Հայաստանում յուրաքանչյուր 5–րդ ամուսնություն ավարտվում է ամուսնալուծությամբ. ինչու՞ եւ ինչ անել՞
Հայաստանում յուրաքանչյուր 5–րդ ամուսնություն ավարտվում է ամուսնալուծությամբ: Մասնագետները մի շարք պատճառներ են մատնանշում՝ ֆինանսական խնդիրներ, դավաճանություն, արտագնա աշխատանք, ամուսնալուծության հեշտացված ընթացակարգ եւ այլն: Շատացելեն նաեւ կանայք, ովքեր չեն հանդուրժում ամուսնու կողմից ծեծը, սկեսուրների քմահաճույքները…
ԱՎԾ–ի տվյալներով` 2014 –ին Հայաստանում գրանցվել է 18 912 ամուսնություն, ինչը 3 տոկոսով ավել է 2013 –ի ցուցանիշից։ Դրա հետ մեկտեղ ամուսնալուծությունների թիվն աճել է 19,8 տոկոսով` հասնելով 4 498–ի։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացմամբ՝ Հայաստանում 2014 թ․-ին 1000 ամուսնության համեմատ գրանցվել է 238 ամուսնալուծության դեպք, մինչդեռ 2013 թ․-ին՝ 1000 ամուսնության համեմատ գրանցվել է ամուսնալուծության 205 դեպք:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մոտ ամուսնալուծությունների այս թիվը Հայաստանում մտահոգություն չի առաջացնում: «Հայաստանը մնում է ընտանիքի ավանդական մոդելի կրողը, եթե ողջ աշխարհում ամուսնալուծությունների թիվը կազմում է ամուսնությունների թվի 70–80 տոկոսը, խոշոր մայրաքաղաքներում` 60 տոկոս, Ռուսաստանում` մոտ 50 տոկոս, ապա Հայաստանում այդ թիվը կազմում է ընդամենը 20 տոկոս, այսինքն` ամուսնալուծությամբ է ավարտվում յուրաքանչյուր 5–րդ ամուսնությունը», – ասում է Ադիբեկյանը։ Փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանի համար, փաստորեն, ընտանիքը մնում է այն ամրոցը, որտեղ մարդիկ պաշտպանություն են գտնում սոցիալական, տնտեսական, հոգեբանական և այլ ցնցումներից։
Ամուսնալուծությունների թիվը մեզ մոտ ոչ թե շատ է, այլ՝ շատացել է: Այսպիսի կարծիք է հայտնել նախօրեին կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Նրա խոսքով , ամուսնալուծության երեք տարիք կա. զույգեր, որոնք բաժանվում են ամուսնությունից 1-7 տարի , 7-15 տարի և 15-ից ավելի տարի հետո: Ամուսնալուծությունների քանակը գերակշռում է առաջին խմբի մոտ: Ըստ հոգեբանի պատճառներն այստեղ բազմազան են` սկսած զույգերի ինքնուրույն չլինելուց, վերջացրած ամուսնությանն անլուրջ վերաբերվելուց:
«Մեր նորակազմ ընտանիքները հաճախ ամուր չեն լինում, քանի որ կողմերը չեն գիտակցում ընտանիք կազմելու պատասխանատվությունը: Որպես օրինակ՝ երիտասարդ աղջիկները հաճախ տեսնելով իրենց ընկերուհիներին հարսանյաց հագուստով, պարզապես ցանկանում են իրենք էլ ամուսնանալ ու որպես թեկնածու պատրաստ են ընտրել առաջին պատահած երիտասարդին»,- ասում է հոգեբանը:
Որպես ամուսնալուծությունների հաջորդ գործոն Իրնա Ծատուրյանն առանձնացնում է սոցիալական գործոնը.
«Շատ նորաստեղծ ընտանիքներ չեն կարողանում ապրել առանց ծնողների միջամտության, իսկ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտություն: Ծնողների ներգործությունը միշտ չէ, որ համերաշխության է բերում, հաճախ բացասական է ազդում ընտանիքի վրա»,-նկատում է նա:
Ամուսնալուծության պատճառ հաճախ դառնում են նաև ստիպողաբար ամուսնությունն ու արտագնա աշխատանքը: Վերջինս պատճառ է դառնում, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնած տղամարդը դե ֆակտո կամ դե յուրե նոր ընտանիք ստեղծի, իսկ կինը շարունակում է ապրել սկեսուրի և սկեսրայրի հետ` զրկված լինելով անձնական կյանքի իրավունքից: Ըստ մասնգետի` սա հոգեբանական խնդիրներ է առաջ բերում երեխաների հետագա կյանքում:
Ծատությանը խորհուրդ է տաիս նաև բացառել հետևյալ բառերը` ամուսնացրեցին, հարսանիք արեցինք, աղջկան գտանք. «Որտե՞ղ է այստեղ տղամարդու դերը : Մի անգամ ինձ մի կին զնագահարեց և նման բառեր ասաց, ապա ասաց, որ տղան ուզում է բաժանվել: Նա ասում էր, որ ավանդական ձևերով են ամեն ինչ արել, բայց ի՞նչն է այստեղ ավանդականը, եթե տղամարդու կարծիքը հաշվի չի առնվել: Զույգերն իրենք պետք է որոշեն՝ ամուսնանան, թե ոչ»,-նկատեց բանախոսը:
Հոգեբանն ընդգծում է նաև, որ բաժանման պատճառ հաճախ դառնում է նաև այն, որ տղամարդը սիրուհի ունի, քանի որ հարիր չի համարում իր կնոջ հետ ապրել այնպիսի սեռական կյանքով, ինչպիսին ապրում է սիրուհու հետ:
Ամուսնալուծությունների գծով փաստաբան Լիանա Բալյանի կարծիքով վերջին տարիներին ամուսնալուծությունները շատացել են, որովհետև ՀՀ օրենսդրությամբ ամուսնալուծվելու ընթացակարգն այնքան հեշտացված է, որ ամուսիններն առանց որևէ դժվարության ամուսնալուծվում են: «Հայաստանում այնքան հեշտ է ամուսնալուծվելը: Ամուսիններից միայն մեկի ցանկությունն էլ է բավական դրա համար»,- ասում է նա՝ մտահոգություն հայտնելով, որ թեև դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու ուղղությամբ, բայց միայն 3 ամիս ժամանակ է տալիս նրանց, որ նրանք իրենք հաշտվեն. «Իսկ ինքը որևէ աշխատանք չի տանում հաշտեցնելու ուղղությամբ. ոչ դատավորն է հոգեբան, ոչ էլ փաստաբանը», – ասում է Լ. Բալյանը համոզմունք հայտնելով, որ եթե ամուսնալուծությունների գործում ներգրավել հոգեբանի, որը կողմերի հետ համապատասխան աշխատանք կտանի, ապա հնարավոր կլինի խուսափել շատ ամուսնալուծություններից:
Դիտումների քանակը` 5549