«Մենք ենք» ներառական թատրոնը փակման վտանգի տակ է
«Մենք ենք» ներառական թատրոնը հիմնվել է 2004 թվականին Երևանի Մանկական Զարգացման Կենտրոնի կողմից /այժմ` Մանկական զարգացման հիմնադրամ /: Թատրոնը նախ գործում էր որպես փոքրիկ խումբ: Երեխաները ներկայացումներով գնում էին մանկապարտեզներ ու դպրոցներ: Նպատակը մեկն էր` արտթերապիայի միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալականացմանն ու օգնել նրանց ավելի ինքնավստահ լինել: Թատերախմբի հետ աշխատում են հոգեբաններ, լոգոպեդներ: Կարճ ժամանակում թատրոնին հաջողվեց իսկական թիմ ձևավորել` մասնագետների ու ծնողների և անգամ `երկրպագուների մասնակցությամբ
Թատրոնի դերասանները վեցից քսաներկու տարեկան են` լսողական, հենաշարժողական և այլ հաշմանդամություն ունեցող , ինչպես նաեւ հաշմանադամություն չունեցող երեխաներ: «Երբ նրանք միասին են, ապա երեխաների մոտ լավագույն մարդկային որակներ են ձևավորվում: Դրա համար էլ ծնողները հաճույքով են բերում իրենց երեխաներին մեր թատրոն»,- WomenNet.am-ին ասում է թատրոնի ղեկավար, բեմադրիչ Մարինե Ասատրյանը:
Մարինե Ասատրյանի խոսքով, ներառական թատրոնի ամենամեծ արդյունքը եղավ այն, որ ծնողներն իրենք սկսեցին կարևորել սեփական երեխաների ունակությունները: «Եթե առաջին ներկայացման ժամանակ շատ էր հուզմունքը, հանդիսատեսը ներառական թատրոնին ավելի էմոցիոնալ էր վերաբերվում, հետո հասկացավ, որ չէ, ներառական թատրոնն արվեստ է ստեղծում ու էական չէ, երեխան սայլակով է, թե ոչ »,-պատմում է Մարինե Ասատրյանը:
«Ուզում եմ հավատալ», «Անսպասելին», «Բարի ախորժակ», «Ես և դու» : Ներառական թատրոնի բոլոր ներկայացումների հիմքում անձն է, երեխան ու մեծագույն սերը:
«Մենք չենք ասում , որ ձեզնից տարբեր չենք, մենք ցույց ենք տալիս այդ տարբերությունները: Ասում ենք` մենք բոլորս նույն աշխարհում ենք ապրում, բոլորս նման ենք իրար, բայց տարբեր ենք»,-շեշտում է թատրոնի ղեկավարը:
Նրա խոսքով, ներառական թատրոնը կոտրում է հասարակության մեջ առկա կարծրատիպերը թե՛ հաշմանդամության, թե՛ արվեստի բնագավառում և հանրությանն է ներկայացնում երեխաների անհատական առանձնահատկությունները , իսկ հաշմանդամություն ունեցող երեխաներին նոր հմտություններ է տալիս ու օգնում հավատալ սեփական ուժերին:
«Պատկերացրեք, կակազություն ունեցող երեխայի, որը կարիք ունի մեծ համեբերության , նրան պետք է լսել, հասկանալ: Թատերախմբի էֆեկտը զգում ես, երբ մինճ այդ ոչ սահուն խոսք ունեցող այդ երեխան բեմում խաղալիս դադարում է կակազել, որովհետև մտնում է մի այլ կերպարի մեջ, որը չունի այդ խնդիր: Անվասայլակով տեղաշարժվող Աղավնին , որ երազում էր քայլելու մասին, ներկայացման ժամանակ սայլակը թողնում է ու սկսում է պարել»,- պատմում է Մարինե Ասատրյանը:
Թատերախումբը հյուրախաղեր է ունեցել, ոչ միայն Երևանում, այլև շրջել Հայաստանի տարբեր մարզերով, եղել Վանաձորում, Թալինում, Ապարանում ու Գյումրիում:
«Մենք ենք» թատրոնի վերջին ներկայացումը բեմադրվել է մեկ տարի առաջ՝ 2014-ի ամռանը: Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա` երեխաները մասնակցությամբ ստեղծված «Ես և Դու» ներկայացմանը 28 երեխա է մասնակցել: «Մեզ համար մեծ դժվարություն է, երբ բերմում, օրինակ, քսանութ երեխաներ են , բայց մենք գիտակցում ենք, որ այդ ներկայացմամբ իրենց համար մի բան կփոխվի»,-ասում է Մարինե Ասատրյանը:
«Մենք ենք» ներառական թատրոնը մշտական ֆինանսավորում չունի: Այն գործում էր տարբեր դոնորների աջակցությամբ` դրամաշնորհային ծրագրերի հիման վրա: Թատրոնն այսօր աջակցության կարիք ունի: Այն ներկայումս փակման վտանգի տակ է՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Դահլիճի վարձակալություն, դեկորացիաներ , հագուստ, մարզային հյուրախաղեր: Այս ամենի համար գումար է հարկավոր:
Մարինե Ասատրյանի խոսքով, Մանկական զարգացման հիմնադրամն ամեն ինչ անում է թատրոնը պահելու համար, խումբը ձևավորված է ու անհրաժեշտ պահին արագ կհավաքվի: Անգամ գործունեության դադարի ընթացքում թատրոնը թեկուզ փոքրիկ, բայց ներկայացումներ է ունենում, խաղում են հին բեմադրությունները: Օրինակ, մասնակցեցին Երևանի կենդանաբանական այգու ներառական խաղահրապարակի կառուցման համար կազմակերպված դրամահավաքին, հանդես եկան երեք տարի առաջ բեմադրված ներկայացմամբ` նպատակ ունենալով երեխաներին ևս մասնակից դարձնել ներառական խաղահրապարակի ստեղծման անհրաժեշտ գործին:
«Սերը, ցանկությունը, ոչինչ չի մարել, բայց չկա այն կազմակերպությունը , այն մեկը, որն անշահախնդիր ներդրում կանի հավաքված խումբը պահելու համար: Պատկերացրեք մարզերի երեխաների վիճակը, երբ այդ հրավառությունից, ոգևորությունից հետո սպասում են, երբ պետք է նորից հանդիպեն իրենց ընկերներին: Ստացվում է` թևեր ես տալիս, որ թռչի, հետո ասում ես` օդում մնա, սավառնիր, մինչև տեսնենք ինչ կլինի»,- ցավով է ասում Մարինե Ասատրյանը: Թատրոնի ղեկավարը հավատում է, որ այյդ մեկը կա, որ նա կլսի ներառական թատրոնի մասին ու կասի`բարև, ես եկել եմ:
«Մենք ենք» ներառական թատրոնին աջակցելու համար դրամահավք է կազմակերպվել: Դրան մասնակցելու համար այցելեք http://donate.am/en/special-attention-to-special-needs/project կայքը:
Մարիաննա Ղահրամանյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք կրկնակի խոցելի են»
«Էությամբ լավատես եմ, ունեմ նաև հումորի մեծ զգացում, որն ինձ օգնում է չհուսալքվելու»
«Ես Դաունի համախտանիշ ունեմ, սակայն դա ամենաանհետաքրքիրն է իմ մեջ»…/ տեսահոլովակ
«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»
«Հայ մայրեր»-ը փոխում են գլխուղեղային վնասվածքով մանուկների ճակատագրերը
«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…
Երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը մարզերում. ի՞նչ է անհրաժեշտ
«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…
Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում
«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»
«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…
Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …
Դիտումների քանակը` 4869