Հայ իրավապաշտպանները գնահատանքի արժանացան

ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Եվրախորհրդի երևանյան  գրասենյակը և Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու  կառավարման, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը մի շարք օտարերկրյա առաքելությունների առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որով 2012թ.-ից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանին հանձնեց «Ազատության պաշտպան» մրցանակը: «ԵԱՀԿ-ի վաղեմի գործընկեր Շուշան Դոյդոյանը միշտ եղել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների անկոտրուն պաշտպան: Մեր գրասենյակը բարձր է գնահատում տիկին Դոյդոյանի նվիրվածությունը՝ բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման խթանմանը, ինչպես նաև նրա ջանքերը՝ հիմնելու այլընտրանքային մեխանիզմներ՝ ԶԼՄ-ների հետ կապված խնդիրների լուծման համար», – նշեց պրն Սորոկինը:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրկ Լորենցը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային հանձնեց «Խիզախ Կին» մրցանակը: «Եվրոպական միությունը բարձր է գնահատում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ջանքերն ուղղված կանանց իրավունքների պաշտպանության խթանմանն ու Հայաստանում ընտանեկան բռնության զոհերի աջակցությանը», – ասաց պարոն Լորենցը:

 

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ն.Գ. Քեթի Լիչը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց Զարուհի Մեջլումյանին: «Ամբողջ աշխարհում լրագրողները վճռորոշ դեր են խաղում արդարադատության համակարգի ձախողումները վեր հանելու գործում: Որոշ լրագրողներ իրականում շահերի պաշտպաններ են. ակտիվորեն, գիտակցաբար և հատուկ լուսաբանում են անարդարությունները, սխալը ճիշտ են դարձնում, բարձրացնում են իրազեկությունը, օգնում են անհատներին և մատնացույց են անում համակարգային խնդիրները: Ես ուրախ եմ հայտարարել, որ այս տարվա «Մեդիա գերազանցություն» մրցանակը տրվում է Զարուհի Մեջլումյանին՝ իր բացառիկ արհեստավարժության և ցմահ դատապարտյալների մասին գրելու ու նրանց իրավունքները պաշտպանելու համար», – ասաց Ն.Գ. Քեթի Լիչը:

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Կառավարության բարեփոխիչ անվանակարգում Համընդհանուր իրավունքների մրցանակը հանձնեց Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբին (ԹՊԱԽ): «Շնորհավորանքներս ԹՊԱԽ-ին  Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության Կառավարության բարեփոխիչ պարգևին արժանանալու համար: ԹՊԱԽ-ում նվիրյալներ են, ովքեր իրենց ներդրումն են ունենում թրաֆիքինգի դեմ պայքարում և ՀՀ կառավարության ու քաղաքացիական հասարակության համագործակցության մեջ՝ թրաֆիքինգ հանցանքի կանխարգելմանը, տուժողներին աջակցության ցուցաբերմանը, թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդումների ապահովմանն ու գործընկերությունների ձևավորմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով: ԹՊԱԽ-ը կառավարության ու քաղաքացիական հասարակության համագործակցության լավագույն օրինակն է, իսկ գործունեության տպավորիչ արդյունքները փաստում են, որ երբ կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունն աշխատում են միասին, լսում միմյանց, ապա փոփոխությունների կատարմանն ուղղված նրանց ջանքերն առավել արդյունավետ են», – ասաց դեսպան Միլսը:

 

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան հանձնեց «Տեղական ինքնակառավարման բարեփոխումների առաջատարի» մրցանակը Ախուրյանի գյուղապետ պարոն Արծրունի Իգիթյանին: «Պարոն Իգիթյանի ստեղծագործ և շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ հոգատար ղեկավարման շնորհիվ Ախուրյան համայնքը դարձել է ապրելու համար ավելի առողջ ու բարենպաստ վայր, որտեղ քաղաքացիների սոցիալական իրավունքներն ավելի լավ են պաշտպանվում և խթանվում», – ասաց տիկին Վուտովան:

 

ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն «Ներառման խթանում» մրցանակը հանձնեց Ունիսոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանին: «Պարոն Ալավերդյանը հանդիսանում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների բարելավման առաջատամարտիկը: Նրա աշխատանքը հանգեցրել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, տնտեսական և մշակութային ինտեգրմանը: Նշենք մի քանի օրինակ. նա բարելավել է Երևանի հասանելիությունը՝ առավել հարմարավետ դարձնելով քաղաքային ավտոբուսներն ու կառուցելով թեքահարթակներ, աշխատանքային հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող տասնյակ անձանց համար, ինչպես նաև առաջիններից է, ով Հայաստանում նախաձեռնեց անկախ ապրելու շարժումը», – ասաց պրն. Բուզետտոն:

 

Աղբյուրը` ՄԱԿ-ի հանրային  տեղեկատվության վարչություն

 

 

Դիտումների քանակը` 3242

Գլխավոր էջ