Պատգամավորները տոնի առիթով հիշեցրեցին կանանց խնդիրները
Ազգային Ժողովի պատգամավորները անմասն չմնացին Մայրության և գեղեցկության տոնը հիշատակելուց: Մինչ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը պարգեւատրում էր կրթության ոլորտի կանանց , իսկ Նաիրա Կարապետյանը, ով շուտով պատրաստվում է մայրանալ, շոնրհավորական ուղերձն էր հղում ԱԺ ամբիոնից, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները բարձրաձայնեցին բոլոր այն խնդիրները, որոնց բախվում են հայ կանայք: Նպատակը, ըստ երեւույթին, հիշեցնելն էր, որ տոնը ոչ բոլոր կանանց է ուրախացնում:
Այդպես, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ ԱԺ հայտարարությունների ժամին տեղեկացնելով, որ իրենց կողմից անցկացվող մարզային հանդիպումների մասին նշեց, որ Հայաստանում ակնհայտ հուսալքությունը զուգորդվում է ծանր սոցիալական պայմաններով և ցավալին այն է, որ այդ դժվարությունների մեծ մասը իրենց ուսերին են կրում կանայք, ովքեր բացի երեխաներին մեծացնելու ու դաստիարակելու գործից ՝ ստիպված են մտածել նաև ընտանիքի գոյատևամն մասին.
«Հատկապես մարզերում աշխատատեղերի բացակայության արդյունքում բազմաթիվ կանայք գյուղատնտեսական աշխատանքների բեռի տակ կքած ծանր լուծ են քաշում ընտանիքին կերակրելու համար, քանի որ արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց բացակայությունը լրացնում է կինը՝ մոռացության մատնելով նույնիսկ իր առողջությունը»,- ընթերցեց տիկին Բիշարյանը:
Նա հիշեցրեց, որ անցած տարի ընդունված կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների վերաբերյալ օրինագծով, կանանց պետք է որ լրացուցիչ հնարավորություններ ընձեռնվեին պետական և տեղական կառավարման գործընթացներում ներգրավվման առումով: Սակայն կանանց ներկայացվածության ցուցանիշը կառավարման բոլոր մակարդակներում, այդ թվում մարզային եւ համայնքային, դեռևս շատ ցածր է, ինչը խոչընդոտում է նրանց լիարժեքմասնակցությունը իրենց իսկ կյանքին վերաբերող որոշումների ընդունմանը:
Անցնելով սոցիալական խնդիրներին ՕԵԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Ցավալիորեն անտեսված են նաև բազմազավակ ընտանիքները, որոնց սոցիալական խնդիրները կարծես թե այլևս Կառավարության հոգսը չէ. Նրանք հայտնվել են ուշադրությունից դուրս և դրա ապացույցն այն է, որ բազմազավակ մայրը, ով նաև ազգին զինվոր է տվել, անելանելի դրությունից հացադուլ է անում, իսկ բազմաթիվ նման ընտանիքներ մնացել են ընդամենը 50-60 հազար դրամ նպաստների հույսին: Անելանելի է նաև հաշմանդամություն ունեցող կանանց կամ իրենց խնամքի տակ երեխաներ ունեցող հաշմանդամություն ունեցող կանանց վիճակը, էլ չեմ խոսում թոշակառուների մասին, ովքեր ի վիճակի չեն նույնիսկ իրենց թոռնիկներին քաղցրավենիք գնել… իսկ ապահով ծերության մասին խոսելն անգամ ավելորդ է»,- ընդգծեց տիկին Բիշարյանը:
Որո՞նք են այն ծրագրերը, որոնցով խրախուսվում են կանայք, ովքեր աջակցության կարիք ունեն: Որո՞նք են երիտասարդ կնոջն իր հողին ամրացնող որոշումները: Ո՞րն է ապագային միտված այն տեսլականը, որի հետ պետք է հույս կապի հայ կինը: Հարցադրումները, ըստ պատգամավորի, շատ են, խնդիրները՝ նույնպես.
«Մենք մեր օրենսդրական նախագծերով առաջարկում ենք դրամական օգնություն տրամադրել նորաստեղծ ընտանիքներին, բազմակողմանիորեն աջակցել և խրախուսել բազմազավակ ընտանիքներին, ընդունել մի շարք նախագծեր, որոնք կլուծեն թե կանանց առողջության պահպանման և թե նրանց հետ ուղիղ և անուղղակի կապ ունեցող սոցիալական բազում հարցեր: Ցավոք, այդ նախագծերը մերժված են Կառավարության կողմից, սակայն հարկ եմ համարում նշել, որ մենք հետևողական ենք լինելու դրանք առաջ մղելու հարցում, քանի որ համարում ենք, որ կանանց առնչվող հիմնահարցերը մեծ հաշվով ուղիղ կապ ունեն մեր երկրի ազգային անվտանգության հետ»,- հավելեց իր ելույթը Հեղինե Բիշարյանը:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ բարձրաձայնեց աղքատության հիմնախնդիրը, որից նախևառաջ տուժում են երեխաները: Նրա խոսքով, Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների շուրջ 37 տոկոսը սակավարյունություն ունի, 19 տոկոսը թերհաս է, իսկ խիստ աղքատ ընտանիքներում այդ տոկոսը շատ ավելի բարձր է: Հինգ երեխաներից մեկը Հայաստանում թերսնվում է և թերհաս է և սա ազդում է ոչ միայն ֆիզիկական հասունության, այլև հոգեկան հասունության վրա.
«ՀՀ լեռնային, նախալեռնային և հատկապես այն մարզերում, որտեղ աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է այս հարաբերակցությունը հասնում է յուրաքանչյուր չորրորդ երեխային: Եվ պատճառն այն է, որ երեխաները չեն ստանում իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության համար բավարար չափով առողջ սնունդ»,- նշեց պատգամավորը:
Ընդգծելով, որ կյանքի առաջին 2.5 տարիներին երեխան պետք է ստանա սպիտակուցներով հարուստ սնունդ, Մ.Շահգելդյանն արձանագրեց, որ այդ տեսանկյունից մեր երկրում բավականին բարդ իրավիճակ է ձևավորվել, ինչը պայմանավորված է նաև աղքատության այն բարձր մակարդակով, որ այսօր կա:
«Ըստ հաշվարկների՝ մինչև 5 տարեկան երեխաների ուղիղ կեսը թերսնվում է, որոնք գտնվում են աղքատության շեմից ցածր: ՀՀ-ում այս հիմնախնդիրը այնքան է բարդացել, որ այն օպերատիվ լուծման կարիք ունի, քանի որ խնդիրն առնչվում է ոչ միայն այսօրվա, այլև ապագայի հետ»,- շեշտեց ՕԵԿ-ական պատգամավորը:
Ժամանակի սղության պատճառով կիսատ մնաց Մ. Շահգելդյանի առաջարկը, որի հիմքում նա բարձրաձայնել էր գլխավոր հարցադրումը՝ վաղը այս երեխաները, որ պետք է դառնան զինվորական, գիտնական ու երկրի քաղաքականությունը ձևավորողներ, ինչպե՞ս են կարողանալու դա անել:
Դիտումների քանակը` 2852