Դոկտոր «Ժպիտը» երեխաներին ծիծաղով է բուժում
Պատչ Ադամսի հայաստանյան այցի մասին պատմում է «Մեդիամաքս»-ը
Բժշկական գիտությունների թեկնածու Պատչ Ադամսը (Հանթեր Դոէրթի Ադամս) մարդկանց դեղերով չի բուժում, – գրում է «Մեդիամաքս» գործակալության լրագրող Մարի Թարյանը: Ադամսը պնդում է, որ ծիծաղը բժշկում է եւ օրինակ է բերում քաղցկեղը. «Հայտնի է, որ ծիծաղն ավելացնում է այն «զինվոր»-բջիջների քանակը, որոնք սպանում են քաղցկեղի բջիջները: Ծիծաղը խթանում է իմունային համակարգը, էնդորֆիններ են առաջանում: Դա շատ դրական բիոքիմիա է»: Տարիներ առաջ բժշկական խալաթի փոխարեն նա հագավ ծաղրածուի հագուստն ու, ծիծաղով զինված, մտավ աշխարհի տարբեր հիվանդանոցներ: 1970-ականներին նա ԱՄՆ-ում անվճար հիվանդանոց բացեց, որը գործում եւ զարգանում է մինչ օրս: Այսօր ծաղրածուները շրջում են աշխարհի 120 երկրում: Մեկ տարվա ընթացքում Ադամսն իր թիմով 9 այց է կատարում, ժամանակի մեծ մասը ծախսում է դասախոսությունների եւ ելույթների վրա, 50 թատերական ներկայացում ունի, ամեն տարի հանդես է գալիս 40-50 համալսարաններում: Այս ամենով նա գումար է հավաքում իր անվճար հիվանդանոցի համար: Իդեպ, նրա մասին շատերն իմացան «Բժիշկ Ադամսը» ֆիլմից, որտեղ նրա դերակատարը Ռոբին Ուիլյամսն էր:
Վերջերս «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հրավերով նա իր հիվանդանոցային ծաղրածուների խմբի հետ միասին Հայաստան էր եկել: Մեկ շաբաթվա ընթացքում նրանք եղան Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Դիլիջանում ՝ այցելելով մանկատներ ու մանկական հիվանդանոցներ: Պատչ Ադամսը հանդիպեց նաեւ լրագրողների հետ՝ պատմելով ծիծաղով եւ մայրական սիրով բժշկելու իր բանաձեւի մասին:
Խոսքը պարզապես ծիծաղի մասին չէ, ասում է բժիշկը: «Գիտեք, ինչո՞ւ եմ ծաղրածություն անում: Դա հնարք է մարդկանց բացելու համար, որպեսզի օգնեմ սերն ի հայտ գա: Եթե ցանկանում ես Սիրո հեղափոխություն անել, ապա գլխավոր հարցն է «ինչպե՞ս կիսել սերը բոլորովին անծանոթ մարդկանց հետ»: Ես հստակ գիտեմ, որ ծաղրածուի հագուստով կգտնեմ մարդկանց 99%-ին մոտենալու ձեւը: Ես կարող եմ գրկել նրանց, խաղալ նրանց հետ: Միայն մտածեք՝ 99%: Եթե ես նույնը փորձեմ սովորական մարդու պես՝ հագիս սեւ կոստյում, ապա ոչինչ չի ստացվի: Ծաղրածությունը կախարդական բանալի է, որն օգնում է բացել ցանկացած մարդու հոգին»,- ասել է նա:
Ադամսի այցին անդրադառնալով «Մեդիամաքս» գործակալությունը փորձեց նաեւ պարզել ի՞նչ տվեց այդ այցն ու ի”նչ փոխեց մարդկանց կյանքում:
Գայանե Բալասանյան, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան արատաբան
Մեր մանկատանը Պատչ Ադամսն այցելեց ամենածանր մտավոր եւ ֆիզիկական խնդիրներով երեխաներին: Իր մոտեցումը երեխաներին շատ հետաքրքիր էր, մեր աշխատողները համակ ուշադրությամբ հետեւում էին, թե ինչպես է աշխատում… Այն երեխաները, որոնց օրվա մեջ նույնիսկ մի վայրկյան ժպտալիս կարող է չտեսնեինք, շատ խաղաղված էին… Երեխաներն այդ սիրո եւ ծիծաղի կարիքը շատ ունեն:
Անահիտ Ամիրյան, Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի մեթոդիստ–համակարգող
Շատ հաճելի օր էր: Այդ երկու ժամը շատ ուրախ անցավ: Երեխաների համար մեծ զարմանք էր՝ խաղեր էին խաղում, երաժշտական գործիք էին բերել, նվագում էին, պարում: Մենք 6 խումբ ունենք, իրենք բաժանվեցին այդ խմբերում եւ զբաղեցրեցին երեխաներին: Պատչ Ադամսն այցելեց շուրջօրյա խնամքի տակ գտնվող երեխաների խումբ: Մեր փոքրիկներից մեկի ոտքը կոտրված էր, երկար ժամանակ այդ երեխայի հետ անցկացրեց: Ամեն կերպ փորձում էին շեղել եւ ուրախություն պարգեւել մեր սաներին: Երեխաների հետ աշխատելու իրենց ձեւը հատուկ մանկավարժություն է, որը մենք պետք է հաշվի առնենք եւ ներառենք մեր աշխատանքում:
Մարինե Դավթյան, Վանաձորի մանկատան տնօրեն
Երեխաների համար այդ այցը շատ անակնկալ էր, մենք նախապես իրենց չէինք ասել, որ ծաղրածուների խումբ է այցելելու: Շատ տպավորված ու ոգեւորված էին: «Ժպիտը» (Պատչ Ադամսին նկատի ունի–հեղ.) այցելեց տարբեր խմբեր, անհատական խաղեր խաղացին, պարեցին ու երգեցին: Ամբողջ մանկատունը՝ ե՛ւ երեխաները, ե՛ւ անձնակազմը, ներգրավվեցին դրանում: Այցը երկար չտեւեց, բայց այդ ընթացքում մենք սովորեցինք ավելի բարի լինել, երեխաներին ժպտալ սովորեցնել…
Սիրանուշ Աբովյան, Վանաձորի մանկատան սան
Մենք շատ ուրախ էինք: Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր: Մեզ ծիծաղեցնում էր, խաղեր էին մեզ հետ խաղում: Ես սովորեցի, որ պիտի միշտ ժպտամ, բոլորին ուրախացնեմ ու շատ սիրեմ: Դժվար բաժանվեցինք իրենցից: Շատ կցանկանանք, որ նման այցերը հաճախ լինեն: Մենք կկարոտենք ժպտացող ծաղրածուներին:
Ռուզաննա Արզումանյան, «Հույսի կամուրջ» ՀԿ–ի Դիլիջանի Երեխայի խնամքի ցերեկային կենտրոնի տնօրեն
Մեր կենտրոնում խնամք են ստանում կյանքի դժվար իրավիճակներում հայտնված եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Թե՛ մենք, թե՛ երեխաները տպավորված էինք Պատչ Ադամսի այցով… Կենտրոնում մանկական ուղեղային կաթվածով բալիկ ունենք, ով ձախ ձեռքը բացարձակ չի շարժում: Նելլին 12 տարեկան է: Պատչ Ադամսն ուղղակի հրաշք գործեց, ու երեխան բարձրացրեց ձախ ձեռքը: Նա պարզապես խաղում էր երեխայի հետ, ծիծաղեցնում նրան: Մեզ համար ձեռքբերում էր, կարողացանք տեսնել, որ երեխան ունի այդ հնարավորությունը, եւ հետագայում կկարողանանք մասնագետների միջոցով նրա մոտ այդ հմտությունը զարգացնել: Մենք Ադամսին հարցրեցինք, թե որն է իր գաղտնիքը, ինչպես կարող ենք մենք էլ անել այդ հրաշագործությունը: Նա միայն մեկ պատասխան տվեց. «Սիրեք իրար եւ սիրեք շրջապատող աշխարհը: Ծիծաղեք հնարավորինս շատ»:
Սոնա Սիմոնյան, Գյումրիի «Թռչունյան տուն» խնամքի գիշերային հաստատություն–կրթարանի տնօրեն
Հիացած ենք, նույնիսկ ցնցված: Այնպիսի երեխաներ ունենք, որ երբեւէ չեմ պատկերացրել, որ նրանք կծիծաղեն, գոնե մի պահ կկտրվեն դառը իրականությունից: Այդ երեխաները պարում էին, խաղում, ուրախանում: Այս տարիների ընթացքում ես նման բան երբեւէ չէի տեսել: Անձնակազմն ու երեխաները հրճվանքի մեջ էին, ամբողջ շենքում ծիծաղ եւ ուրախություն էր… Ապշեցուցիչ էր նաեւ այն, որ իրենք մի քանի ժամ շփվեցին երեխաների հետ, բայց ոչ մի վայրկյան չզգացվեց, որ տարբեր լեզուներով են խոսում ու չեն հասկանում միմյանց խոսքը: Այդ ընթացքում նրանք սիրո եւ ծիծաղի լեզվով էին խոսում իրար հետ: Ամեն մի երեխայի խնդիրն առանձնահատուկ է, եւ մենք այս այցից նրանց հետ աշխատելու նոր ձեւեր սովորեցինք:
Ի՞նչ է ասում Պատչ Ադամսը
…Դա հենց կախարդանքն է, ինչի համար էլ ես ապրում եմ ծաղրածուի հագուստի մեջ: Արդեն 30 տարի, երբ ես բռնության ականատես եմ լինում, վերածվում եմ ծաղրածուի, եւ դա ցրում է մարդկանց ագրեսիան: Դա իմ աչքի առաջ կրկնվել է մի քանի հազար անգամ:
…«Ես մտավորական եմ, գրադարանս 40 հազար գիրք է կազմում: Հեռուստացույց չեմ նայում տարիներով: Հեռուստացույցի պատճառով իմ երկրում հիմար մարդիկ են ապրում: Այսօր սովորական է դարձել ամբողջ աշխարհում բողոքելը, տոնելն այլեւս սովորական չէ: Բոլոր լուրերը վատ բաների մասին են, ինչն էլ մարդկանց գցում է դեպրեսիայի մեջ»:
…Մարդկանց պատմության մեջ սիրո մեծ մասը եկել է կանանցից: Անկախ այն փաստից, թե որքան սարսափելի է եղել տղամարդկանց վերաբերմունքն իրենց կանանց հանդեպ, այդ կանայք ամուր սիրել են իրենց երեխաներին:
…Տղամարդկանց 85%-ը վտանգավոր են կանանց համար: Երբեւէ մի կին չի եղել, որ կվիճարկեր սա: Եթե մի բան կա, որ ձեզ դուր է գալիս իմ մեջ, դա ինձ փոխանցվել է մորիցս: Հայրս զինվոր էր, պատերազմում զոհվեց, երբ 16 տարեկան էի: Ինձ մեծ սեր է տվել իմ մայրը: Կանայք ավելի հակված են սիրո, եթե չեն վնասվում։ Բայց կան կանայք, ովքեր վնասվում են, տառապում, միեւնույնն է շարունակում են սիրել։ Նրանք ընտրում են սերը։
…Աշխարհում կան հիվանդ երեխաներ, ովքեր չեն կարող բուժվել, քանի որ գումար չունեն: Ես լուծում չունեմ: Պարզապես հենց դրա համար էր, որ ես բացեցի անվճար հիվանդանոց:
… Հարստությունը եւ հարուստները պետք է իրենցից ամաչեն: Մեկ պատճառ կա այսօր հարուստ լինելու՝ այդ պատճառը, սկզբունքորեն, ինչ-որ մեկին տալն է:
…Բոլորն ամբողջ աշխարհում պետք է ամաչեն, որ դպրոցի ուսուցիչն ավելի քիչ գումար է ստանում, քան մարզիկը: Դպրոցի ուսուցիչը մարդկության մշակույթի ամենակարեւոր մարդն է: Իսկ այսօր ամբողջ աշխարհում նրանք ստանում են ամենացածր աշխատավարձն ու ամենավատ վերաբերմունքը: Հիմարություն է, չէ՞: Արժեքը, որի վրա հիմնված է համակարգը, փողն ու իշխանություն է: Կարո՞ղ է ինչ-որ մեկը չհամաձայնի:
…Միգուցե աշխարհի բնակչության 5%-ն է միայն երջանիկ: Մի մոռացեք, որ երջանիկ լինելը աշխարհի կառավարման միջոց է: Մի պատճառ կա չէ՞, որ աշխարհում ամենագեղեցիկ բանը՝ սերը, այլեւս ոչ մի տեղ չի քարոզվում: Ցավոք, ոչ մի դպրոց այսօր չի սովորեցնում սիրել: Մարդիկ, ովքեր այսօր աշխարհի տիրակալներն են, ավելի շատ սիրում են փող եւ իշխանություն:
…Սիրող մարդկանց դժվար է կառավարել ու վերահսկել, ավելի հեշտ է վերահսկել դժբախտներին: Ուրախությունը բիզնեսին ձեռնտու չէ: Այսօր աշխարհի վրա չկա առողջ որեւէ վայր: Բայց ընտրությունը միշտ կա, յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր պահի կարող է ընտրել փոփոխությունը եւ դառնալ երջանիկ: Ես հոռետես չեմ, փոխվելու համար երբեք ուշ չէ:
Լուսանակրները ՝ Մեդիամաքսի եւ IDeA հիմնադրամի
Պատչ Ադամսի հայաստանյան այցի վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք «Մեդիամաքս»- ի նյութերում .
Պատչ Ադամս. Այստեղ ենք՝ սիրելու հայ ժողովրդին
Պատչ Ադամսի հրաշագործությունները Հայաստանում
Պատչ Ադամսը գալիս է Երեւան՝ ծիծաղով բժշկելու
Դիտումների քանակը` 4482