Ինչպես են կին իրավապաշտպանները հաղթահարում կրկնակի խոչընդոտները
Հայաստանում կանայք մեծ դերակատարում ունեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. սա պարադոքսալ է թվում, քանի որ մեր երկրում կանայք խոցելի խումբ են կազմում, նրանց իրավունքները ոտնահարվում են նույնիսկ ընտանիքում, մինչդեռ քաղաքացիական հասարակության կայացման գործում նրանց մասնակցությունն անհնար է թերագնահատել:
Հասկանալու համար, թե ինչպես է կանանց հաջողվում ակտիվ դերակատարում ունենալ իրավապաշտպանության ոլորտում եւ ինչ խոչընդոտներ ու դժվարություններ են նրանք հաղթահարում այդ ճանապարհին, զրուցեցինք քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների, ինչպես նաեւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ, ով բացատրում է, թե ինչպես է ծագել ներկայումս հասարակական նորմ համարվող տղամարդու եւ կնոջ դերերի բաժանումը:
Ազգագրագետը նշում է, որ ավանդական մշակույթում մեծ հաշվով տղամարդու եւ կնոջ դերերի լայն սահմանազատում հասարակական կյանքում չի եղել, եղել է բնութագրերի սահմանազատում:
Հրանուշ Խառատյանի խոսքով՝ կնոջը հասարակությունից մեկուսացնելը ունեցել է միանգամայն այլ նշանակություն, քան այն ունի այսօր: «Հատկապես 19-րդ դարում, երբ Թուրքիայում հայերի նկատմամբ ճնշումները սաստկացել են, դրա բերումով կնոջ՝ արտաքին աշխարհի շփման տիրույթը զգալիորեն փոքրացել է։ Շատ հավանական է, որ սա ավելի պաշտպանական նկատառումով է արվել, սակայն հետագայում վերածվել է սովորութային իրավունքի։ Այսինքն՝ կնոջը պաշտանելու նպատակից այն վերաճել է ամոթի եւ հասարակական պարտադրանքի»։
Հենց այդ պարտադրանքն է պատճառը, որ կանայք այսօր չեն կարողանում իրենց լիարժեք իրացնել քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում, մինչդեռ իրավապաշտպանության առումով Հայաստանում կանայք անհամեմատ ավելի ակտիվ են: Սա եւս ունի իր բացատրությունը:
«Քաղաքացիական դաշտում խաղի կանոներն այդքան կոշտ չեն եւ սխալվելու դեպքում հարվածներն այդքան ուժեղ չեն լինի, դրա համար էլ քաղաքացիական դաշտում լինելը կարծես ավելի հարմարավետ է կանանց համար»,- ասում է ակտիվիստ Լենա Նազարյանը:
Լենան նկատում է, որ քաղաքացիական դաշտը զբաղեցված չէր տղամարդկանցով, այն ազատ էր, եւ կանայք կարողացան հեշտությամբ գալ եւ տղամարդկանց հետ միասին արժեքներ հաստատել։ «Այս դեպքում որեւէ տղամարդկանց խումբ չէր կարող վերցնել կանանց տեղը»,-ասում է Լենան։
Այնուամենայնիվ, այստեղ եւս տղամարդկանց շատ ավելի հեշտ է, քան կանանց: Տարբերությունը բացատրում է Հայաստանում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» համահիմնադիր Լարա Ահարոնյանը: «Կին իրավապաշտպանները կրկնակի խոչընդոտի են հանդիպում. նրանք, ովքեր ամուսնացած չեն եւ ակտիվ պայքարում են քաղաքացիական դաշտում, հասարակության մի մասի կողմից պիտակավորվում են որպես «փչացած» կին, ով դուրս է եկել փողոց եւ ինչ-որ բան է պահանջում: Իսկ ամուսնացած կնոջ համար դժվարությունը ստեղծվում է ընտանիքի ներսում: Կինն է հիմնականում հոգ տանում երեխաների մասին եթե նա ցանկանում է որեւէ հանրային միջոցառման մասնակցել, նախ պետք է լուծի երեխաներին վստահելի անձնավորության մոտ թողնելու հարցը, շատ ամուսիններ պատրաստ չեն հոգ տանել երեխաների մասին»:
Լարան նշում է, որ նույնիսկ շատ ակտիվ եւ համարձակ կանայք իրենց ուղեղում «անվտանգության քարտեզ» ունեն: «Մենք միշտ մտածում ենք այնպես անենք, որ մեզ չվնասեն, այնպիսի տրանսպորտ ընտրենք, որ անվտանգ լինի, այնպիսի մարդկանց հետ քայլենք, որ ապահով զգանք»: Իրավապաշտպանը նշում է, որ հատկապես ուշ ժամերին կանանցից շատերը հեռանում են պայքարի հրապարակից: «Քչերն են, որ կմնան, եթե պետք է կգիշերեն փողոցում, եթե տղամարդկանց դեպքում վտանգն այն է, որ ոստիկանները կարող են նրանց ծեծել, ապա կանայք նաեւ սեռական բռնության ենթարկվելու վտանգի տակ են»,- ասում է Լարա Ահարոնյանը:
Մեր մյուս զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակել իր անունը սեփական ընտանիքում խնդիրներից խուսափելու համար, պատմում է, թե ինչպիսի ճնշումների է ենթարվել ամենամտերիմ հարազատների կողմից. «Ամուսնությունից հետո, երբ զավակ ունեցա, խնդիրը ավելի սրվեց, քանի որ արդեն իմ պատասխանատվությունը ու հոգսերս ավելացան, ու ինձ նախատում են՝ ասելով, թե «մայրը իրավունք չունի թողնի իր երեխային և իր «քմահաճույքով» դուրս գա աշխատանքի, որ հիմա իմ կյանքը «դադարել» է, ես հիմա պարտավոր եմ ապրել միայն իմ երեխայի կյանքով, միայն իմ ընտանիքով: Ասում են՝ «դու ի՞նչ սիրտ ունես, որ երեխայիդ թողնում ես գնում աշխատանքի, դու լավ մայր չես, քո ամուսինը քեզ շատ է ազատություն տալիս, նա թույլ մարդ է» եւ նմանատիպ շատ հոգեբանական ճնշումներ»:
Երիտասարդ կինը խոստովանում է, որ այդ ճնշումների արդյունքում ստիպված է եղել նվազեցնել իր ակտվիությունը. «Երեւի թե հոգնել եմ դիմադրել, քանի որ ժամանակի ընթացքում հարազատներիդ կարծիքին գումարվում է նաև հասարակության, շրջապատիդ կարծիքները…: Սակայն փորձում եմ միշտ ինձ հիշեցնել, որ մարդու, անձի զարգացումը միայն հնարավոր է այն ժամանակ, երբ նա սոցալապես ակտիվ է, որ անտարբեր չէ ոչ միայն իր սուղ ընտանիքի խնդիրների նկատմամբ, այլ նաեւ ակտիվ մասնակցություն է ունենում հասարակության լայն խնդիրների կանոնավորման մեջ»:
«Կանանց ամենուրեք էլ դժվար է, որովհետեւ Հայաստանում որոշում կայացնողները տղամարդիկ են, որոնք լուրջ չեն վերաբերվում կանանց»,- ասում է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահՄարինա Պողոսյանը: Նա իրավապաշտպանության ոլորտում նոր դեմք է, անցած տարի է գրանցել կազմակերպությունը, որպեսզի զբաղվի քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ: «Երբ նոր էի մտնում այս դաշտ, չէի պատկերացնում, որ ճնշումները կարող են այսքան շատ լինել, նույնիսկ ֆիզիկական հարձակումներ են եղել իմ դեմ»,- ասում է Մարինան:
Անցյալ տարվանից իրավապաշտպանը սկսել է բոքսով զբաղվել, որպեսզի կարողանա ինքնապաշտպանվել: «Վելես» հասարական կազմակերպության շահառու ընտանիքներից մեկի իրավունքները պաշտպանելիս Մարինա Պողոսյանը բռնության էր ենթարվել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցների կողմից. նրա նկատմամբ ֆիզիկական ուժ էր կիրառվել, հասցվել էր մարմնական վնասվածք:
«Իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդիկ անվտանգության երաշխիքներ չունեն այս երկրում, իսկ կանանց համար կրկնակի դժվար է, քանի որ մենք ֆիզիկապես այդքան ուժեղ չենք, որքան, օրինակ, տղամարդ ոստիկանը: Ես հասկացա, որ բացի օրենքից, նաեւ սեփական բռունցներով պիտի կարողանամ պաշտպանել իմ իրավունքները»,- համոզվել է ՀԿ-ի նախագահը:
Կին ակտիվիստները նշում են, որ ընտանիքի անդամները հատկապես լարված իրավիճակներում նրանց հաճախ են փորձել հետ պահել՝ հանուն իրենց անվտանգության:
«Օրինակ, տատիկս զանգեց եւ խնդրեց, որ ամսի 20-ի հանրահավաքին չմասնակցեմ, քանի որ այդ շրջանում երկու կուսակցությունների հարաբերությունները շատ լարված էին»,- հիշում է Լենա Նազարյանը։
Ակտիվիստ Աննա Շահնազարյանն էլ նշում է, որ ընտանիքի կողմից ճնշում չի զգացել այնքան ժամանակ, քանի դեռ իր ակտիվությունը սահմանափակվել է քաղաքացիական դաշտում: «Այն պահից, երբ ես սկսեցի մասնակցել քաղաքական պահանջներ կրող միջոցառումների կամ դարձա նման միջոցառումների կազմակերպիչ եւ հատկապես այն պահից, երբ իմ ընտանիքը տեսավ, որ ոստիկանական ճնշումների մեջ նաեւ ես եմ հայտնվում, փորձեց ինձ վրա կիրառել այդ սոցիալական ճնշում կոչվածը»:
Աննան փորձել է իր ընտանիքի անդամներին բացատրել, որ առանց այդ էլ իր նկատմամբ ճնշումները շատ են, եւ որ ընտանիքը պետք է իրեն աջակցի, այլ ոչ թե միանա ճնշողների բանակին: «Սրանով ավարտվեցին ընտանեկան ճնշումները, սակայն բարեկամների, հարեւանների եւ այլ տարատեսակ խմբերի ճնշումը չավարտվեց, որին ես իհարկե ուշադրության էլ չեմ արժանացնում, բայց անշուշտ, տհաճ է»:
Աննայի համար, սակայն, առավել տհաճ է, երբ իրեն հորդորում են հեռու մնալ քաղաքացիական-քաղաքական ակտիվությունից եւ խորհուրդ են տալիս ամուսնանալ, երեխաներ ունենալ. «Սա իհարկե ցավալի ընկալում է կնոջ դերի, որը միայն վերարտադրողական ինկուբատորի դերն է, փաստորեն»:
Աննան նկատել է, որ վերջին շրջանում ոստիկանները կին ցուցարարների հանդեպ նույնքան բիրտ են, որքան տղամարդկանց: «Կար ժամանակ, երբ, օրինակ, ցույցից բերման էին ենթարկում միայն տղաներին կամ ուժեղ ծեծում էին միայն տղաներին, իսկ աղջիկներին թեթեւ հարվածներ էին հասնում: Հիմա այլեւս այդպես չէ, հատկապես Ռուսաստանի դեմ տեղի ունեցող ակցիաների ժամանակ ոստիկանները շատ բռի են գործում իրենց ոչ իրավաչափ գործողություններում»:
Մարինա Պողոսյանը եւս փաստում է, որ կին իրավապաշտպանների նկատմամբ ճնշման «ավանդական» եղանականերից բացի (օրինակ ակտիվիստի դեմ քրեական գործ «սարքելը»), այժմ գործում է նաեւ ֆիզիկական բռնությունը: «Ես անձամբ իմ մաշկի վրա եմ զգացել, թե ինչ բան է ֆիզիակական բռնությունը, երբ 120 կգ քաշ ունեցող տղամարդը կարող է փոքրամարմին կնոջը բառիս բուն իմաստով գետնից կտրել եւ շպրտել բետոնե աստիճանների վրա»:
Ճնշումները շատ են, սակայն կին իրավապաշտպանները հանձնվելու մտադրություն չունեն. «Միշտ էլ ինչ-որ մեկի թիրախում լինում ենք, հատկապես երբ նոր-նոր սկսում ես փողոց դուրս գալ, դիմում ես կտրուկ գործողությունների, անպայման ճնշումներ լինում են: Բայց ես ինձ բույս չեմ համարում և շուրջս տեղի ունեցող իրադարձությունները չտեսնել եւ դրանց չարձագանքել պարզապես չեմ կարող»,- ասում է քաղաքացիական ակտիվիստ Հասմիկ Մարտիրոսյանը:
Լենա Նազարյանն էլ կարծում է, որ կանայք կարող են հաղթահարել խոչընդոտները, եթե ուժեղ կամք եւ պայքարելու պատրաստակամություն ունեն: «Եթե կանայք իսկապես ստանձնում են պատասխանատվություն, ինչ-որ բան անելու հանձնառություն, եթե ակտիվ են, առաջադեմ են, ապա ոչ մեկ կնոջը չի կարող հետ մղել»:
Նրա խոսքերը հաստատում է «Վելես» ՀԿ-ի նախագահը. «Որքան շատ են քեզ ճնշում, այնքան ավելի վճռական ես դառնում, այնքան ավելի ես համոզվում, որ դու պիտի անես այդ գործը եւ կարծես դրանից ավելի ուժեղ ես դառնում: Կարծում եմ, կին իրավապաշտպանների հետ գործ ունեցած անձինք արդեն հասկացել են, որ մենք հեշտ հանձնվողներից չենք»:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 4171