«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…
Նկարիչ Մարիամ Մուղդուսյանը վերջերս հիմնած «Մուղդուսյան» արվեստի կենտրոնում փորձում է համատեղ դասընթացներ իրականացնել իր սաների և առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների մասնակցությամբ:
Վերջերս «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի սաների հետ միասին նկարչության դասերին են մասնակցել «Հալեպ» հայրենասիրական բարեսիրական հասարակական կազմակերպության «Արևիկ» ծրագրի շահառուները՝ աուտիզմ ունեցող երեխաները: Ինչպես WomenNet.am-ի հետ զրույցում պատմեց Մարիամ Մուղդուսյանը, կենտրոնի մշտական աշակերտների և նրանց ծնողների արձագանքը միանշանակ չի եղել:
«Ոչ բոլոր ծնողները ողջունեցին այդ գաղափարը, մի քանիսն ասացին, թե չեն ցանկանում իրենց երեխաներին սթրեսի ենթարկել: Իմ սաներն ուղղակի սովոր չէին տեսնել իրենցից տարբերվող երեխաների, քանի որ դպրոցում նրանց չեն սովորեցնում, որ մարդիկ ֆիզիկական, մտավոր և հոգևոր տարբերություններ ունեն, իսկ իրենք անձամբ դեռ հնարավորություն չէին ունեցել տեսնելու, շփվելու: Այստեղ՝ կենտրոնում, նրանք ունեցան այդ հնարավորությունը: Երբ մարդկանց խնդիրը ճիշտ ես մատուցում, նրանք հասկանում են: Այժմ իմ աշակերտներն էլ, նրանց ծնողներն էլ համամիտ են, որ ներառական դասընթացները դրական են ազդում բոլորի վրա»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը:
Նկարիչը նշում է, թե ժամանակ է պետք, որ բոլոր երեխաների համար սովորական դառնա իրենց կողքին տեսնել իրենցից տարբերվող հասակակիցներին: «Իմ աշակերտներին օգնելու համար որոշեցինք ինտերակտիվ խաղի միջոցով երեխաներին բացատրել, թե ինչ է հաշմանդամությունը, հետո ես երեխաներին հանձնարարեցի նկարել իրենցից տարբերվող մարդկանց»…
«Մուղդուսյան» արվեստի կենտրոնը վերջերս էլ հյուրընկալել էր Նորքի 2-րդ հատուկ դպրոցի սաներին: Կենտրոնում բացվել էր բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի ողջ հասույթը տրամադրվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների համար արվեստանոց ստեղծելուն:
«Մեր կենտրոնի առաջնահերթություններից է հավասար հնարավորություններ ստեղծել բոլորի համար, ես շատ եմ կարևորում ներառական կրթությունը և կարծում եմ, որ դրանից շահում են բոլորը և ոչ միայն այն երեխաները, որոնք հատուկ կրթական կարիքներ ունեն: Երեխաները սովորում են շփվել իրար հետ, կոտրում են իրենց ներսում եղած կարծրատիպերը, նույն դասասենյակում սովորելով՝ երեխաները հասկանում են, որ բոլորն իրենց նման չեն, սակայն իրենց հավասար են,- նշում է Մարիամ Մուղդուսյանը և հավելում: – Մեր դռները միշտ բաց են հաշմանդամություն ունեցող երեխաների համար, մեկ կամ երկու հոգու կարող եմ ներառել խմբերում անվճար, ցավոք, հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաները կդժվարանան մեզ մոտ գալ աստիճանների պատճառով: Սա էլ ավելի մեծ խնդիր է, քանի որ մեր քաղաքի շենքերը հարմարեցված չեն անվասայլակից օգտվող մարդկանց համար»:
Մարիամն իր կատարած աշխատանքը բարեգործություն չի համարում, ասում է, որ ներառական կրթությունը փոխշահավետ համագործակցություն է. «Ես չեմ համարում, որ լավություն եմ արել այդ երեխաներին, քանի որ նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»:
Արման Ղարիբյան
Լուսանակարները՝ հեղինակի
Դիտումների քանակը` 4457