«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»
Վանիա Մեսրիյե Քարաջյանը Սիրիայի հակամարտության պատճառով Հալեպում տունը կորցրած հազարավոր սիրիահայերից մեկն է: Պատերազմի առաջին իսկ օրերին նա, հետևելով ամուսնուն, նախ մեկնել է Լիբանան, ուր հաճախակի էին լինում, իսկ այնուհետ տեղափոխվել Հայաստան:
«Լիբանանում ապրել ենք շուրջ երկուսուկես տարի, իսկ արդեն անցած տարի փետրվարին ամուսինս եկավ պատմական հայրենիք, ես էլ եկա մայիսին: Ապրել ենք Աբովյան քաղաքում, բայց արդեն երկու ամիս է, ինչ Երևանում ենք»,- WomenNet.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Վանիան: Սկզբում, ասում է, քաղաքը օտար էր, ամեն ինչ նոր էր, իսկ որ ամենակարևորն է` ապրելակերպն էր ուրիշ այստեղ: Բացի այս, Հալեպի մասին հիշողություններն էին խեղդող, պահի տակ նաև հուսահատության հասցնող, բայց հիմա արդեն կարելի է ասել հարմարվել են` կյանքը շարունակվում է:
«Մինչև իմ գալը ամուսինս արդեն դիմել էր Սփյուռքի նախարարություն, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակին, «Կարմիր խաչ»- ին ու մի քանի այլ կազմակերպություններին, որոնք զբաղվում են Սիրիայից տեղահանված ընտանիքների խնդիրներով: Մեզ մի քանի ամսվա տան վարձի գումարով են օգնել, ՄԱԿ ՓԳՀ –ի հովանավորությամբ` կարի մեքենա տրամադրեցին, որպեսզի ես կարողանամ աշխատել: Բացի այդ աջակցեցին, որ մասնակցեմ կարուձևի դասընթացին: Նաև «ԿԱԶԱ» հիմնադրամի «Ընտանիքի ընկեր» ծրագրով կամավոր էր մեզ գործնական խորհուրդներով օգնում, նրա միջոցով շատ հարցերի պատասխաններ էինք ստանում»,- պատմեց նա:
Նշենք, որ «Ընտանիքի ընկեր» ծրագիրը նախաձեռնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հայաստանյան գրասենյակը՝ ԱՄՆ – ի ֆինանսական աջակցության շնորհիվ: Ծրագիրն իրականացնում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, և այն նպատակ ունի աջակցելու Սիրիայում հակամարտության պատճառով տեղահանված ընտանիքներին` անմիջական և ընկերական հարաբերություններ հաստատելով նրանց և տեղացի հայ ընտանիքների միջև։
Վանիան կարուձևի մասնագետ է, ընդ որում աշխատում է ավանդական հայկական ուղղվածություններով`Մարաշի, Ուրֆայի, Վանի ասեղնագործության էլեմենտներ կարելի է հանդիպել նրա գործերում, տարազներ էլ է կարում: Ասում է` կարուձևից ավելի իրեն ձեռարվեստն է հետաքրքիր, հայկական ձեռագործները: Աբովյանից տեղափոխվելուց հետո հիմա ժամանակավոր կարուձևով չի զբաղվում, քանի որ՞ ինչպես ինքն է ասում, դժվար է միանգամից նոր վայրում գտնել մարդկանց, ում հետաքրքիր կլինեն մատուցվելիք ծառայություններդ: Բայց լավ է` վերջերս «Հալեպ» հայրենակցական կազմակերպությունում նրան առաջարկել են աշխատանք, որտեղ էլ ներկայումս աշխատում է: Կազմակերպությունը օգնություն է բաշխում սիրիահայ կարիքավոր ընտանիքներին, բացի այս` կազմակերպում կլոր սեղաններ, քննարկումներ սիրիահայերի մասնակցությամբ ու յուրատիպ կամուրջ հանդիսանում նրանց միջև կապը պահելու համար.
«Կազմակերպությունն ունի պարի կենտրոն, նաև «Արևիկ» մանկապատանեկան կենտրոն հաշմանդամություն ունեցող սիրիահայ երեխաների համար… Հալեպում «Արևիկ» դպրոց ունեինք, այստեղ հիմնել են դրա փոքր տեսակը ու այսօր «Արևիկ» ամեն օր հաճախում է վեց հաշմանդամություն ունեցող երեխա: Իսկապես կարևոր գործ է անում կազմակերպությունը»:
Դժվարություններով անցած, պատերազմի դառնությունը տեսած ընտանիքը, այդուհանդերձ, փորձում է շատ չնեղսրտել տեղափոխությունից ու փորձել նոր վայրում, նոր էջից իրենց կյանքը սկսել: Ավելին` միշտ երազել են ապրել Հայաստանում և երբ նոր էին ամուսնացել, ասում է նա, ուզում էին գալ այստեղ ապրել, բայց չէր ստացվում, հետաձգվում էր: Հետո կյանքն ինքը որոշեց իրենց հետագա քայլերը:
Մեր այն հարցին թե ինչի՞ մասին է երազում պատասխանում է.
«Երազանքս է ունենալ սեփական ատելյե, որի ուղղվածությունը կլինի հայկական ավանդական ձեռագործը, բայց ոչ միայն տարազների տեսքով: Ես պատկերացնում եմ սփռոցներ, գլխարկներ, սրբիչներ ու մնացած ամենը, ինչը հնարավոր է հայկական ավանդական նախշերով մատուցել: Մի խոսքով ամենը, ինչ կապված է Hand made-ի հետ` դա է իմ երազանքը: Աստված առաջ…»:
Այսօր սակայն առօրյա հոգսերը խանգարում են իրեն կենտրոնանալ արվեստի վրա: Տիկին Վանիայի խոսքով` Երևանն իրենց օտար չի, մարդիկ էլ լավն են ու բարեհամբույր, այդ մակարդակում որևէ խնդիր երբևէ չեն ունեցել, բայց խնդիրներ կան աշխատանքի, վարձերը վճարելու, ապրուստի միջոց ունենալու ու հոգեպես հանդարտվելու առումով: Որոշակիորեն դա կաշկանդում է, բայց ասում է, որ թե սկզբում, թե նաև այսօր իրենց ընտանիքը չի մտածում Հայաստանից հեռանալու մասին, ինչպես դա արեցին շատերն իրենց ծանոթներից, ովքեր սկզբում եկան Հայաստան, իսկ հետո տեղափոխվեցին այլ երկիր.
«Ոչ, երբեք չենք մտածել գնալ այստեղից: Ի՞նչ կա այլ երկրում, որ այստեղ չկա: Ոչ, ես չեմ մտածում: Ամեն տեղ էլ պետք է հիմնվենք ու զրոյից սկսենք, մենք նախընտրում ենք այստեղից սկսել, քան թե դրսում, որտեղ իսկապես օտարության մեջ կլինենք: Իսկ Հայաստանում մենք մեզ օտար չենք զգում… Հայաստանը մեր երկիրն ու որևէ մեկը երբեք մեզ թարս չի նայել ու չի ասել կամ թեկուզ հասկացրել, որ սա մեր երկիրը չի»,- հավելեց նա:
Ի դեպ, Վանիան նաև ձեռագործի ու յուրատիպ աշխատանքների` տարոսիկներ, նկարներ, կտավներ և այլնի պատվերներ է ընդունում` մինչ սեփական ատելյեն ունենալը այս ամենը իր համար փոքրիկ ուրախություն է:
Լիա Խոջոյան
Լուսանկարը՝ Վանիա Մեսրիյե Քարաջյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է
Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …
Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին
Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում
Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի
Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան
Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին
ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք
«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»
Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը
«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…
Դիտումների քանակը` 4051