«Ի՞նչ սեր առանց….»
Երեկ երեկոյան Չինարի պուրակում զբոսնող քաղաքացիները հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց պատկերացումները սիրո վերաբերյալ: Ի՞նչ սեր առանց հավատարմության, հարգանքի, վստահության, միմյանց հասկանալու. սրանք քաղաքացիների մտքերն են:
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության անդամներն ու կամավորները հանրային միջոցառում էին կազմակերպել «Ի՞նչ սեր առանց հավասարության» կարգախոսով: Երիտասարդները Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին տեղեկացնում էին Հայաստանում առկա ընտանեկան բռնության եւ կանանց իրավունքների սահմանափակումների վերաբերյալ:
«Առանց հավասարության չի կարող սեր լինել: Իսկ Հայաստանում կանայք հաճախ են բռնության ենթարկվում հենց իրենց «սիրելիների» կողմից: Բռնարար ամուսինը չի կարող սիրել»,- հայտարարեց կազմակերպության անդամ Մարինե Ադամյանը:
Երաժշտությամբ ու պարով ուղեկցվող միջոցառման ժամանակ քաղաքացիները լուսանկարվում էին «Love is»-ի հերոսների ստենդով, որոնց ձեռքում պահված սրտի վրա առկա գրությունները պարբերաբար փոփոխվում էին. «Սերը միմյանց ազատություն տալն է», «Սերը, երբ քեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կաս», «Սերը պարտականությունների հավասար բաժանումն է», «Սերը բռնություն չէ»:
Միջոցառման ընթացքում կազմակերպության կամավորները բլից թեստի միջոցով նաեւ պարզում էին, թե քաղաքացիներից յուրաքանչյուրը ինչ չափով է ֆեմինիստ՝ նրանց նվիրելով «Ի՞նչ սեր առանց հավասարության» գրությամբ նվերներ:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 5134