սիրիահայ
Օրերս Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձանժողովի նիստին քննարկվել են մեր հայրենակիցներին պատերազմական գոտուց տարհանելու, Հայաստան տեղափոխելու հրատապ հարցերը: Նշվեց, որ միայն վերջին երեք ամսում Հայաստան է եկել 2 000 սիրիահայեր:
Ինչպես հայտնի է, ապրիլից ռումբերի տակ նաև Հալեպի հայկական թաղամասերը հայտնվեցին։ «Հալեպ» հայրենակցական միությունը բազմաթիվ խնդրանքներ ստացավ՝ Սիրիայից մեկ ուղղությամբ ՝ դեպի Հայաստան, ինքնաթիռի տոմս գնելու վերաբերյալ: Սփյուռքում սկսված դրամահավաքն արդյունք տվեց և դեռ շարունակվում է։ Մինչ այսօր կարողացել են 63 հոգու համար տոմսի հարցը լուծել, մոտ օրերս ևս 20 հոգի են ժամանելու Հայաստան: «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի նախագահ Անի Բալըխյանը պատմեց իրենց կողմից իրականացված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին, որոնք ուղղված են սիրիահայ ընտանիքներին սոցիալ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, բնակարանով, առաջին անհրաժեշտության իրերով և զբաղվածությունն ապահովելու խնդիրների լուծմանը:
Ինչպես նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, վերջին ամիսներին Սիրիայից Հայաստան տեղափոխվողների շարքում շատ են բժիշկները, ուսուցիչները և ճարտարագետները: «Կարծես թե Սիրիայում համայնքը վերջինը պահող մասնագետներն էլ են ստիպված լքում երկիրը: Ցավոք, Սիրիայում վիճակը գնալով ավելի է վատանում, և մեր հայրենակիցները տարբեր ճանապարհներով դուրս են գալիս Սիրիայից. մի մասը մեկնում է Լիբանան, մի մասը՝ Հայաստան, իսկ մեկ այլ հատվածը՝ Սիրիայի անվտանգ տարածքներ: Մենք անընդհատ կապի մեջ ենք մեր դիվանագիտական ծառայությունների հետ՝ տեղյակ լինելու համար այնտեղ տիրող իրավիճակի մասին»,- ասաց նա:
Խոսելով սիրիահայ մասնագետների աշխատանքով ապահովման խնդրի վերաբերյալ՝ սփյուռքի նախարարը նկատեց, որ վերջերս աշխատանք գտնելու աջակցության համար դիմել են մոտ տասնյակ սիրիահայ բժիշկներ եւ այլ մասնագետներ: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ խնդրի առնչությամբ նա դիմել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին այդ մասնագետներին անգործ չթողնելու առաջարկով։
Հրանուշ Հակոբյանի հաղորդմամբ, Մարսելում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հալեպի որբանոցի խնամատարությանը բարերարին հանձնելու վերաբերյալ: Գործարարը ստանձնել է ոչ միայն Հալեպի մանկատանը ապաստանած 30 որբ երեխաների հովանավորությունը, նաև խոստացել է Գյումրիում սկսած իր գյուղատնտեսական և արհեստագործական ծրագրերում ներգրավել սիրիահայերին՝ 10 ընտանիքի բնակարանի ու աշխատանքի հարցը լուծել: Հետագայում այդ աջակությունը կընդլայնվի:
Սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպման վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը: Նա անդրադարձավ Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաներին հոգեկան ծանր վիճակից դուրս բերելու, նրանց հանգիստը կազմակերպելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: Զեկուցողը մասնավորապես նշեց. «Ամառային ճամբարների կազմակերպման նպատակն էլ հենց սիրիահայ երեխաներին հոգեբանական աջակցության ցուցաբերումն է՝ տեղացի հայ երեխաների հետ համատեղ ամառային հանգիստի ապահովման և առավել արագ նոր միջավայրում հարմարվելու համար: ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի շրջանակներում 1-5-րդ փուլերում «Արի տուն» ճամբարում արդեն եղել են 78 սիրիահայ պատանիներ և աղջիկներ, իսկ վերջին փուլերին սպասվում է ևս 40 սիրիահայ երեխաների մասնակցություն: Ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ սիրիահայ անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը «Գուգարք» և «Տիրամայր Հայաստանի»-ի ճամբարներում կազմակերպելու վերաբերյալ:
«Գուգարք» մանկական ճամբարում նրանց հանգիստը կազմակերպելու հարցում նախարարությանն աջակցություն են ցուցաբերում ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն: ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում ֆինանսական աջակցություն ցուցաբերել ուղղված սիրիահայ երեխաների երկշաբաթյա ամառային հանգիստը կազմակերպելուն: Այդ աջակցության շրջանակներում «Գուգարք» մանկական ճամբարն այս տարի պատրաստ է տեղացի երեխաների հետ օգոստոսի 15-ից՝ երկու փուլով` հյուրընկալել սիրիահայ 8-15 տարեկան 80 երեխաների: «Տիրամայր Հայաստանի» կենտրոնն, ի դեմս ճամբարի պատասխանատու Քույր Արուսյակ Սաջոյանի, պատրաստակամություն է հայտնել օգոստոսի 20-ից մեկ շաբաթով Ծաղկաձորի ամառային ճամբարում ընդունելու նաև սիրիահայ անապահով ընտանիքների 100 երեխաների»:
Իրականացված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Նարինե Գալստյանը: Նա պատմեց, որ սիրիական տագնապի առաջին իսկ օրերից ՀՕՄ-ը աջակցություն է ցուցաբերել Հալեպի, Դամասկոսի, Լաթաքիայի, Գամիշլիի և այլ շրջանների 27 հայկական վարժարաններին: «Օգնություն է ցուցաբերվել սիրիահայերին «Տաք ճաշ», «Տաք տուն», «Տաքուկ բնակարան» և այլ ծրագրերով: Գործում են ձեռագործության դասընթացներ սիրիահայ կանանց համար», – ասաց ատենապետուհին:
Ըստ Սփյուռքի նախարարության հաղորդագրության, ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց սիրիահայերին աշխատանքով, կացարանով ապահովելու հարցերը, հորդորեց բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին ուշադիր և սրտացավ լինել :
Սիրիայից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների, ինչպես նաեւ նրանց աջակցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին կարդացեք մեր կայքում այստեղ.
Դիտումների քանակը` 5517