Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է
Այսօր պատահական չէ, որ այդքան պահանջված է էնդոկրինոլոգի մասնագիտությունը: Նախկինում դրա կարիքը այդքան էլ չկար, որովհետև մթերքները բնական էին, մանկապարտեզներում ու դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմաններին շատ ավելի խիստ էին մոտենում քան հիմա: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Էնդոկրինոլոգ, սննդաբան Հասմիկ Աբովյանը: Ասուլիսի առիթը հունիսի 2-ին նշվող՝ Առողջ սնվելու օրն էր, դեռեւս ոչ պաշտոնական:
Մասնագետի համոզմամբ, հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է: Անգամ բժշկի խորհուրդներից հետո, շատերն այդպես էլ առողջ սննդակարգի չեն անցնում: Մասնագետն իր ու հաճախորդների համար մի ձևակերպում է մշակել.
«Կարելի է ուտել ամեն ինչ, ինչ ուտելիք է: Իսկ մարդիկ այսօր շատ են ուտում բաներ, որոնք ուտելիք չեն: Ինչը որ ուտելիք է, կարելի է ուտել՝ իմանալով չափաքանակը, բաղադրությունը, միմյանց հետ համատեղելիությունը: Առնել բնական կերակուր և պատրաստել սեփական ձեռքերով»:
Առողջ սնվելու մշակույթը պետք է սովորեցնել դեռ մանկապարտեզից, դպրոցում, ըստ բանախոսի, պետք է առողջ սնվելու և սանիտարահիգեինիկ պայմանների վերաբերյալ առարկա դասավանդվի, շատ դեպքերում ոչ միայն երեխաներն,այլ մեծերն էլ էլեմենտար բաներից տեղյակ չեն. «Ես սարսափած եմ: Պետք է աշխատել այս ուղղությամբ, պետք է սկսել դեռ փոքրուց, երեխաներին սովորեցնել առողջ սնվել, հասկացնել, թե ինչ նշանակություն ունի առողջ սնունդը իրենց կյանքում:
Հոգեբան Նաիրա Վանյանն էլ ուշադրություն հրավիրեց արագ սննդի կետերի վրա, որոնք հավելումներով սնունդ են մատակարարում: Այդ հավելումների պատճառով մարդկանց մոտ նորից ու նորից ուտելու ցանկություն է առաջանում: Նա նկատեց, որ շատ հաճախ մենք ուտում ենք ոչ թե այն պատճառով, որ սոված ենք կամ սննդային նյութերի կարիք ունենք, այլ որովհետև դժգոհ ենք կյանքից, և սթրեսային իրադրություններում հանգստանալու այլ միջոց չենք գտնում: Սնունդն այս դեպքում ծառայում է ոչ թե ֆիզիոլոգիական, այլ էմոցիոնալ կարիքների բավարարմանը:
«Կարծում եմ, ինչպես ծնողներն են սնվում, այնպես էլ երեխաներըե,- ասաց հոգեբանը: Նա համամիտ չէ այն կարծիքներին, թե գիրությունը ժառանգական է. «Ասում են պապաս էլ է այսպես, մամաս էլ… Հնարավոր է՝ մարդ ունենա խոշոր կազմվածք, սակայն գիրանալու հակումը ժառանգական չէ»,-ասաց նա՝ ներկայացնելով մի փորձի պատմություն , երբ երկու ընտանիքում էլ որդեգրած ու հարազատ երեխաները նույն չափով գիրանում են:
«Թվում է ֆաստֆուդ կոչվածը հեշտացրել է մեր կյանքը տեխնիկապես: Նախկինում կանայք ավելի շատ ժամանակ էին ծախսում սնունդ պատրաստելու համար, հիմա նրանք շատ են աշխատում, չունեն այդ ժամանակը: Բայց թե ինչ հետևանքներ է ունենալու դա մեր երեխաների ու մեր առողջության վրա… Հղիների մասին ընդհանրապես չեմ խոսում, որ չի կարելի, քանի որ փոքրիկի կյանքը ուղղակիորեն կախված է այն բանից, թե ինչ է ուտում, ինչ է շնչում մայրը»,- ընդգծեց սննդաբանը:
Հակադրվելով մասնագետի կարծիքին, նկատենք՝ ոչ բոլոր չաշխատող կանայք են, որ տանը լինելով հանդերձ առողջ սնունդն են պատրաստում ընտանիքի անդամների համար և հակառակը՝ ոչ բոլոր աշխատող կանանց երեխաներն են ֆաստֆուդ ուտում: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ընտանիքն ուղղակի միջոցներ չունի առողջ ու վիտամիներով հարուստ սնունդի համար, ու ամեն օր երեխաները կարտոֆիլ են ուտում, քանի որ համեմատաբար էժան է: Այս դեպքերի համար Հ. Աբովյանն ասաց. «Գիտե՞ք, կարտոֆիլը շատ օգտակար է: Կարտոֆիլը մթերքների թագավորն է, քանի որ նրա շնորհիվ ամբողջ ազգեր են պահպանվել պատերազմների ժամանակ, երբ այլ ուտելիք չի եղել»:
Շարունակելով էեման նա նկատեց, որ շատ հաճախ ոչ այնքան կարևոր չէ մթերքը, որքան դրա պատրաստման եղանակը. «Պատրաստման եղանակի շնորհիվ մթերքը կարելի է վատացնել կամ լավացնել: Բնական մթերքներին, ինձ թվում է, բոլորը ծանոթ են, առնել բնական կերակուր, պատրաստել տանը, սեփական ձեռքերով, այն ինչ-որ արել են մեր տատիկները»…
Հոգեբանն էլ ավելացրեց. «Այն ինչ-որ տանն է պատրաստվում, դրա մեջ հոգի է դրվում, բացի այդ շատ մատչելի է»:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 2-ին, նշվում է առողջ սնվելու և սննդային ավելորդություններից հրաժարվեու օրը: Այս տոնը սկիզբ է առել 2011-ին Ռուսաստանում ՝ որպես յուրօրինակ պատասխան մայիսի 11-ին նշվող ամերիկյան «Շատակերության օրվան», երբ կարող ես ուտել այն, ինչ ցանկանում ես: Իսկ եթե լուրջ, ապա ԱՄՆ-ում Առողջ սնվելու օր էլ կա, նա նշվում է ամեն տարվա նոյեմբեիրի առաջին չորեքշաբթի օրը:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն
Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը
Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ
Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները
«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»
Դիտումների քանակը` 4201