«Արհեստը դիպլոմ ունեցողին էլ կկերակրե»
Պատմական Կիլիկայի մշակութային եզակի արժեքներից մեկը՝ Մարաշի ասեղնագործությունը Հայաստանում շարունակելու միտքը սիրիահայ Աիդա Սանթուրյանի մոտ ծնվեց հանգամանքերի բերումով: Մասնագիտությամբ մանկավարժ Աիդան փորձում է այսօր գումար վաստակել իրենց ընտանիքում սերնդե-սերունդ փոխանցվող հազվագյուտ արհեստի միջոցով:
Հալեպում պատերազմը նոր էր սկսել, երբ վերահաս վտանգից խուսափելու համար ընտանիքը որոշեց ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան: Սակայն հիմնավորապես հայրենիքում մնալու ցանկությունն այսօր արդեն վճիռ է դարձել, քանի որ Հալեպի ձգձգվող և հեղհեղուկ վիճակը մարել է վերադարձի բոլոր հույսերը: Եվ հետո, Հայաստանում «գլխուներին տանիք ունին», ինքն ու ամուսինը՝ աշխատանք, երկու դստրերը սովորում են, մեկը՝ ճարտարագիտական համալսարանում, մյուսը՝ Երևանի պետական կոնսերվատորիայի քանոնի բաժնում, իսկ փոքր դուստրը փոխադրվել է երկրորդ դասարան:
Աիդան 12 տարի աշխատել է Հալեպի Կրթասիրաց երկրորդական Չեմբերջյան վարժարանում որպես մանկավարժ, սակայն այստեղ իր մասնագիտությամբ չի կարող աշխատել արևելահայերենին լավ չտիրապետելու և այդ պատճառով երեխաների հետ հաղորդակցման դժվարությունների պատճառով: Բայց անգործ էլ չէ: Հայաստանյան Կարմիր խաչի կողմից տրամադրած կարի մեքենայի միջոցով Աիդան սկսեց իր փոքրիկ բիզնեսը, հետո «օգնության եկան» ցուցահանդեսները, ծանոթների շրջանակը հետզհետե ընդլայնվեց, հարևան-դրացիները ոչ միայն ծանոթացան Աիդայի հետ, այլև երբեմն-երբեմն պատվիրում են Մարաշի ասեղնագործ իրեր:
– Հալեպում մանկավարժությունից բացի զբաղվում էի Մարաշի ասեղնագործությամբ: Ծնողներս Մարաշից գաղթել էին Հալեպ, մայրս իր մորից ու տատից սովորել էր ասեղնագործություն, նրանից էլ ժառանգեցի այդ հրաշալի արհեստը: Հալեպի հայ ընտանիքներում ընդունված էր Մարաշի ասեղնագործությամբ զարդարված սփռոցների, անձեռոցիկների, սրբիչների, բարձերի, անկողնային պարագաների կիրառումը, աղջիկներն իրենց օժիտների մեջ կդնեին: Հայաստանում կարծես թե դա ընդունված չէ, – ասում է Աիդան ու շարունակում,- Մարաշի ասեղնագործության յուրահատկությունը խաչերն են, որոնք, ի տարբերություն «աթլազլաման» ասեղնագործության տեսակի, թուրքերը չկարողացան սեփականացնել:
Աիդան սիրով է հիշում իր առաջին ասեղնագործ սփռոցը: Այսօր արդեն նրա բազում աշխատանքները հիացնում են ինչպես ցուցահանդեսների այցելուներին, այնպես էլ իր պատվիրատուներին: Ավանդական սփռոցների և ասեղնագործ այլ աշխատանքերի փոխարեն Աիդան գերադասում է ստեղծել իր ,մարկեթինգի» զարգացմանը նպաստող ասեղնագործ աշխատանքեր՝ հեռախոսի և ուսի պայուսակներ, տարբեր չափերի օձիքներ բաժակների և շշերի տոպրակներ, ապարանջաններ, վզնոցներ և այլ զարդեր: Քանի որ առևտուրը շատ քիչ է, ուստի հարկավոր է ընդլայնել տեսականին:
– Վերնիսաժում վաճառվող աշխատանքերին ծանոթնալու նպատակով մեկ անգամ այցելեցի այնտեղ, բայց այնտեղ ամեն մեկն իր տեղն ունի և ուրիշին չեն տրամադրի, հատկապես եթե մարդաշատ վայրում է: Բացի այդ, վաճառքը կհաջողի, եթե ամեն օր գնաս, այդ ժամանկ քո հաճախորդներն ունենաս: Այդպես ինձ հարմար չէր, ուստի որոշեցի տանը աշխատել,- պատմում է Աիդան:
Ասեղնագործության համար անհրաժեշտ թելերն ու այլ պարագաները Աիդան պատվիրում է Հալեպից և երեևանյան մի քանի խանութներից, գծագրերը նույնպես, թեև մեծամասամբ ինքն է գծագրում: Ճիշտ է, տեղական թելերը որակապես իրեն չեն գոհացնում, սակայն արհեստավարժ մատների ասեղնագործած նախշազարդերի լաբիրինթում դրանց «թերությունը» չի նշմարվում: Աիդան գոհունակությամբ է արտահայտվում Մարաշի ասեղնագործությամբ, կարպետի հյուսքով ու գոբելենով հետաքրքվող հայուհիների մասին:
Աիդան ուրախ է, որ հայկական մշակութային եզակի նմուշներից մեկը կշարունակի զարգանալ երիտասարդների շնորհիվ: Մեծ սիրով ասեղնագործում է հատկապես երիտասարդ պատվիրատուների համար: Օրեր առաջ դստեր դասընկերոջ համար ասեղնագործեց մի գեղեցիկ գոտի, մեկ ուրիշի համար հեռախոսի պատյան և ապարանջան: Կարի արհեստանոցներում էլ հաճախ է տեսնում ասեղնագործած տարազներ, որտեղ կուզենար աշխատել: Նա հույս ունի, որ Մարաշի ասեղնագործությունը հետզհետե մեծ պահանջարկ կվայելի, իսկ այսօր նրա աշխատանքները գնահատում և գնում են հիմնականում զբոսաշրջիկները: Աշխատում է տանը ՝օգնականի հետ, քանի որ տարածքն ընդլայնելու համար հնարավորությունները մեծ չեն:
Հայաստան եկած սիրիահայ կանանցից շատերը նույնպես զբաղվում են ասեղնագործությամբ, շատերի հետ Աիդան ծանոթացել և մտերմացել է ցուցահանդեսների ժամանակ, սակայն ամեն մեկն իր հոգսն ունի ու փնտրում է քիչ թե շատ եկամտաբեր աշխատանք:
Ի տարբերություն իր բազմաթիվ բախտակիցների Աիդան գոհ է, որ Հայաստանում ունի ապրելու և աշխատելու հնարավորություն:
-Ուրախ եմ, որ Հայաստանում եմ, ուզում եմ, որ շարունակեմ ապրել և աշխատել այստեղ, ու եթե դա ինձ հաջողվի, այստեղից հեռանալու մասին չեմ մտածի,- ասում է Աիդա Սանթուրյանը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 6948