«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ երեխան քրոնիկական թերսնման խնդիր ունի, ինչն անմիջապես ազդում է նրանց ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: Որպես հետևանք` մինչև 5 տարեկան երեխաների 37 տոկոսն սակավարյունություն ունի, ինչը բավական բարձր ցուցանիշ է համարվում: Դրա մասին են վկայում 2010 -ին անցկացրած Հայաստանի Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության արդյունքները (հետազոտությունը կատարվում է հինգ տարին մեկ):

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանի տեղեկացմամբ` երեխաների սնուցման կարգավիճակը որոշվում է երեք ցուցանիշների հիման վրա` երեխայի հասակն ըստ տարիքի, քաշն ըստ հասակի և քաշն ըստ տարիքի:

 

Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 8 տոկոսը` խիստ թերաճ, այսինքն` իրենց տարիքի համեմատ շատ կարճահասակ են: Այս ցուցանիշը, ինչպես պարզաբանում է Ն. Փաշայանը, քրոնիկական թերսնուցման մասին է խոսում: Այն տարիների ընթացքում է ձևավորվում, եթե երեխան թերի է սնվում սպիտակուցային սնունդով և հիմնականում սնվում է ածխաջրերով: Երեխայի թերաճը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր զարգացման խնդիր է: Պատահական չէ, որ մասնագետները հատկապես կարևորում են ճիշտ սնուցման հարցը կյանքի առաջին 1000 օրը, երբ զարգանում է երեխայի գլխուղեղը:

 

Թերսնման թիվ մեկ գործոնը, մասնագետների գնահատմամբ, աղքատությունն է: Գրեթե յուրաքանչյուր երկրորդ 0-5 տարեկան երեխան ապրում է աղքատ ընտանիքում, և դրա ազդեցությունը թերսնման վրա անշուշտ շատ էական է: Հաշվի առնելով այն, որ աղքատության մակարդակը հատկապես բարձր է երեխաներ ունեցող ընտանիքներում, ակնհայտ է, որ նրանք չեն կարողանում իրենց թույլ տալ սպիտակուցային սնունդ գնել` միս, կաթնամթերք ու ձկնեղեն, որոնք, ըստ մասնագետների, մինչև 5 տարեկան երեխաների սննդակարգում ամեն օր պետք է լինեն: Վիճագրական տվյալները փաստում են, որ նրանք հիմնականում էժան, շուտ հագեցնող և ոչ օգտակար սնունդ են օգտագործում` կարտոֆիլ, մակարոնեղեն, հաց ու քաղցրավենիք: Խնդիրը մեծ մասամբ սոցիալական է, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաների թերաճության խնդիրը, ճիշտ է` հազվադեպ, բայց բարեկեցիկ ընտանիքներում էլ է հանդիպում: Կամ` հարուստ ընտանիքներում կարող են երեխային շատ կերակրել, բայց չտալ այն, ինչ պետք է: Այսինքն` ոչ միայն աղքատությունն ու սննդի պակասն են թերաճի պատճառը, այն նաև ոչ ճիշտ սննդակարգը, որը հաճախ մայրերի գիտելիքների պակասի հետևանք է:

 

Մի կարևոր փաստ. մոր կրթության մակարդակն ուղիղ համեմատական է երեխայի սնուցմանը: Բարձրագույն կրթություն ունեցող մայրերի երեխաների շրջանում թերսնուցման մակարդակը ցածր է, իսկ կրթական ցածր մակարդակ ունեցող կանանց շրջանում երեխաների թերաճը շուրջ 22 տոկոս է:

 

Թերաճությունը առավել տարածված է գյուղաբնակ վայրերում, որտեղ այն 22 տոկոս է կազմում է, մինչդեռ քաղաքային բնակավայրերում` 17 տոկոս: Թերաճ երեխաների տեսակարար կշիռը տարբերվում է ըստ մարզերի: Եթե մայրաքաղաք Երևանում այն կազմում է 11 տոկոս, ապա Սյունիքում, օրինակ, հասնում է մինչև 37 տոկոսի, Արագածոտնում` 32 տոկոս և Արարատի մարզում` 29 տոկոս:

 

Ինչպես և ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թերաճությանը զուգահեռ առկա է նաև գերքաշության խնդիր: Հայաստանցի մինչև 5 տարեկան երեխաների 15 տոկոսն ունի գերքաշություն, ինչը խոսում է չբալանսավորված սննդակարգի մասին: Ավելորդ քաշին առավել հակված են տղա ու գյուղաբնակ երեխաները: Հետաքրքիր է, որ այն մարզերում, որտեղ գրանցվել է թերաճության բարձր մակարդակ, արձանագրվել են նաև գիրության բարձր ցուցանիշներ: Այս հարցում նույնպես կարևորվում է մայրերի իրազեկության հարցը` հաշվի առնելով նրանց առանցքային դերը ընտանիքի սննդակարգի հարցում:

 

Դպրոցականների սննդի հարցերը նույնպես պետք է կանոնակարգվեն, և դպրոցների բուֆետներում արգելվի ճարպերի և աղի բարձր պարունակություն ունեցող սննդի, գազավորված ըմպելիքների և երեխայի առողջության համար վտանգ ներկայացնող այլ սննդատեսակների վաճառքը:

 

Ն.Փաշայանի դիտարկմամբ` սնուցման վիճակի բարելավումը ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Մշակվում և կառավարությանն է ներկայացվելու երեխաների սնուցման ռազմավարական ծրագիրը: Դրա կարևոր բաղադրիչներից մեկը կրծքի կաթով սնուցումն է: Անցյալ տարվա նոյեմբերին Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը, որը, ի դեպ, արգելում է առողջապահական կազմակերպությունների կողմից արհեստական կաթնախառնուրդների վաճառքն ու գովազդը:

 

«Կրծքով կերակրելը երեխայի կյանքի լավագույն սկիզբն է»,- ասում են մասնագետները, շեշտելով, որ մայրական կաթից ավելի հարուստ, հարմար և կարևոր սնունդ հատկապես մինչև մեկ տարեկան երեխաների համար գոյություն չունի: «Մինչև 6 ամսական բացառապես կրծքով սնուցումը նպաստում է, որ երեխան մոտ 14 անգամ պակաս հիվանդանա փորլուծային հիվանդություններով և մոտ 7 անգամ պակաս` շնչառական հիվանդություններով: Բացի այս, և շատ կարևոր է, մոտ տասն անգամ նվազում է մահացության հավանականությունը. սա է, որ մայրերը պետք է իմանան»,- ասում է Փաշայանը:

 

 WomenNet.am

Լուսանկարը՝  Էմիլի Մաչինեսս ,  Օքսֆամ 2013

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

 

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

 

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

 

Մանկական աղքատություն

 

Դիտումների քանակը` 6510

Գլխավոր էջ