Կանայք ՄԱԿ-ի «երկնագույն սաղավարտների» շարքերում
Այսօր Խաղաղապահների միջազգային օրն է : « Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելությամբ է պայմանավորված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակը՝ «միավորել ուժերը միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պահպանելու համար»: Պայքարի և զոհաբերության տարիների ընթացքում նշանավոր «կապույտ սաղավարտը» վաստակել է իր տեղը որպես հույսի խորհրդանիշ՝ պատերազմից բզկտված տարածքներում ապրող միլիոնավոր մարդկանց համար», – ասված է Խաղաղապահների օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Բան Կի Մունի ուղերձում:
Ներկայումս ՄԱԿ-ի խաղաղապահ կորպուսում ծառայում են ավելի քան 107 հազար «երկնագույն սաղավարտներ», որոնք ներկայացնում են զինվորական և ոստիկանական ստորաբաժանումների միջոցով մասնակցող 122 երկիր 16 խաղաղապահ առաքելություններում: Նրանց թվում 92 հազ. զինծառայող, 12 հազ. ոստիկան և շուրջ 1700 ռազմական դիտորդներ: Կանայք կազմում են զինծառայողերի 3 տոկոսը, ոստիկանների 10 տոկոսը և ռազմական դիտորդների 4 տոկոսը: ՄԱԿ-ի ոստիկանության բաժինն իրականացնում է հատուկ ռազմավարություն այն ուղղությամբ, որ կին ոստիկանների մասնաբաժինը կազմի 20%:
Անցյալ տարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նորվեգուհի գեներալ-մայոր Քրիստին Լունդին նշանակեց Կիպրոսում խաղաղության պահպանման ՄԱԿ-ի զինված ուժերի հրամանատար: Լունդն այս պաշտոնում առաջին կինն է:
Դիտումների քանակը` 5967