«Մատչելիության քարտեզ»՝ բջջային հեռախոսում
«Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունը ցանկանում է անվասայլակով տեղաշարժվող անձանց համար նախատեսված «մատչելիության քարտեզի» բջջային հավելված ստեղծել: Օնլայն քարտեզը հասանելի է համացանցում՝ matcheli.am հասցեում, իսկ բջջային հավելվածը առավել եւս կհեշտացնի այդ քարտեզի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից:
«Դա կլինի համակարգված ռեսուրս, որը մատնացույց կանի մատչելի ու հասանելի գրեթե բոլոր վայրերը, ծառայությունները, որ կան մեր քաղաքում»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում ասաց կազմակերպության համակարգող Վարդուհի Արամյանը:
Նրա խոսքով՝ անվասայլակով տեղաշարժվող մարդիկ հաճախ հարցուփորձով են տեղեկանում, թե որ վայրերն են մատչելի իրենց համար. «Մեր կայքից էլ են տեղեկանում, իսկ բջջային հավելվածը կարող է ավելի գործածական լինել նրանց համար»,- ասում է Վարդուհին:
Նշենք, որ «Մատչելիության քարտեզը» մշտապես թարմացվում է, ցանկացած քաղաքացի կարող է գրանցվել և որպես կայքի օգտատեր ինֆորմացիա ավելացնել կայքում որեւէ մատչելի հատվածի կամ հասանելի ծառայության մասին:
«Մատչելի վայրերի մասին տեղեկատվությունը ոչ միայն օգտակար կլինի անվասայլակով տեղաշարժվող մոտ 3000 մարդկանց համար, այլեւ հեծանվորդների, մանկասայլակով շրջող անձանց եւ ծերերի համար»,- նշում է Վարդուհին, ով նաեւ համակարգում է «Մատչելի քաղաք» նախաձեռնության աշխատանքները:
Նախաձեռնությունն իրականացնում է նաեւ Երևանի քաղաքապետարանի կողմից քաղաքի բյուջեի միջոցներով 2013-2014 թթ.-ին կառուցված թեքահարթակների քանակական և որակական մոնիթորինգ: «Կա թեքահարթակների մեծ թիվ ցույց տալու միտում, սակայն այսօր անվասայլակով տեղաշարժվող անձը ինքնուրույն կդժվարանա քաղաքի Ա կետից հասնել Բ կետ, երեւի թե միայն կենտրոնական փողոցներում կկարողանա՝ չնայած, որ ամեն տարի մատչելիության ապահովման համար տրամադրվող գումարները մեծանում են»,- ասում է Վարդուհի Արամյանը:
Նրա խոսքով՝ Երեւանում հաճախ են հանդիպում շենքեր, որոնց մուտքի մոտ կա թեքահարթակ, սակայն ներսում միայն աստիճաններ են, ոչ վերելակ կա, ոչ էլ թեքահարթակ: Ստացվում է, որ անվասայլակով տեղաշարժվող մարդու համար հասանելի է միայն տվյալ շենքի առաջին հարկը: Կան նաեւ սխալ կառուցված թեքահարթակներ, որոնք մատչելիության չափանիշներին չեն համապատասխանում. նեղ են կամ սխալ անկյան տակ են կառուցված, արդյունքում անվասայլակով մարդիկ ուղղակի չեն կարողանում դրանցից օգտվել:
«Թեքահարթակը պետք է մի մատչելի վայրը կապի մյուսի հետ, բայց իրականության մեջ դա հաճախ այդպես չի լինում: Իսկ մեզ հրամցնում են պարզապես կառուցված թեքհարթակների թիվը»,- նշում է «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:
Վարդուհի Արամյանը հուսով է, որ անվասայլակով տեղաշարժվող անձինք եւս ակտիվություն կցուցաբերեն եւ իրենք էլ կթարմացնեն «Մատչելիության քարտեզ»-ի տվյալների բազան. «Համայնքը պետք է ակտիվություն ցուցաբերի, իսկ բջջային հավելվածը, կարծում եմ, կիրառություն կունենա»:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 3710