Հիշենք կանանց, ովքեր փրկեցին հայ որբերին ցեղասպանությունից …

 

Դանիացի Մարիա Յակոբսեն, գերմանացի Քարեն Եփփե եւ նորվեգացի Բոդիլ Կատարինե Բյորն… Հայ ազգը երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր փրկեցին Հայոց մեծ եղեռնից մազապուրծ եղած որբերի կյանքերը…. 

 

 

Մարիա Յակոբսեն.  

Հազարավոր երեխաներ նրան ճանաչում ու կանչում էին «մամա»։

Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենին  հիշում  են ոչ միայն որպես մեծանուն և անձնվեր մարդասիրական գործիչ կամ ապագա արքեպիսկոպոս Տեր Հուսիկ Սանթուրյանի («Թռչնոց բույն» որբանոցի գաղթական ու ծնողազուրկ հայ երեխաներից) դաստիարակ։ 1907-1919 թվականներին Մարիայի գրած 600 էջանոց օրագիրը, որի էջերը լի էին բազմաթիվ ահասարսուռ լուսանկարներով, հսկայական դեր կատարեց Հայոց կենաց-մահու տարիների մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու գործում։

 

1882 թ. ծնված Մարիա Յակոբսենը Օսմանյան կայսրության տարածքում 1890-ականներին իրագործված համիդյան ջարդերի մասին տեղեկանում է պատանի տարիքում, ինչից հետո բուժքույրության դասընթացներ ավարտելով՝ համալրում «Կանանց առաքելության աշխատողներ» (Kvindelige Missions Arbejdere (KMA)) կազմակերպության շարքերը և ուղևորվում Թուրքիա։ Նա առաջինն էր գթության քույրերից, ով հասավ Խարբերդ. դա համընկավ իր 24-ամյակի հետ։ Դեռ նոր էր անցել գործի, երբ տեղի բժիշկները նրան արդեն անվանում էին «փրկության հրեշտակ»։ Թեպետ նրա համար ծանր էր բարձրադիր վայրերում աշխատելն ու երկար ճանապարհ կտրելը, դա ոչինչ էր 1915-ին սկսվածի համեմատ։

 

Ցեղասպանության ալիքը հազարավոր երեխաների բերեց նրա մոտ։ Նա միանձնյա ստանձնեց հիվանդանոցում տեղավորված հազարավոր որբերի խնամքը, երբ պատերազմին Միացյալ Նահանգների ներգարվման հետևանքով ամերիկյան անձնակազմն ստիպված եղավ լքել կայսրության տարածքը: Ինչ-որ մի պահի Յակոբսենը կերակուր էր տալիս օրական 4500 երեխայի։ Չափազանց դժվար է կարդալ այդ օրերի մասին նրա հուշերը. «Ես կարծում էի՝ այլևս երբեք չեմ ժպտա»,- գրում է Մարիան՝ պատմելով տեղի պակասիպատճառով մի տղայի մերժելու մասին, որին հետո գտան սովից մեռած։ «Սիրտս կտոր-կտոր էր եղել»,- պատմում է նա՝ նկարագրելով մի դեպք, երբ ոստիկանները, որոնք նաև մասնակցում էին հայերի հետապնդումներին, իր դուռն են բերում պատառոտված ոտքերով ու մերկ մի փոքրիկ աղջնակի։

 

Մարիան կյանքի գնով հաջողացնում է իր օրագիրը դուրս բերել երկրից, երբ իր խնամքին գտնվող երեխաներից մեկից տիֆով վարակված՝ 1919-ին ստիպված է լինում վերադառնալ Դանիա։ Ապաքինվելուց կարճ ժամանակ անց նա հրավիրվում է Միացյալ Նահանգներ և յոթ ամիս շարունակ ելույթներ ունենում իր խնամքի տակ գտնվողների ծանրագույն կացության մասին՝ միջոցներ հայթայթելով նրանց համար։

 

Տեղեկանալով, որ Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը (Near East Relief) ձեռնարկել է 110,000 երեխաների Թուրքիայից տարհանելու գործը՝ Մարիան, վտանգը մի կողմ թողած, շտապ վերադառնում է Մերձավոր Արևելք և սկսում զբաղվել որբահավաքությամբ։ Թուրքիա մուտքի արտոնագիր չստանալով՝ նա ուղևորվում է Լիբանան և շուտով հիմնում հետագայում մոտ 200 հայ երեխա պատսպարած «Թռչնոց բույն» որբանոցը. Մարիայից մշտապես քաղցրավենիք խնդրող երեխաները նրան հիշեցնում են ձվից նոր դուրս եկած քաղցած թռչնակների։

 

Այցելուները պատմում են, որ «Թռչնոց բույնն» ավելի շատ դպրոց էր, քան որբանոց, անթերի մաքուր էր ու կարգապահ, երեխաները դաս էին սովորում, իսկ աղջիկները՝ նաև հմտանում ասեղնագործության նրբություններում։ Զարմանալի է, բայց հաստատությունը գործել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1950 թ. Յակոբսենը դարձավ առաջին կինը, ով մարդասիրական աշխատանքի համար պարգևատրեց Դանիայի թագավորության ոսկե մեդալով։ Մարիան վերջին անգամ հայրենիք է այցելել 1957 թ., իսկ մահացել է 1960 թ., «Թռչնոց բույն» որբանոցում։ Իր ցանկությամբ՝ աճյունն ամփոփվել է որբանոցի բակում։

 

Քարեն Եփփե.

Նա  լեգենդ դարձավ հայկական սփյուռքում…

 
Քարեն Եփփեն ծնվել է XIX դարի վերջին: Մանկությունն անցել է դանիական Գյուլլինգ գյուղում: Քչերը կմտածեին, որ մի օր այս գեղեցկադեմ ու ոսկեծամ աղջնակը մի ամբողջ ազգի փրկության գործում իր հատուկ դերը կունենա։

 

Նա լեգենդ է հայկական սփյուռքում և, առհասարակ, հայության շրջանում: Եփփեն ուղղակի և անուղղակի կերպով պատասխանատու է հազարավոր հայերի փրկության համար, ովքեր այլապես զոհ կգնային Հայոց ցեղասպանությանը։ Մարդասիրական առաքելությունների պատմության մեջ քչերն ունեն այս կնոջ նվիրումն ու անգերազանցելի վաստակը։

Եփփեն 13 տարեկան էր, երբ հայրը նրան ուղարկեց հայրենի Գերմանիա` հորական ընտանիքում մայրենի լեզվին՝ գերմաներենին տիրապետելու համար: Քարենը մեկ տարում սովորում է մայրենին, իսկ հետագայում իր լեզվական ընդունակության արդյունքում տիրապետում է վեց լեզվի։

 

Գերմանիայից վերադառնալուց հետո նրան ուղարկում են Կոպենհագենի գիշերօթիկ դպրոցներից մեկը։ Մի երեկո դպրոցի տնօրենը բարձրաձայն ընթերցում է Գերմանական Արևելյան Առաքելության միսիոներ Աագե Մեյեր Բենեդիկտսենի հոդվածը թերթերից մեկում, որը ականատեսի աչքերով պատմում էր հայերի դեմ 1896թ. համիդյան ջարդերի մասին։

 

Հայերեն, արաբերեն ու թուրքերեն սովորելու համար նրանից ընդամենը մեկ տարի պահանջվեց. նա ուներ հատուկ մեթոդ՝ հիմնված ձայնի ու պատկերի համադրման վրա։ Իր խնամքի տակ գտնվող երեխաներին էլ նա կրթեց այդ մեթոդով՝ երկու երրորդով կրճատելով երկրորդ լեզու սովորելու տևողությունը։ Նրա կազմակերպչական եւ մանկավարժական ունակությունները զարգանում էին օրեցօր։

 

1908թ. Քարենը վերադառնում է հայրենիք՝ դասախոսություններ կարդալու, սակայն նույն ժամանակ Կիլիկիայում (այժմյան Թուրքիայի Չուքուրովայի շրջանը) իրականացվում են նոր ջարդեր, որոնց զոհ է գնում շուրջ 20-30 հազար հայ։ Քարեն Եփփեն վերադառնում է։ Օսմանյան կայսրությունը լարված սպասումի մեջ էր։

 

Եվ կրկին՝ կոտորած։ Նա ջուր և սնունդ է մատակարարում բռնագաղթող հայերի քարավաններին, որոնք դեպի սիրիական անապատի իրենց գերեզմանները ձգվող ճանապարհին՝ անցնում էին Ուրֆայով։ Ու չնայած ահագնացող սպանդին՝ նա շարունակեց աշխատել և օգնեց փախչել հազարավոր մարդկանց՝ նրանց քրդի ու արաբի շորեր փոխանցելով։ 1917թ.-ին իր տան նկուղում նա երկու տարի շարունակ պատսպարել է բազմաթիվ փախստական հայերի։ Հիվանդ և նյարդային խզման եզրին՝ Քարեն Եփփեն վերադառնում է Դանիա։

 

1921թ. Քարենը վերադառնում է Հալեպ՝ աջակցելու Ազգերի Լիգայի ջանքերին՝ Ցեղասպանության ընթացքում ստրկության ու սեռական շահագործման տարված հայ կանանց ու աղջիկներին որոնելու գործում։ 1922-23 թվականներին նա Հալեպում հիմնում է որոնումների և փրկության կայաններ։ Եվրոպայում հավաքված միջոցներով նա կարողանում է արաբ տերերից հետ գնել բազմաթիվ կանանց ու երեխաների։ Ցավոք, որոշ արաբներ հրաժարվում են վաճառել երեխաներին և նրանց մայրերը որոշում են մնալ իրենց գերեվարողների հետ։

 

Ընդհանուր առմամբ՝ Քարեն Եփփեի անձնազոհ ջանքերով գերությունից ու ստրկությունից փրկվում է 2000 հազար հայ կին։ Բեդվին մի արաբի հետ ունեցած շփումը, սակայն, մեծագույն բարիք բերեց։ Ոմն Հաջիմ փաշա Եփրատի շրջանի արևելքում հողատարածք ուներ։ Քարեն Եփփեն հավաքեց իր փոքրիկ վրանն ու գնաց նրա հետ հանդիպելու։ Հատկանշական է, որ դանիացի նպատակասլաց կինն ու բեդվին արաբը, պատրաստ շրջանցելու բոլոր նախապաշարմունքները, փոխադարձ հարգանքի ու ջերմության մթնոլորտում համաձայնություն կնքեցին։ Քարեն Եփփեն հանդիպումից վերադարձավ իբրև վարձակալ՝ ունենալով 30 ընտանիք կերակրելու համար բավարար գյուղատնտեսական հող։

 

Սա խաղաղության ու երջանկության մի շրջան էր։ Գլխավերևով հաճախ անցնող ֆրանսիական օդուժի օդաչուները միշտ ձեռքով ողջույն էին հղում մարդկանց։

 

Եվ ապա՝ 1935 թվականին, նա դուրս է գալիս իր տնից։ Քարենը երկար ժամանակ տառապում էր այն ժամանակներում անբուժելի հիվանդությամբ՝ մալարիայով, բայց վերջին նոպան առանձնակի ուժգնություն ուներ։ Նրան տեղափոխում են Հալեպի հիվանդանոց, որտեղ էլ կարճ ժամանակ անց նա մահանում է։

Քարեն Եփփեն ապրեց ընդամենը 59-ը տարի։ Նրա կյանքը կարճ էր, ձեռքբերումն՝ ահռելի։ Նա անգնահատելի ժառանգություն թողեց իր սիրած մարդկանց՝ հող, ապրուստ և ապագա։ Նրա հիմնած գյուղերից վեցը դեռևս գոյություն ունեն։

 

Բոդիլ Կատարինե Բյորն.

Նա միշտ կունենա իր ուրույն տեղը հայերի սրտում…

  

Նորվեգուհի Բոդիլ Կատարինե Բյորնը ծնվել էր բարձրաշխարհիկ կյանքի համար։ Լինելով մեծահարուստ նավատիրոջ դուստր՝ նա իր շրջապատի այն սակավաթիվ կանանցից էր, որ բազմակողմանի կրթություն ստանալու հնարավորություն ուներ։

 

Իր տարիքի և խավի կանանց մեծամասնության դեպքում կարգը պահանջում էր ամուսնանալ և ընտանիքի մայր դառնալ։ Ինչ-որ ժամանակ Բոդիլը ևս նման սպասումներ ուներ։ Իսկ հետո՝ 1903 թվականին, նա սկսեց հաճախել գերմանական և սկանդինավյան միսիոներների բանախոսություններին, որոնք պատմում էին Թուրքիայում հայերի ծանր դրության մասին։ Սա փոխեց նրա կյանքը և մեկ այլ՝ դրամատիկ ընթացք հաղորդեց դրան։

 

Երկու տարվա ընթացքում «Կին միսիոներների կազմակերպությունը» (Women’s Missionary Organization (WMO)) նրան գործուղում է Օսմանյան կայսրություն՝ գթության քույր աշխատելու։ Կազմակերպության դրամական միջոցներով նա բացում է որբանոց, դպրոց և բուժկետ։ Աշխատանքի է ընդունում տեղացիների և սկսում սովորել հայերեն, թուրքերեն, արաբերեն, գերմաներեն և անգլերեն։

 

Սակայն եթե 1890-ականների ջարդերը Բոդիլին ցնցել էին մինչև հոգու խորքը, ապա այն, ինչ կատարվեց հետո, անհամեմատ ավելի դաժան էր։ Բոդիլն այլ խիզախ անհատներից առանձնանում է իր վկայությունների զգալի ծավալով, որոնք բացահայտում են, թե ինչ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ընթացքում, երբ միջազգային հանրությունն անտարբեր թողտվություն էր որդեգրել։

 

Հակառակ բոլոր վտանգների՝ նա կենդանի է մնում, բայց նրա մանուկ սաները նահատակվում են։ Հրկիզում են նրա որբանոցը և իր աչքի առջև ողջակիզում երեխաներին։ Բոդիլը հետագայում գրել է. «Որբերիս կորցնելն ինձ համար մեծ տառապանք էր, բայց անգամ խոր հուսալքությունը չէր կարող ինձ ստիպել թողնել հեռանալ հայրենիք։ Ես հինգ ամիս մնացի Խարբերդում՝ սպասելով Մուշ վերադառնալու հարմար առիթի, որ գուցե կարողանամ ողջ գտնել որբերիցս ոմանց՝ սրտիս ցավը դարմանելու համար»։

 

Բոդիլն ունեցավ այդ հնարավորությունը. Մուշ հասնելով՝ նա կարողացավ ապաստան տալ ու խնամել ողջ մնացածներին։  1926-1935թթ.-ին տեղափոխվելով Սիրիա՝ նա խնամում է որբանոցներում  ապաստանած հայ երեխաներին։

 

Նրա օրագրի ձեռագիր վկայությունները բաղկացած են ոչ միայն իր տեսածի նկարագրություններից, այլ ականատեսների պատմություններից, ցեղասպանության զոհերի և մեծ ջարդերը վերապրած երեխաների լուսանկարներից և նրանց հետագա ճակատագրի նկարագրությունից։

 

Օրագիրը, որ համարվում էր կորած, պատահաբար գտավ թոռը՝ Յուսսի Բյորնը Բոդիլի պահարանում և հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ 2004թ. Յուսսի Բյորնն սկսեց նկարահանել «Ինձ մայր են կոչում» վավերագրական կինոնկարը, որը ներկայացվեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։

 

Բոդիլ Բյորնը մահացել է 90 տարեկանում՝ 1960 թվականին, թաղված է Օսլոյում: Ճակատագրի հեգնանքով՝ Հայաստանում և հայկական սփյուռքում մեծ համբավ ունեցող Բոդիլը, գրեթե անհայտ է իր հայրենիք Նորվեգիայում։ Քչերն են ծանոթ նրա՝ Հայոց ցեղասպանության տարիներին մարդկային կյանքերի փրկության պատմություններին, և նրա փաստագրական գրառումների կարևորությանը։

 

Հայության համար, սակայն, նա միշտ կունենա իր ուրույն տեղը։ 2008թ. հուլիսի 22-ին նրա գերեզմանից բերված հողն ամփոփվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հուշապատի մեջ։

 

Աղբյուրը՝  100lives.com

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Փրկության քարտեզ» ֆիլմը՝ երախտագիտության տուրք եվրոպացի միսիոներ հինգ կանանց

Aurora Prize-ի առաջին դափնեկիրը Մարգարիտ Բարանկիցեն է

The New York Times-ի լրագրողը կստանա ICFJ/Aurora համատեղ մրցանակը

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները

Aurora Dialogues. «Կոչ եմ անում՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով »

Aurora Dialogues . «Ինչո՞ւ է անտեսվում կնոջ տաղանդը»

Ես նրանց ձայնն եմ. իսլամիստական խմբավորման ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է

Ավրորա Մարդիգանյան՝ կին, ով ոգեշնչեց ստեղծել մրցանակը

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով

«Տատիկս անապատում ստիպված է եղել թողնել իր ուժասպառ եղած մորը…». Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ

«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը

«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու

100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները

Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք

Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում

Դառնալով մեկ ուրիշը …

Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

«1915 թվականի կնոջ դեմքը»

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

Լեսկոն նրա անունը չէր…

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

 

Դիտումների քանակը` 5777

Գլխավոր էջ