Յոթ ամիս անց մայրը հանդիպեց երեխային
Սյուզաննա Գրիգորյանը, ում պատմությունը արդեն ներկայացրել ենք Հաշմանդամության համար մորն ուզում են զրկել երեխայից հրապարակման մեջ, երեկ տեղի ունեցած դատական նիստից առաջ հնարավորություն է ստացել կարճ ժամանակով տեսնելու իր 4 տարեկան դստերը: Վանաձորի դատարանի շենքի դիմաց մոր եւ երեխայի հանդիպման տեսարանը ավելի քան հուզիչ էր: Երեխան, որ ամիսներ շարունակ չէր տեսել մորը, նրան սառը ընդունեց, նույնիսկ չէր ցանկանում, որ մայրը գրկի իրեն: Իսկ Սյուզաննան լաց էր լինում ու ասում. «Բալես, ես քեզ չեմ բրախել…Ես քեզ տանելու եմ»:
4-ամյա Մերին մոր հետ կես ժամ շփվելուց հետո սկսեց ժպտալ, արձագանքել մոր գգվանքներին, հրաժեշտի պահին էլ թույլ տվեց, որ Սյուզաննան գրկի եւ համբուրի իրեն: Երեխան զրկված է մայրական խնամքից, քանի որ Արկադին ու նրա ընտանիքը չեն ուզում հիվանդ կին պահել…
Սյուզաննայի ամուսինը նրան հետ է ուղարկել հայրական տուն, երբ պարզել է, որ կինը հաշմանդամություն ունի. «Ինձ հիվանդ կին պետք չի»,- ասում է Արկադի Գեւորգյանը: Սյուզին, սակայն, պնդում է, որ ամուսնու ընտանիքը տեղյակ է եղել իր առողջական խնդիրներին նախքան ամուսնությունը: Սյուզիի պատմելով՝ 2.5 ամսական հղի լինելով՝ ինքը վերադարձել է հայրական տուն, երեխան առողջ է ծնվել, ու հայրը երբ իմացել է, որ առողջ երեխա է ծնվել, ու արդեն 1 տարեկանը լրացել է, հանդիպել է Սյուզիին, փորձել է միանալ, երեխային հայրություն անել: «Էրեխու հետ հետ եկանք իրանց տուն՝ Վանաձոր, բայց էլի կարճ տեւեց ամուսնական կյանքը: Էդ ընթացքում իմ ու էրեխու փաստաթղթերը հափշտակեց, տարավ ձեւակերպեց որպես հայր, իրա ազգանունը դրեց էրեխուն: Ինչքան ժամանակ իրենց տանն եմ ապրել, Արկադին ինձ ծեծում էր, մի անգամ էնքան ուժեղ էր խփել, ընկա ու աչքս վնասվեց: Մայրն էլ ծեծի ժամանակ մեջտեղ ընկավ, իրան էլ խփեց: Ինձ սենյակում առանձին էին պահում, չէին թողնում դուրս գայի, որ էրեխուն կրծքով կերակրեի: Սկեսուրս ասում էր՝ կաթի միջոցով հիվանդությունդ կանցնի էրեխուն: Ես էդ ի՞նչ հիվանդություն ունեմ, որ պիտի անցներ էրեխուն: Էլ չդիմացա իրանց բռնությանն ու խաբելով տանից դուրս եմ եկել ու գնացել Բերդ…
Արկադին, սակայն, մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ ինքը ձեռք չի բարձրացրել կնոջ վրա: Իսկ Սյուզաննան ոստիկանություն երբեք չի դիմել. «Չեմ կարողացել գնալ ոստիկանություն…»: Ինչ վերաբերում է երեխային տեսակցելուն, ապա Արկադի Գեւորգյանը եւ նրա մայրը վստահեցնում են, որ իրենք չեն խոչընդոտի Սյուզաննային հանդիպել երեխային. «Ես իրան ասել եմ, որ քո երեխան ա, ինչքան ուզում ես արի տես»,- ասում է Արկադիի մայրը՝ Սուսաննան:
Երեկ՝ Մայրության եւ գեղեցկության տոնին, Սյուզաննան եկել էր դատարան՝ երեխայի խնամակալության իրավունք ստանալու պահանջով: Դատական նիստը, սակայն, հետաձգվեց մինչեւ ապրիլի 28-ը: Մինչ այդ Վանաձորի քաղաքապետարանի Խնամակալության եւ հոգեբարձության մարմինը պետք է նիստ նշանակի եւ որոշի, թե ծնողներից ում մոտ ապրելը առավել նպատակահարմար կլինի երեխայի համար:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 3133