«Ինձ ասել են, որ հայ հասարակությունն երեխաների հանդեպ հատուկ վերաբերմունք ունի»
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն եզրափակեց իր այցը Հայաստան
Մայիսի 12-18-ը պաշտոնական այցով Հայաստանում էր ՄԱԿ հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն, ով նպատակ ուներ գնահատելու երկրում երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի իրավիճակը:
Իր ամբողջական զեկույցը Հայաստան կատարած այցի վերաբերյալ նա կներկայացվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միայն հաջորդ տարի մարտին: Սակայն նախքան մեր երկրից մեկնելը նա այսօրվա ասուլիսում ներկայացրեց այն հիմնական դիտարկումները, որ արել է այս շաբաթվա ընթացքում՝ հանդիպելով թե կառավարության, թե օրենսդիր ու դատական իշխանության, թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մոդ դե Բյոր-Բուքիքիոն այցելել է նաև Շիրակի և Լոռու մարզերի խնամքի հաստատություններ ու մանկատներ, զրուցել երեխաների հետ:
«Իմ այցելության ընթացքում գրեթե բոլոր իմ զրուցակիցները անընդհատ ասում էին, որ հայ հասարակությունն իր ավանդույթների ու ընտանեկան արժեքների բերումով երեխաների հանդեպ հատուկ վերաբերմունք ունի: Ինձ նաև ասվեց, որ հայերի մոտ պատմական տառապանքի բերումով երեխաների հանդեպ կոլեկտիվ պատասխանատվություն է ձևավորվել, եւ անհնար է, որ այն դեպքերը, որ իմ ուշադրության կենտրոնում են, անհետևանք մնան», – իր խոսքի սկզբում ասաց տիկին Բուքիքիոն՝ նշելով, որ պատկան մարմինների կողմից իրեն տրամադրված տեղեկատվությունն էլ վկայեց, որ երեխաների շահագործման գործերի քանակը Հայաստանում շատ ցածր է՝ համեմատած այլ բնակչության քանակով նման երկրների հետ: Միևնույն ժամանակ, շարունակեց նա, բոլոր իր զրուցակիցները ընդունել են, որ կան որոշ բացթողումներ իրազեկության, բացահայտման մեխանիզմների և մի շարք այլ հարցերի առումով:
ՄԱԿ-ի զեկուցողը կանգ առավ մի քանի խնդիրների վրա, որոնց վերաբերյալ իր կարծիքը ավելի համապարփակ կներկայացնի ամբողջական զեկույցում: Նախևառաջ մատնանշեց անչափահասների ամուսնությունները.
«Անչափահասների ամուսնության խնդիրը առկա է ոչ միայն եզդի համայնքներում, կարող եմ ասել, որ սա երևույթ է, որը տեղի է ունենում ընդհանրապես գյուղական վայրերում: Օրենսդրական բարեփոխումները, որով Հայաստանում ամուսնական տարիքը բարձրացվեց 18 տարեկանի, այդուհանդերձ դեռևս թույլ են տալիս բացառություններ: Ուստի ես կոչ եմ անում հայաստանյան իշխանություններին նաև իրազեկության քարոզարշավներ իրականացնել նախ եզդի համայնքի շրջանակներում՝ ակտիվորեն ներգրավելով համայնքի առաջնորդներին, եւ ընդհանրապես գյուղական վայրերում, որպեսզի հնարավոր լինի կանխել անչափահասների ամուսնությունը՝ բարձրացնելով կրթության մատչելիությունը տղաների և աղջիկների համար հավասարապես»,- նշեց Մոդ դե Բյոր-Բուքիքիոն:
Հաջորդ խնդիրը, որի վրա իր ուշադրությունն է սևեռել ՄԱԿ ներկայացուցիչը, դա որդեգրման գործընթացն է, որը կարող է և ապօրինի որդեգրության, և երեխաների վաճառքի հանգեցնել: Ըստ տիկին Բյոր-Բուքիքիոյի՝ սա ևս մեծ մտահոգության առարկա է երկրում.
«Ես ողջունում եմ Կառավարության և Ազգային Ժողովի ներգրավումը ընթացիկ օրենսդրական բարեփոխումներում, բայց պետք է կոչ անեմ արագացնել այդ գործընթացը՝ ապահովելով Հաագայի կոնվենցիային համապատասխանելիությունը միջազգային որդեգրումների վերաբերյալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ակնհայտ է, երեխայի շահերը պետք է առավելագույնս գերակայեն պոտենցիալ որդեգրող ծնողների շահերը և այս գաղափարին դեռ պետք է միս ու արյուն տալ: Մոդ դե Բյոր-Բուքիքիոն ընդգծեց՝ միջազգային որդեգրումը պետք է լինի վերջին միջոցը, պետք է լինեն այլընտրանքային միջոցներ և հենց դրանք առաջնային պետք է դիտարկվեն:
Իր մանդատի շրջանակում հաջորդ մտահոգիչ խնդիրը, որ նա մատնանշեց, երեխաների սեռական շահագործումն է, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ: Մոդ դե Բյոր-Բուքիքիոն արձանագրեց, որ ՀՀ-ում ինտերնետի տարածումը 80 տոկոս է կազմում, ինչը բարձր ցուցանիշ է, և ինչպես ամենուր աշխարհում, այնպես էլ Հայաստանում բոլորը չէ, որ տեղեկացված են այն ռիսկերի մասին, որ պարունակում է այդ ոլորտը՝ հատկապես երեխաների համար.
«Ես հանդիպեցի համացանցային ծառայություններ մառուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք տարբեր իրազեկության արշավներ են կազմակերպում՝ երեխաների համար անվտանգ ինտերնետ ապահովելու նպատակով: Եվ պետք է կոչ անեմ նաև Կառավարությանը առաջնորդողի դեր ստանձնել այս գործընթացում, ավելացնելու դրա արդյունավետությունն ու ներառելով նաև ողջ կրթական համակարգը»:
Արձանագրելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր պայմանները նա նկատեց, որ խնամքի հաստատություններում, մանկատներում երեխաները հայտնվում են ոչ թե այն պատճառով, որ ծնողազուրկ են, այլ որովհետև նրանց ծնողներն են նրանց ուղորդել՝ ծնողները միջոց չունեն սեփական երեխաների պատշաճ խնամքը կազմակերպելու համար.
«Գիշերօթիկներում երեխաների շուրջ 90 տոկոսը սոցիալական պայմանների պատճառով այստեղ հայտնված երեխաներն են: Ես տեղեկացա, որ կան դեպքեր, երբ ընտանիքը երեխաներին դրդել է մուրացիկության կամ մարմնավաճառությամբ զբաղվելու, ընտանիքի ապրուստը ապահովելու նպատակով, ուստի շատ կարևոր է, որ կառավարությունը, բացի նպաստներից, խրախուսի ընտանիքին սատարող ծառայությունները՝ ապահովելով որակյալ կրթության մատչելիություն»,- ասաց տիկին Բյոր-Բուքիքիոն:
Պաշտոնյան նշեց, որ իրեն շատ է մտահոգում փողոցում հայտնված երեխաների խնդիրը և նա իր այցի շրջանակում փորձել է հավաքել ճշգրիտ տվյալներ դրա վերաբերյալ: Բայց կարող է ասել, որ գոնե Հայաստանում երեխաները մուրացիկությամբ են զբաղվում ոչ թե թրաֆիքինգի զոհի կարգավիճակով, այլ ընտանիքին սոցիալապես ապահովելու մղումով.
«Ես ուսումնասիրել եմ տվյալներ և ըստ այդմ՝ 2005-2008թթ-ին փողոցում հայտնված երեխաների թիվն ավելի մեծ էր, քան ներկայումս, ինչը ոստիկանության կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունք է: Ինձ ասացին, որ դեռևս կան երեխաներ, որ շարունակում են մնալ փողոցում, բայց դա դեռևս չի նշանակում, որ այդ երեխաները թրաֆիքինգի զոհ են, շահագործվում են կամ քրեական ցանցերի զոհ են: Պարզապես հենց ծնողներն են նրանց մղում փողոց մուրալու, որպեսզի ընտանիքը կարողանա գոյատևել»,- ասաց նա, նկատելով, ար այս խնդիրը ներառում է նաև մանկական մարմնավաճառությունը: Օրինակ, իրեն դեպք են ներկայացրել, երբ մայրը երեխային դրդել էր մարմնավաճառության նույն սոցիալական դրդապատճառներից ելնելով.
«Այս խնդիրները լուծելու համար հարկավոր է ճիշտ շեշտադրումներ անել, որպեսզի խնդիրները մղվեն առաջին պլան, քանի որ դրանք մարդու իրավունքների հետ են առնչվում ու հատկապես վերաբերում երեխաներին: Եվ ռեսուրսների տրամադրումը պետք է արվի հատկապես այսօրինակ երևույթների կանխարգելմանը»,- շեշտեց նա:
Այցի շրջանակում չեն անտեսվել նաև փախստականները: ՄԱԿ ներկայացուցիչը շեշտեց՝ չնայած սոցիալ-տնտեսական պայմաններին, Հայաստանը շատ առատաձեռն է վերաբերվում այդ անձանց, մանավանդ նրանց, ովքեր հայկական ծագում ունեն և փախել են ընթացիկ հակամարտություններից՝ մասնավորապես, Սիրիայից: Նա ցավով կանխատեսեց, որ հաշվի առնելով քաղաքական զարգացումները՝ փախստականների ալիքը դեռ կավելանա, ուստի կոչ արեց նաև միջազգային նվիրատուներին սատարել մեր կառավարությանը այս հարցում պատշաճ պայմաններ ապահովելու համար:
Նշենք, որ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն (Նիդեռլանդներ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող է նշանակվել 2014թ. մայիսին: 2002-2012թթ. աշխատել է որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ: Նաև գլխավորել է Սեռական շահագործումից և չարաշահումից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունման գործընթացը: Նա հանդիսանում է Անհայտ կորած և շահագործված երեխաների հարցերով եվրոպական ֆեդերացիայի նախագահը:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ ռավել մանրամասն.
Տեսանելի դարձնել անտեսանելին. ՄԱԿ-ի փորձագետի կոչը
Երեխաների վաճառք և սեռական շահագործում. Հայաստանում է ՄԱԿ-ի փորձագետը
Դիտումների քանակը` 3552