«Հայ ընտանիքներն այսօր կառուցվում են բավականին ճկուն հարաբերությունների հիմքի վրա»

Հայ ընտանիքի ժամանակակից մոդելի մասին է  խոսում  հոգեբանական գիտությունների թեկնածու, կլինիկական հոգեբան Քրիստինա Գալստյանը Panorama.am-ի  հետ հարցազրույցում

 

Արդյո՞ք այսօր ունենք ընտանիքի հայկական մոդել, եթե այո՝ ինչպիսին է այն, եթե ոչ՝ ի՞նչ մոդել է գործում:

 

-Նկատենք, որ մերօրյա դինամիկ կյանքը, մարդկանց կենսակերպը, կենսամակարդակի զարգացման պահանջներն ու հնարավորությունները, նորագույն տեխնոլոգիաների օր օրի նկատվող փոփոխություններն ու ինֆորմացիոն ահռելի հոսքի ազդեցությունը մարդկային ուղեղի վրա նպաստում են նոր գիտակցական մոդելների ձևավորմանը, ինչն էլ ժամանակակից մարդու մոտ նպաստում է նաև ընտանեկան նոր մոդելի ձևավորմանը: Այսինքն, այսօր գրեթե չկան սահմաններ և սահմանադրություններ և ընտանիքները մեծամասամբ կառուցվում են բավականին ճկուն հարաբերությունների  հիմքի վրա:  Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մերօրյա ընտանիքը կառուցող այրն ու կինը ինքնուրույն և համազոր են իրենց հույզերի, զգացմունքների տնօրինման, հոգևոր և նյութական պահանջների, ընտրության, ստեղծարարության, անձնային և մասնագիտական աճին նպաստող հնարավորությունների մեջ: Սակայն նկատենք, որ այս ամենը ինչքան էլ հետաքրքիր և ժամանակակից է, բայց, այդուամենայնիվ, իր բացասական հետքն ու հետևանքն ունի ընտանիքի հուզազգացմունքային ֆոնի վրա: Այսօր երիտասարդ ընտանիքների մեծամասնությունը պրակտիկորեն չի հասցնում միևնույն սեղանի շուրջ ճաշի նստել, միասին քայլել կամ մշակութային որևէ միջոցառման մասնակցել, երեխաների դաստիարակմամբ զբաղվել, համատեղ քննարկումներ ունենալ ընտանիքին առնչվող հարցերում և այլն: Եվ, բնականաբար, պատճառը ժամանակն է, որը չի բավարարում և չի հերիքում:

 

Եթե նախկինում հայ ընտանիքի մոդելը և շրջանում և քաղաքում առանձնանում էր նախ և առաջ մի քանի անդամներով համատեղ ապրելու նկարագրով, այսինքն համատեղ կարող էին ապրել հայրը, մայրը, երեխան կամ երեխաները, տատիկը, պապիկը և այլք, ապա այժմ այս մոդելը գործում է կամ շրջաններում, որտեղ ապրուստի միջոցները սահմանափակ և անհնար են կամ դեռևս պահպանողական, ստերեոտիպներով առաջնորդվող ընտանիքներում: Բայց նկատենք, որ այս ընտանիքների թիվն էլ գնալով կրճատվում է անգամ շրջաններում, քանի որ երիտասարդների մեծամասնությունը մեկնում է երկրից արտագնա աշխատանքի հետքերով: Այսօր հայ երիտասարդն անկախ իր հասարակական դիրքից, կրթությունից, հաստատվածության մակարդակից ձգտում է առանձին գործել, ինչն էլ վերաբերում է նրա կյանքը կազմող բոլոր հարթություններին: Օրինակ՝ երիտասարդ տղան կամ աղջիկը կարող է առանձնանալ և վարձով ապրել այն դեպքում, երբ ծնողները մեծ ապրուստի տեր են և չունեն նյութական խնդիրներ: Եվ եթե այս երևույթը նախկինում գրեթե բացառված էր և չէր դիտարկվում, այսօր արդեն նորմալ է և ընդունելի: Այս ամենին զուգահեռ, այսօր երիտասարդը ծնողերի հայացքներից և դիրքորոշումներից դուրս է գործում իր անձնական, ինտիմ հարաբերություններում, և սա բնավ չի նշանակում, թե չի հարգում կամ չի ընդունում նրանց տեսանկյունը: Չնայած հնարավոր են նաև այդպիսի դեպքեր:

 

-Ամուսնալուծությունները 2014-ին հասան պիկին: Ինչպե՞ս եք բացատրում այդքան շատ ամուսնալուծությունները:

-Այո, սա շատ ցավալի թեմա և իրողություն է մեր իրականություն մեջ: Ցավալի այն իմաստով, որ հասարակության համար կառուցած արժեք է լուծարվում և սա վերաբերում է ոչ մեկ անձին, այլ անձանց, ովքեր միավորված էին մինչ այդ և կիսում էին ինչ-ինչ արժեքներ: Մեր հետազոտություններն ու դիտարկումները վկայում են այն մասին, որ այսօրինակ պիկը, ինչպես Դուք եք նշում, ունի սկզբունքային հիմքեր: Բնականաբար բազմաթիվ ու բազմաբնույթ են ամուսնալուծության պատճառները, սակայն որևէ պատճառ դեռևս արդարացում չի կարող հանդիսանալ, քանի որ որևէ պատճառ չի կարող կշռվել Սիրո առկայության հետ: Այսինքն եթե կա սեր, հոգեֆիզիկական ամրություն, խորը գիտակցական ապրում, համատեղ, միասնական լինելու, կառուցած արժեքները գնահատելու, պահպանելու և զարգացնելու հարցում, որևէ դեր, դեմք, երևույթ կամ միջամտություն չի կարող ազդեցիկ լինել և նպաստել Ընտանիք կոչվող Արժեքի քայքայմանը: Այս ամենից հետևություն, որ «կայացած» զույգը շտապում է կառուցել մի բան, ինչը դեռ հասուն չէ այդ արժեքն ու անունը ունենալու համար: Այսօր զույգի համար շատ ավելի կարևոր է ճանաչողական ոչ թե երկար, այլ միասնական, առավել նպատակային ուղի անցնել:

 

-Որպես հոգեբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ընտանիքներին: 

-Ժամանակակից երիտասարդն այսօր ունի առավել լայն հնարավորություններ իր ունեցած գիտատեխնիկական բազան համալրելու, նոր կապեր և հարաբերություններ կառուցելու, լավ աշխատանք ունենալու, շրջագայելու…. բայց այսօր նա ունի նաև լայն հնարավորություններ կյանքում առաջնային և երկրորդային արժեքները առանձնացնելու, այդ արժեքները օբյեկտիվ գնահատելու և առավել զարգացնելու հարցում: Սա նշանակում է, անշուշտ, ամեն քայլող գաղափար անհրաժեշտ և նպատակային է կառուցել սիրո հիմքով և առաջնորդվել միմիայն սիրո գերակա փաստը հաշվի առնելով:

 

Նյութն  ամբողջությամբ ՝ Panorama.am

 

 

Դիտումների քանակը` 4246

Գլխավոր էջ