«Երեխաներիս առողջ ու լիարժեք սննդով ապահովելն այսօր ինձ համար խնդիր է»…
Առավոտյան մեկ բաժակ թեյ, հաց, պանիր կամ ավանդական-տնական պահածոյացված դեղձի ջեմ ու կարագ, եթե լինում է: Սա Գայանե Մացակյանի որդիների նախաճաշն է: Երկու դպրոցահասակ երեխաների մայրը պատմում է, որ երեխաներին առողջ ու լիարժեք սննդով ապահովելն այսօր իր համար խնդիր է: «Ամեն ինչ շատ թանկացել է, միրգը, բանջարեղենը, կաթնամթերքը: Մեկ կիլոգրամ կարագը 2700-3000 դրամ էրժի, իսկ մսամթերքը գրեթե անմատչելի է, ամեն օր չես կարող 2000 դրամով տավարի միս գնել»,-ասում է Գայանեն ու հավելում, որ առավել հաճախ հավ կամ հավի բուդ է գնում ու կերակուրը դրանով պատրաստում:
Գայանեի ամուսինը շինարար է, մշտական աշխատանք, հետեւաբար՝ մշտական եկամուտ չունի: «Եթե գործ է լինում, օրական 6500 – 7000 հազարով աշխատում է, էդպես էլի հնարավոր է ապրել, բայց երբ աշխատանք չի լիում, ստիպված ենք իմ աշխատավարձով ապրել»,-ասում է Գայանեն: Նա վաճառողուհի է, ամսեկան 80 հազար դրամ է վաստակում: Այս գումարով Գայանեն կարողանում է օրական երկու հաց գնել ու կոմունալ վճարումները մարել, որոնք հատկապես ձմռան սեզոնին ընտանիքի համար բեռ են: Տաք եղանակին կարողանում է առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ ձեթ, նպարեղեն գնել, իսկ ամուսնու վաստակածը տնտեսում են՝ձմռան սեզոնին միրգ ու բանջարեղեն պահածոյացնում, շաքարավազ, նպարեղեն գնում, որ ընտանիքը քաղցած չմնա, երբ շինաշխատանք չլինի:
«Մեր եկամուտը բավարար չէ լիարժեք՝ ամեն ինչով երեխաների սնունդն ապահովելու համար: Իմ հաշվարկներով, եթե գոնե շաբաթվա մեջ երկու-երեք անգամ մսամթերք, միրգ ու բանջարեղեն կարողանաս գնել, դրան էլ գումարած՝ քաղցրավենիք եւ այլ ծախսեր, առանց որոնց ընտանիքը չի կարող ապրել, ասենք, ձեթ, կարագ, շաքարավազ եւ այլն, ստաբիլ երկու-հարյուր հիսուն-երեք հարյուր հազար դրամ է անհրաժեշտ, հագուստի ու մնացած ծախսերը չհաշված»,-ասում է Գայանեն ու հավելում, որ մեր օրերում, եթե անգամ գումարն էլ բավականեցնի, անորակ սննդից չես կարող երաշխավորված լինել:
«Գիտեք, այսօր արտադրողներն էլ բարեխիճ չեն, ասենք, կաթնամթերքը, հո՞ ամբողջությամբ բնական չէ: Հեռուստացույցով էլ շատ ենք լսում կաթի փոշի ու կոկոսի յուղ են օգտագործում, բայց ուզած-չուզած, գնում ենք, քաղաքում անարատ մթերք որտեղից գտնենք: Սուպերմարկետներում տեսնում ենք գեղեցիք, հավասար շարված միրգ-բանջարեղենը, բայց ոչ համ կա , ոչ՝ որակ: Հազար ու մի մեթոդ կա , պոմիդորն են կարմրացնում, պարարտանյութ են տալիս: Ես շուկայից եմ գնումներ կատարում, էդպես ավելի էժան է ու, գոնե մեր հողում աճեցրածն է»,-ասում է մեր զրուցակիցը:
Գայանեն ավանդական՝ տատից ու մորից սովորած բաղադրատոմսերով է կերակուր պատրաստում՝ ապուրներ, փլավներ: Երշիկեղենից խուսափում է, թեեւ երեխաներն այն սիրով են ուտում: «Ինչ գիտես ինչ միս է, աշխատում եմ չառնել, բայց, երբեմն ստիպված եմ լինում գնել, երբ հարկավոր է արագ պատրաստել ու տնից դուրս գալ: Գիտեք, երբ ընտանիքի հոգսը նաեւ կնոջ ուսերին է ու գումարն էլ բավարար չէ, առողջ սննդի մասին չես կարող խոսել»,-ասում է երկու երեխաների մայրը:
Մարիաննա Ղահամանյան
P.S. Ըստ ՄԱԿ-ի ՊԳԿ-ի՝ պարենային զամբյուղի հիմքում մարդու օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ սննդային հիմնական նյութերի և էներգիայի ֆիզիոլոգիական պահանջն է, ինչպես նաև գիտա կանորեն ընդունված սնուցման հիմնական սկզբունքը` սննդային հիմնական բաղադրիչների (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ՝ 1:1:4 հարաբերակցությամբ) և կենսաբանական ակտիվ նյութերի (վիտամիններ, միկրո տարրեր) որակական և քանակական օպտիմալ հարաբերակցությունը:
Մեր երկրում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը մեկ շնչի հաշվով, կազմում է 32 հազար 727.5 դրամ՝ ամսական կտրվածքով: Նշենք, որ նվազագույն պարենային զամբյուղը իրենից ներկայացնում է 11 տեսակ սննդամթերքի նվազագույն չափաբաժինը, որն անհրաժեշտ է չափահաս մարդու օրգանիզմին։ Պարենային զամբյուղի էներգետիկ արժեքը օրական կտրվածքով կազմում է 2412.1 կկալ։
2013 թ. աղքատության վերին գիծը կազմել է 39 հազար 193 դրամ, իսկ աղքատության ստորին գիծը ՝ 32 հազար 318 դրամ: Ամսական այս գումարից ավելի քիչ եկամուտ ունեցողները համարվում են «շատ աղքատ»: Այդպիսիք, ըստ ԱՎԾ-ի, կազմում են բնակչության 13.3%-ը:
Չնայած Հայաստանում աղքատ է բնակչության 32 տոկոսը, սակայն 60 տոկոսը սպառում է 2100 կալ ցածր սննդամթերք, այսինքն թերսնվում է: Թերսնվող բնակչության մասնբաժնում հատկապես բարձր է երեքից ավել երեխաներ ունեցող ընտանիքների թիվը: Դրա մասին են փաստում ՀՀ վիճծառայության տվյալները:
Դիտումների քանակը` 5490