Ամեն օր մարդիկ սնունդ են թափում ու ամեն օր մարդիկ սոված են քնում
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, ամբողջ աշխարհում արտադրված սննդամթերքի մեկ երրորդը թափվում է: Միաժամանակ յուրաքանչյուր ութերորդ մարդն աշխարհում սովից է տառապում, եւ տարեկան 3մլն երեխա մահանում է սովից:
ՄԱԿ-ի գնատակակններով ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գնված սննդամթերքի կեսը թափվում է : Եվրոպայում տարեկան թափում են 100 մլն տոննա սննդամթերք: Յուրաքանչյուր ֆրանսիացի տարեկան միջինում դեն է նետում 20-30 կգ սնունդ, ինչը, ընդհանուր առմամբ, երկրի մասշտաբով արժենում է 12-20 մլրդ եվրո: Բրիտանացիները տարեկան թափում են 7 մլն. տոննա սննդամթերք…
Չնայած խնդիրը գլոբալ է, սակայն յուրաքանրյուր երկրում այն փորձում են լուծել յուրովի՚: Օրինակ Նյու Յորքում ապրող մի ֆերմեր, ով սոխ էր աճեցնում, խանութներին վաճառում էր իրենց կողմից պահանջվող միայն հավասար տրամագծով ու գեղեցիկ տեսքով սոխերը: Մնացած, «ոչ ստանդարտ» ապրանքը հայտնվում էր աղբավայրում: Սակայն ֆերմերն, իր իսկ նախձեռնությամբ, կապ է հաստատում բարեգործական մի կազմակերպության հետ, ով սոխը բաժանում է Նյու Յորքի աղքատ բնակիչներին: Այդ ճանապարհով իրեն հաջողվել է մեկ տարում 21 մլն կգ սոխ փրկել փչանալուց:
Մեծ Բրիտանիայում խնդրի լուծման գործին լծվել են մեծ խանութները: Waitros անունով ցանցի խանութներն իրենց առաջ մի նպատակ են դրել՝ հասնել նվազագույն քանակությամբ սնունդ թափելուն: Դրա համար նրանք տարբեր մեթոդներ են օգտագործում, օրինակ ժամկետի ավարտին մոտեցող մթերքը վաճառում են էժան, բարեգործություն է արվում, իսկ արդեն ժամկետանց դարձած մթերքն ուղարկվում է բիոգործարան, որտեղ դրանք այրվում են՝ վերածվելով էլեկտրաէներգիայի եւ տաքություն առաջացնելով:
Բոլորորվին վերջերս Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է խոշոր մթերային խանութներին՝ ոչնչացնել կամ թափել չիրացված պարենային ապրանքները:
Այն սննունդը, որը դեռ պիտանի է օգտագործման համար, սակայն հանվել է վաճառասեղանից, հիմնականում պետք է հատկացվի տարբեր բարեգործական կազմակերպությունների կամ կարիքավորներին: Օրինախախտներին խոշոր տուգանքներ են սպառնում։ Սնունդը դեն նետելն արգելվում է:
Մինչդեռ առևտրի մասնագետները պնդում են, որ խոշոր առևտրային ցանցերին պատկանում է դեն նետված սննդամթերքի ծավալի միայն 5 տոկոսը եւ սննդամթերքի հիմնական դեն նետողները տնային տնտեսություններն ու հանրային սննդի օբյեկտներն են:
Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը WomenNet.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրն առկա է նաև Հայաստանում: Հատկապես ամանորյա տոներից հետո փչացած սննդամթերքի ծավալները մի քանի անգամ ավելանում են:
«Ամեն օր ստիպված ենք ավելացած ճաշ ու հաց թափել: Դրանք աղբը չենք նետում: Ճաշը տալիս ենք բակում ապրող կատուներին, իսկ հացը չորացնում ենք, ուղարկում գյուղում ապրող բարեկամի հավերին ու շանը», -WomenNet.am-ին ասաց երևանաբնակ Մարգարիտան:
Արմեն Պողոսյանը նշեց, որ ինքը հստակ տվյալներ չունի, թե որքան սնունդ է փչանում Հայաստանում, բայց մի բան հաստատ գիտի, այդպես անելու իրավունք հայաստանցիները չունեն. «Ամերիկան մեծ ու հարուստ երկիր է, մենք չենք կարող համեմատվել նրա հետ արտադրվող սննդամթերքի ծավալներով: Բայց մեր երկրում էլ այդ երևույթը կա: Հատկապես տոներին այն մի ահավոր բնույթ է կրում»:
Ասոցիացիայի նախագահը հիշում է տատիկի պատմածները, նրանք միշտ զուսպ ու չափավոր են եղել ուտելիքի առումով. «Իմ տատիկն ապրել էր Ղարսում, բարեկեցիկ կյանքով: Ես երբեք չեմ լսել ոչ իրենից, ոչ էլ մյուս մեծերից, որ ասեին, մեր սեղանին էնքան բան էինք լցում, որ կեսը թափում էինք: Իսկ հիմա կան կանայք, որ այդ մասին հպարտությամբ են խոսում»:
Արմեն Պողոսյանի խոսքով, այստեղ թիվ մեկ «մեղավորը» կանայք են, տնային տնտեսուհիները, ովքեր հաճախ տնտեսելու հմտություններին ծանոթ չեն: եվ դա այն դեպքում, երբ Հայաստանում սննդի վրա ծախսվող գումարը ընտանիքի գրեթե ողջ ամսեկան բյուջեն է կազմում: «Պետք է խորհուրդ տամ հայ տիկիներին հաշվենկատ լինել: Շատ սնունդ պատրաստելու դեպքում ՝ թափելն էլ վատ է, բայց չթափելն ու ութերորդ օրը այն ուտելը ավելի վատ է: Նոր տարվա տոլման ուտում են ութերորդ օրը, դա ես չեմ ընդունում: Չէ որ ամեն տիկին գիտի, թե որքան հյուր է ունենալու»:
Սննդի ավելցուկը մեր զրուցակիցը հարստության հետ չի պայմանավորում, ասում է, հարուստ մարդն առավել հաշվարկով է լինում: Պողոսյանն ասում է, որ իր տանը երբեք շռայլություն չի եղել, ինքն էլ միշտ ասում է, երեկվա պատրաստած ճաշը թող վերջանա, նոր էսօրվա առածն ու պատրաստածը կուտեն:
Պողոսյանն ուշադրություն հրավիրեց նաև աղբի տեսակավորման խնդրի վրա, ինչը հնարավոր է դարձնում աղբի հետագա վերամշակումը: «Հայաստանում տարեկան մեկ մլն տոննա աղբ է կուտակվում: Ես չեմ կարող ասել, դրա որ մասն է սնունդը: Բայց ընդհանուր առմամբ մեր փորք երկրի համար դրանք սարսափելի թվեր են: Նույնսիկ աղբը տեղավորելու հարցն է խնդիր դառել: Հիմա մեզ մոտ աղբահանության ոլորտում արտասահմանյան օպերատորներ են մտել, կարծես թե վատ չեն աշխատում: Բայց աղբի տեսակավորման սկզբունքային հարցը չի լուծվել, մի փոքր քայլ էլ այդ ուղղությամբ չի արվել: Պետք է տարբերակված լինեն թուղը, երկաթը, ապակին, սնունդի մասին էլ չեմ խոսում, որովհետև այն գարշահոտություն ու վարակներ է տարածում, իսկ աղբամանների մոտ ապրողներն ուղղակի տառապում են հոտից ու դրա վրա հավաքված ճանճերից»:
Աղբի տեսակավորումը շատ երկրներում վաղուց լուծված խնդիր է; Թափված սննդամթերքը արգելվում է աղբանոց տեղափոխել, այն անմիջապես տանում են վերամշակման գործարաններ վերածում մեթանի եւ պարարտանյութի, դրանով իսկ մեղմելով սնունդը թափելու պատճառով տնտեսությանը հասցվող վնասները:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Վահան գյուղի տասնյակ բնակիչներ թունավորվել են թթից
Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը
Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է
500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին
Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն
Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ
Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները
«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»
Դիտումների քանակը` 4531