«Չենք պատրաստվում ձեռքերը ծալած նստել».սիրիահայ կանայք նոր մասնագիտական ուսուցում են անցնում

«ԿԱԶԱ»  շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Espaces» ուսումնական  կենտրոնոմ  հավաքված սիրիահայ  կանանց  շրջանում բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտ էր տիրում: Նրանք  «Ամինա» սալոնստուդիայի կողմից  իրականացված «Մատնահարդարման  կարողություններ և հմտություններ» 40-ամյա և  «Վարսավիրական  գործի  հմտություններ» 100-ժամյա  դասընթացներն ավարտելու կապակցությամբ  եկել էին վկայագրեր և նվերգույք ստանալու:  Ուսուցումը  իրականացվել էր Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների  հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/  գրասենյակի  եւ «ԿԱԶԱ»  շվեյցարական մարդասիրական հիմնադրամի  աջակցության շնորհիվ՝ «Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի շրջանակում:  

 

–         Արհեստը կյանքի բոլոր բնագավառներում մարդկության կողմից մշտապես եղել է պահանջված ու գնահատված: Հայաստանում էլ աշխատաշուկան մասնագիտական և արհեստագործական կրթությամբ կադրերի պահանջարկ է ներկայացնում:Մեր նպատակն է  սիրիահայ կանանց որոշ մասնագիտությունների համար  անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելն է, որով  նրանք կկարողանան  հոգալ  իրենց ընտանիքի սոցիալական խնդիրները: Այս դասընթացները կօգնեն  նրանց վերսկսել  իրենց  կյանքը հայրենիքում: Մենք  նրանց տրամադրում ենք անհրաժեշտ խորհրդատվություն,  մասնագիտական  գիտելիքներ և վարսահարդարման, մատնահարդարման  համար անհրաժեշտ որոշակի  գույք / մկրատ, սանր, դիմահարդարման  համար վրձիններ,  պայուսակ/, միաժամանակ  քաջալերում  մասնակցել  հասարակական  կյանքին,-  մեզ հետ զրույցում պատմում է «Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի  ղեկավար Մարինե Թունյանը:

 

Նրա խոսքով, ծրագիրն  իրականացվում է  ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինասավորմամբ ու թեև իրենց  կենտրոնը ՄԱԿ ՓԳՀ-ի  հետ  համագործակցում է 2014 թվականից, սակայն  այս  տարվանից ուժերը կենտրոնացրեցվել են  մասնագիտական  կրթության  զարգացման  վրա: «Ի դեպ, դասընթացների մասնագիտական պատրաստվածության  հարցում  մեծ է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական  կենտրոնի դերը, որի հետ մեր համագործակցությունը արդյունավետ է», – ավելացրեց նա:

 

ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Նվեր Սարգսյանը ողջունելով ներկաներին նշեց, որ գնահատման է արժանի այն, որ սիրիահայ  կանայք չեն  վհատվում,  չեն  կորցնում  հավատը վաղվա  օրվա  հանդեպ: «Ձեր  առաջին  հայրենիքը Սիրիան է, երկրորդ  հայրենիքը՝Հայաստանը: Պատկերացնում եմ, թե որքան դժվար է, երբ  մարդը կորցնելով ամեն  ինչ, մի նոր երկրում  փորձում է վերականգնել այդ  կորուստը: Այդ  հարցում, համոզված եղեք, որ մենակ  չեք, դուք ունեք  աջակիցներ, թեև որքան էլ  ՄԱԿ ՓԳՀ-ն փորձում է ողջ աշխարհում աջակից  դառնալ տեղահանվող  մարդկանց, ցավոք,  կոնֆլիկտները աշխարհում  նվազելու փոխարեն, ավելանում են»:

 

«Շրջնավարտների»  բարձր տրամադրությունն ու ժպիտները հույս էին  ներշնչում, որ  կարճաժամկետ դասընթացների ժամանակ  ստացած գիտելիքներն ու որակավորումը գործնականում կբազմապատկվեն: Այս  կարծիքին է նաև երկու ամիս առաջ Հայաստան  եկած Լենա Մելքոնյանը, ով չի սահմանափակվի ստացած գիտելիքներով:

–         Շատ շնորհակալ ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք մեզ  աջակից են: Թեև մանկուց սիրել եմ այս  մասնագիտությունը,  բայց  հարկ էր խորանալ , եթե ուզում ես  փող  աշխատել դրանով: Սիրիայում  չէի աշխատում, ոչ էլ  վարսահարդարությամբ  էի զբաղվում,-ասում է Լենան:

 

Զավակների  /14-ամյա որդու և 13-ամյա  դստեր/  հետ գալով Հայաստան, նա այնուհանդերձ չի դադարում մտածել  վերադարձի մասին, սակայն Սիրիայում  տիրող իրավիճակը հարկադրում է  մնալ: Լենայի համոզմամբ ի տարբերություն Հայաստանի կյանքը Սիրայում թանկ չէ: Եթե այնտեղ  միայն  ամուսնու աշխատանքնով  կարողանում էին բարեկեցիկ  կյանքով ապրել, ապա  այստեղ դժվար է, ուստի տանը նստելու փոխարեն որոշեց մասնակցել վարսահարդարման մասնագիտական  դասընթացներին, որպեսզի  կարողանա թեթևացնել  ընտանիքի հոգսը: Ամուսինն, ով մասնագիտությամբ ոսկերիչ է, դեռևս աշխատանք  չի գտել Հայաստանում, ուրեմն, ասում է Լենան,  հարկավոր է  ձեռքերը ծալած չնստել:

 

–         Եղած գիտելիքներով  չեմ  գոհանա,  աշխատանք եթե  ճարեմ, կհմտանամ աստիճանաբար,  հույս  ունեմ, որ  գեղեցկության  սրահներից  մեկում  աշխատանք  կգտնեմ,  հետո, եթե ամեն  ինչ  բարեհաջող եղավ,  կունենամ  նաև  իմ անձնական  բիզնեսը: Ուսման  ընթացքում  շրջել եմ վասահարդարման  սրահներով, վարձատրությունը ցածր է,  չգիտեմ,  կկարողանամ աշխատել, թե ոչ,  բայց  տանը  կփորձեմ:

 

Վարսահարդարի մասնագիտությունն անծանոթ չէ  նաև 3 տարի առաջ Հայաստան տեղափոխված Սալբի Քանթարյանի համար: Սիրիայում մասնագիտությամբ  վարսահարդար սկեսրոջ անհատական  սալոնում երկար տարիներ ականատես է  եղել նրա  վարպետությանը, թեև երբևէ  չի փորձել: Իսկ ահա, Հայաստանում այն  պետք է  գալու:

–         Գիտեմ, որ այլ  մասնագիտությունների համար էլ  դասընթացներ կան, սակայն  ընտանիքս  մեծ է, երեք երեխա ունեմ, ու թեեւե  խիստ զբաղված եմ, սակայն աշխատել  պետք է: Այս  մասնագիտությամբ եթե  հաջողվի աշխատել, ես  բավարարված կզգամ, -ասում է Սալբին:

 

Իսկ այլ մասնագիտություններ, իրոք  կան, քանի որ Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնում մասնագիտանում են ոչ միայն վարսահարդարներ, մատնահարդարներ, այլև դերձակ-մոդելավորողներ, խոհարար-սպասարկողներ և  նախնական մասնագիտական արհեստագործական դաշտի այլ ոլորտի ներկայացուցիչներ:

 

–         Մենք  պետք է ուսումնասիրենք այլ մասնագիտությունների ոլորտում սիրիահայերի նախասիրությունները: Սակայն,  կարծում եմ նախընտրելին  խոհարաությունն ու դերձակի մասնագիտություններն են: Այս  հարցում  մենք  դարձյալ  կհամագործակցենք Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի  հետ,- ասում է Մարինե Թունյանը:

 

Տարիքային սահմանափակումներ անտեսող մասնագիտական  դասընթացները սիրիահայ  կանանց համոզմամբ մեծ ու կարեւոր  նախաձեռնություն են, որոնք  կօգնեն իրենց  ինքնահաստատվել հայաստանյան թեկուզեւ սուղ աշխատաշուկայում, լինել  ինքնաբավ, զբաղված և որ ամենակարևորն է՝ հոգալ ընտաներկան  խնդիրները:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 6610

Գլխավոր էջ